Աշոտյան. ՄԽ համանախագահները չայցելեցին ԼՂ, Սահակյանի հետ Փաշինյանի զրույցի մասին էլ տեղեկություն չկա

Աշոտյան. ՄԽ համանախագահները չայցելեցին ԼՂ, Սահակյանի  հետ Փաշինյանի զրույցի մասին էլ տեղեկություն չկա

PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական տարածաշրջանային այցին, նշել է, որ «այս անգամ կոչել այն տարածաշրջանային կարելի է միայն պայմանականորեն, որովհետև համանախագահները չայցելեցին Ստեփանակերտ»:

«Որքան հաճախ է խոսում Նիկոլ Փաշինյանն վերջնական կարգավորման գործընթացում Արցախի սուբյեկտայնության մասին, այդքան ավելի դառն է նստվածքը, որ ապաշնորհ և հանցավորության աստիճանի սիրողական փաշինյանական դիվանագիտությունը Արցախը վեր է ածում բանակցույթունների օբյեկտի:

Իհարկե, մեկ այցով, կամ ավելի ստույգ՝ չայցով, պայմանավորված երկարաժակետ հետևությունների գայթակղությանը չեմ տրվի:Սակայն դրան գումարելով նաև Արցախյան շարժման կապակցությամբ թողարկված խայտառակ ուղերձը և այն փաստը, որ համանախագահների այցից հետո չհրապարակվեց նաև ԼՂՀ նախագահի հետ Նիկոլ Փաշինյանի զրույցի մասին որևէ տեղեկություն, խորը մտորելու տեղիք են տալիս:

Երբեք մի արթնացրու հույսեր, որոնք բավարարել չես կարող, մի տուր խոստումներ, որոնք կատարել չես կարող: Առավել ևս, արտաքին քաղաքականության մեջ: Հատկապես, հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ»,-ասվում է :

Նշվում է, որ ակնհայտ է, որ ներհայաստանյան քաղաքական պառակտումները, Արցախի ներքին քաղաքական խմորումները միայն ծանրացնում են ստեղծված իրավիճակը և թուլացնում երկու հայկական պետությունների դիմադրողականությունը:

«Չարագուշակություններ անել չեմ ոզում, բայց պետք է պատրաստ լինել, որ նման տեմպերով գալիք գարնան բույրը կարող է շաղախված լինել նաև վառոդով»,-ասվում է Աշոտյանի գրառման մեջ:

Փետրվարի 20-ին Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը ներկայացրել էր հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները:Համանախագահները Երևանում հանդիպել էին նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Փետրվարի 21-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---