211652_close_icon
views-count7029 դիտում article-date 16:02 27-07-2018

Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննության հարցով դատական նիստն ընդմիջվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննության հարցով դատական նիստն ընդմիջվել է: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/942007.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին լրագրողներն ասաց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: «Դատական նիստն ընդմիջվել է պաշտպանության իրավունքն ապահովելու և առաջադրված մեղադրանքներին ծանոթանալուն բավարար ժամանակ տրամադրելու նպատակով»,- հայտնել է փաստաբանը: Նա նշել է, որ մինչ այս պահն իր պաշտպանյալին պարզաբանում չի ներկայացվել մեղադրանքի բնույթի ու հիմքի մասին: Միհրան Պողոսյանը տեղեկացրել է, որ այսօր արդեն երկու դատական նիստ է տեղի ունեցել: Առաջին նիստը գումարվել է 11:30-ին, այդ նիստի մասին իր պաշտպանյալ Խաչատուրովը տեղեկացված չի եղել: «Իմ կողմից ծանուցվելուց հետո միայն՝ 15:00-ին Խաչատուրովը ներկայացել է դատարան»,- հայտնել է փաստաբանը: Նա տեղեկացրել է նաև, որ ընդմիջված դատական նիստը կշարունակվի այսօր՝ հուլիսի 27-ին 18:00-ից հետո: ՀՔԾ-ն քննիչի կողմից հուլիսի 27-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարան ժամանած Խաչատուրովը հայտնել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Այս պահին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը: Քոչարյանին ու Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Երևանում 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=U5aejb7puDE]Tert.am[/url]-ի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր