Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացնում վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումից
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ դա ոչ թե նիստ էր, այլ հանդիպում վարչապետի և Կառավարության առանձին անդամների հետ:
Նրա խոսքով, զարմանալի որևէ բան չկա՝ կապված այս հանդիպումների հետ, բավականին հաճախ են նման հանդիպումներ լինելու, քանի որ կարիք կա, որ օրենսդիրն ու գործադիրն իրենց անելիքները սինխրոնիզացնեն։
Լիլիթ Մակունցը հայտնեց, որ այսօրվա հանդիպման ընթացում տարբեր հարցեր են քննարկվել, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Դավոս և Գերմանիա կատարած այցելություններից, պարգևավճարներից և այլն:
«Քանի որ հանդիպումներն աշխատանքային են, կարծում եմ՝ ըմբռնումով եք մոտենում, որ ես շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, թե պատգամավորից յուրաքանչյուրն ինչ դիրքորոշում է հայտնել այս կամ այն հարցի հետ կապված: Բայց շատ կարևորում եմ այս հարթակն ու այս գործելաոճը, քանի որ այստեղ մանրամասն քննարկվում են բոլոր խնդիրներն ու հետագա անելիքները»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը:
Ինչ վերաբերում է աղմկահարույց պարգևավճարներին, խմբակցության ղեկավարն ասաց, որ այս պահին այդ հարցով դեռ լուծում չկա: Ըստ նրա՝ միայն մեկ գերատեսչության պարզաբանումներով չեն կարող լուծում կամ առաջարկ ներկայացնել:
«Եվս մեկ գերատեսչության հետ երբ քննարկենք պարգևավճարների հարցը, կհասկանանք, թե ինչպիսի օրենսդրական նախաձեռնության կարիք կա, կամ դրա կարիքը կա, թե ոչ: Հնարավոր է առաջարկությամբ հանդես գանք, բայց այս պահին դեռ որոշում, լուծում չկա»,-նշեց Լիլիթ Մակունցը:
Լրագրողները հարցրեցին, թե օրենքի խախտում չէ, երբ կառավարության անդամները գալիս են խորհրդարան ու մասնակցում «Իմ քայլ»-ի քննարկմանը, խմբակցության քարտուղարը նշեց, թե որևէ խախտում չկա:
«Օրենքով արգելված չէ: Կառավարության առանձին անդամներ կարող են գալ Ազգային ժողով, պատգամավորներն էլ կարող են կառավարության առանձին անդամներին հրավիրել, որ մասնակցեն հանդիպումներին», - ասաց նա:
Դիտարկմանը, թե ճիշտ չէ՞ր, որ Նիկոլ Փաշինյանը Դավոս իր այցի մանրամասները ԱԺ բոլոր խմբակցություններին ներկայացներ, Լիլիթ Մակունցը պատասխանեց․ «Մենք խոսում ենք աշխատանքային հանդիպման մասին, որևէ տեղեկատվություն չկար, որ արդեն չի հրապարակվել, բայց եղել են դետալներ, մանրամասներ, որոնք մեզ ներկայացվել է: Եթե լինի անհրաժեշտություն, վստահ եմ՝ մյուս խմբակցություններին ևս վարչապետը կներկայացնի, եթե նրանք ցանկանան»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողներին խնդրում է պատգամավորներին վատ վիճակի մեջ չդնել
- Փետրվարի 4-ին կառավարության ծրագրի աշխատանքային տարբերակը կուղարկվի ԱԺ հանձնաժողովներին