Ինչ է քննարկվել «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Իմ քայլը» դաշինքի ակտիվի եւ ֆրակցիայի 4 ժամանոց նիստի ընթացքում առանձնապես դարակազմիկ հարցեր չեն քննարկվել:

Նիստին մասնակցել են նախարար Արայիկ Հարությունյանը, Արարատի եւ Կոտայքի մարզպետները։ «Կիքս թույլ տված պաշտոնյաներն էին եկել, պարգեւավճարների մասով խոսվեց։ Սպասում էինք, բայց անդրադարձ չեղավ Արայիկի` քահանայի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքին»,- ասաց «Իմ քայլ»-ականը:

Հանդիպումը վարել է Նիկոլ Փաշինյանը, սակայն հարցերը շատ են եղել, եւ հերթը չի հասել կառավարության կառուցվածքին։ Պատգամավոր-ադրբեջանագետը լիկբեզ է անցկացրել հավաքվածների համար, թե ինչ են գրում Ադրբեջանում:

Քննարկվել է կառավարության ծրագիրը՝ հիմնականում «տեխնիկական» բաղադրիչների մասով, ՊՈԱԿ-ների արտաբյուջետային խնդիրներն են արծարծվել․ հարցն առաջ է քաշել Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Պարգեւավճարների մասով քննադատության սլաքն ուղղվել է ՊԵԿ-ին, Փաշինյանն ասել է` այո, պրոբլեմը կա, պետք է կարողանանք այնպիսի համակարգ սարքել, որ այլեւս նման բան չլինի, սակայն անվանական չի անդրադարձել։

«Բերին-տարան մարզպետներին` ի ցույց բոլորիս։ Հանդիպման գլխավոր հարցը դավոսյան հանդիպումն էր՝ Փաշինյանը բավականին մանրակրկիտ անդրադարձավ ղարաբաղյան խնդրին, ներկայացրեց որոշ մանրամասներ Ալիեւի հետ հանդիպումից, ասաց, որ խոսակցությունները, թե հայ-հարայ, մեզ ճնշում են, հեսա փաստաթուղթ ա ստորագրվելու, նման բան չկա, հանգիստ եղեք։

Ինքն Ալիեւին ասել է, որ չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն, պետք է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ նստի, Ալիեւն ասել է՝ որ այդպես է, մեր կողմից էլ բանակցային սեղանին կնստի ադրբեջանական համայնքը։ Նիկոլն առարկել է, որ այդ համայնքն Ալիեւին է ընտրում ընտրություններին, իսկ իրեն Ղարաբաղը չի ընտրում։ Որ էդպես գնա, թալիշները, լեզգիներն էլ պիտի նստեն բանակցային սեղանի շուրջ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս