Thursday, 25 04 2024
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի

Կարևոր ակտիվացում դեպի Իսրայել. Հայաստանը պետք է խուսափի Իրանի հետ հակադրությունից

Նոյեմբերի 6-ին մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Իսրայել: Ավետյաց երկրում մեր երկրի արտգործնախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել: Մասնավորապես, հանդիպել է իսրայելական խորհրդարանի՝ Կնեսեթի փոխնախագահի և նախագահի, Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարի հետ, որն ամիսներ առաջ պաշտոնական այցով Երևանում էր, ինչպես նաև Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Զեև Էլիկինի հետ: Նոյեմբերի 7-ին Երուսաղեմում տեղակայված գրասենյակում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուի հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ի ղեկավարն այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան, ինչպես նաև Յադ Վաշեմ հուշամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հոլոքոստի զոհերի հիշատակին:

Հետաքրքիր փաստեր

Ըստ էության, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցը Իսրայել վերջին 5-6 ամիսներին նկատելիորեն աշխուժացած հայ-իսրայելական հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է և շատ կարևոր մի հանգրվան: Անշուշտ, չգերագնահատելով դրա նշանակությունը՝ արժե հիշատակել որոշ փաստեր Հայաստան-Իսրայել միջպետական հարաբերությունների պատմությունից, ինչից էլ ավելի ցայտուն կդառնա նման այցելությունների կարևորությունը: ՀՀ ԱԳՆ-ի կայքի՝ 2015 թ. փետրվարին թարմացված տեղեկատվական բազայից տեղեկանում ենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ., և այս տարի նշվում է հոբելյանական 25-ամյակը: Բայց ուշագրավ է, որ մինչ այս բարձր մակարդակով վերջին այցը Իսրայել եղել է հեռավոր 2000 թ. հունվարին, երբ աշխատանքային այցով այդ երկիր է մեկնել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը: Իսկ արտգործնախարարի մակարդակով աշխատանքային նախորդ այցը 1998-ին կատարել է Վ. Օսկանյանը:

Իրանի գործոնը հայ-իսրայելական հարաբերություններում

Նալբանդյանի և Նեթանյահուի բանակցությունների օրակարգը ևս բավական հետաքրքիր ու հագեցած է եղել, ընդ որում հետաքրքիր էր ոչ միայն բովանդակությունը, այլև այն, թե ինչպես են երկու կողմերը ներկայացրել քննարկված հարցերը: Մասնավորապես, ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ բավական ծավալուն տեքստով նշվում է երկկողմ հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերի քննարկման, փոխանակված մտքերի, հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամության մասին: Գրված է, որ վարչապետ Նեթանյահուն և արտգործնախարար Նալբանդյանը զրուցել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների մասին, քննարկել մերձավորարևելյան զարգացումները: Բացի այդ, Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Փոխարենը աղքատիկ են իսրայելական կողմի հաղորդագրությունները: Իսրայելի վարչապետի գրասենյակի պաշտոնական կայքում ընդհանրապես որևէ հիշատակում չկա հայկական պատվիրակության հետ հանդիպման մասին: Իսկ մի քանի լրատվական կայքեր, ինչպես, օրինակ, «The Jerusalem Post» պարբերականի կայքը, գրում են, որ Նեթանյահուն և Նալբանդյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կիբերանվտանգության արդյունաբերության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հարցերը: Բացի այդ, ըստ իսրայելական լրատջամիջոցի, Իսրայելի վարչապետը խոսել է ՀՀ արտգործնախարարի հետ «տարածաշրջանում Իրանի աճող ազդեցության և նրա ծրագրերի մասին՝ ամրապնդելու իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում»: Հասկանալի է, որ հայկական կողմի հաղորդագրության մեջ նման կետ չկա և դժվար է նույնիսկ դա պատկերացնել: Սա ինքնին խիստ ուշագրավ մի նրբերանգ է, որը ստիպում է մի շարք հարցադրումներ անել այն մասին, թե որոնք են Հայաստանի ուղղությամբ Իսրայելի ակտիվացման իրական շարժառիթները, և ինչ շահեր է իր հերթին պաշտոնական Երևանը հետապնդում Իսրայելի հետ հարաբերություններում:

Հայաստան-Իսրայելը չի պարունակում բաղադրիչ ընդդեմ Իրանի

Արևելագետ Արմեն Պետրոսյանը հենց այս հանգամանքն է առաջին հերթին կարևորում՝ շեշտելով, որ Հայաստան-Իսրայել հարաբերությունները կարող են զարգանալ և առավել արդյունավետ լինել միայն այն դեպքում, եթե դրանց օրակարգը վերաբերի բացառապես երկկողմ հարաբերություններին՝ չներառելով այդ օրակարգի մեջ որևէ երրորդ պետության դեմ գործողությունների ինչ-որ նպատակ: Սա հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման ամենակարևոր նախապայմանն է:

Այս դրույթի իմաստը միանգամայն հասկանալի է՝ հաշվի առնելով երկու պետությունների արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր առաջնահերթությունները: Ըստ էության, Հայաստանի արտաքին քաղաքականության իսրայելական ուղղության ակտիվացումը հրամայական դարձավ վերջին տարիներին և հատկապես 2016 թ. ապրիլյան իրադարձություններից հետո, երբ Հայաստանն ու Արցախը, ինչպես ասում են, իրենց մաշկի վրա զգացին Իսրայելի և Ադրբեջանի սերտ ռազմաքաղաքական համագործակցության և մասնավորապես միլիարդների արժողությամբ սպառազինության մատակարարման հետևանքները: Իսրայելի առաջնահերթ խնդիրներն այս իմաստով տարբեր են: Իսրայելի հիմնական հակառակորդն ու սպառնալիքը տարածաշրջանում շարունակում է մնալ Իրանը, և այս տեսանկյունից ամենևին զարմանալի չէ այն փաստը, որ Իսրայելի վարչապետը Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել է «Իրանի ազդեցությանը» դիմագրավելու հարցը:

Թեև մեր զրուցակից Արմեն Պետրոսյանն իր բացատրությունն ունի նշված տեղեկատվական արտահոսքի մասին: Ասում է, որ ընդհանրապես իսրայելական քարոզչամեքենան բավական հետաքրքիր յուրահատկություններ ունի:

«Նախ, իսրայելական լրատվամիջոցների մեծամասնությունը բոյկոտում է վարչապետի գործունեությունը, և այդ մասին նաև վարչապետն է բազմիցս հայտարարել: Մյուս կարևոր առաձնահատկությունն այն է, որ իսրայելական քարոզչամեքենայի գործունեության առանցքային ուղղություններից մեկը Իրանի դեմ քարոզչական պայքարն է: Այս դեպքում ևս Նեթանյահուի և Նալբանդյանի հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունն օգտագործվեց Իրանի դեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում է բուն հարաբերություններին, ապա Արմեն Պետրոսյանի խոսքերով՝ դրանք ավանդաբար կարևորվել են առաջին հերթին հայ և հրեա ժողովուրդների կողմից, և ցավալին այն է, որ այդ նշանակությունը չի առարկայանում միջպետական հարաբերությունների մակարդակով:

Ամեն դեպքում գլխավոր հարցերից մեկն այս համատեքստում այն է, թե կկարողանա՞ արդյոք հայկական դիվանագիտությունը խուսափել Իրանի և Իսրայելի հետ հարաբերությունները միմյանց հակադրելուց, կամ ինչպե՞ս պիտի զարգացնի իր կապերը Իսրայելի հետ՝ միաժամանակ պահպանելով բարձր մակարդակի հարաբերությունները հարևան և բարեկամ Իրանի հետ:

«Եթե հարցը դիտարկենք Հայաստան-Իրան հարաբերությունների համատեքստում, ապա Հայաստանի իշխանությունները բազմիցս են նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության որևէ ուղղություն չի կարող պարունակել բաղադրիչներ ընդդեմ Իրանի: Իրանը բարեկամական և շատ կարևոր երկիր է Հայաստանի համար, և այս տեսանկյունից Հայաստանի արտաքին քաղաքականության որևէ ուղղություն չի կարող հակասել հայ-իրանական հարաբերություններին: Եթե հարցին մոտենում ենք այս սկզբունքով, ապա կարծում եմ՝ Իրանի կողմից չեն կարող էական դժգոհություններ հնչել Հայաստան-Իսրայել հարաբերությունների զարգացման կապակցությամբ: Սրանք պետք է լինեն բացառապես երկկողմ հարաբերություններ: Նույն ձևով էլ Հայաստանը կարող է դժգոհել Իրան-Ադրբեջան հարաբերություններից, բայց մենք Իրանի կողմից տեսնում ենք հավասարակշռված դիրքորոշում. Իրանը զարգացնում է Ադրբեջանի հետ հարաբերություններն այնպես, որպեսզի դրանք ուղղված չլինեն Հայաստանի դեմ: Այլ հարց է, որ Ադրբեջանն է ցանկանում այդ հարաբերություններն օգտագործել Հայաստանի դեմ, մինչդեռ Իրանը նման մոտեցում չունի: Հենց այս համատեքստում պետք է դիտարկվեն հարաբերությունները՝ որպես հավասարը հավասարի, երկու բարեկամական երկրների միջև հարաբերություններ, որոնց արտաքին քաղաքականության որևէ ուղղություն չի կարող պարունակել բաղադրիչներ ընդդեմ մեկը մյուսի»:

Շատ մի՛ խոսեք, որ չխանգարեք

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին հեռանկարային է համարում թե՛ Նալբանդյանի այցը Իսրայել և թե՛ հայ-իսրայելական հարաբերությունները, բայց խորհուրդ է տալիս մամուլին և փորձագետներին քիչ խոսել նման հարցերի մասին, որովհետև դա կարող է վնասել և խանգարել այդ հարաբերություններին: Արևելագետը համոզված է, որ «քաղաքականությունը լռություն է սիրում»:

«Սա սովորական պրակտիկա է: Եթե ու երբ այդ ակտիվացումը կծառայի հարաբերությունների ամրապնդմանը, և վերջապես կճանաչվի Հայոց ցեղասպանությունը Իսրայելում, որին երկար տարիրներ ձգտում են հասնել մեծ թվով պատգամավորներ՝ ելնելով բարոյական նկատառումներից, դա հիանալի բան կլինի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Սատանովսկին:

Իսրայելը շրջափակումից դուրս գալու խնդիր ունի

Իսրայել-Հայաստան հարաբերությունների աշխուժացումը որքանո՞վ է առնչվում ավելի լայն տարածաշրջանային գործընթացներին և ընդհանրապես ի՞նչ նշանակություն ունի Իսրայելի մերձավորարևելյան և հարավկովկասյան քաղաքականությունների համատեքստում:

Մեկնաբանելով հարցը՝ արևելագետ Արմեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ ընդհանրապես Իսրայելը շատ հետաքրքիր արտաքին քաղաքականություն է վարում՝ դրա հիմքում դնելով բացառապես պետական շահերը:

«Ցանկացած երկրի կամ միջազգային կառույցի հետ հարաբերությունները դիտարկվում են բացառապես Իսրայել Պետության շահերի՝ առաջին հերթին անվտանգային, հետո քաղաքական, տնտեսական և այլ շահերի շրջանակներում: Քանի որ այս երկիրը տասնամյակներ շարունակ եղել է մեկուսացման մեջ տարածաշրջանում՝ պայմանավորված արաբա-իսրայելական հակամարտությամբ և Իսրայելի դեմ արաբական ու մուսուլմանական պետությունների շրջափակման քաղաքականությամբ, այս պայմաններում Իսրայելի համար շատ կարևոր է առհասարակ արտաքին քաղաքականության ընդլայնումը՝ ներառելով նոր ուղղություններ և պետություններ, հատկապես մուսուլմանական երկրներ: Հետևաբար Իսրայելը փորձում է ընդլայնել իր արտաքին քաղաքականությունը և՛ իսլամական աշխարհում, և՛ Հարավային Կովկասում, և՛ առհասարակ հետխորհրդային տարածությունում, և՛ աֆրիկյան երկրների շրջանում, և՛ Արևմուտքում: Մյուս կողմից տեսնում ենք Իսրայելի կողմից այնպիսի դերակատարների հետ ստվերային հարաբերությունների հաստատում, որոնք տասնամյակներ շարունակ բոյկոտել են Իսրայելի հետ հարաբերությունները: Դրանցից կարելի է առանձնացնել Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը: Այսպիսով, արտաքին հարաբերությունների տրամագիծն ընդլայնելու առաջնահերթությունը մշտապես եղել է Իսրայելի արտաքին քաղաքականության օրակարգում»:

Ե՞րբ կբացվի դեսպանություն Երուսաղեմում
Ինչ վերաբերում է Երուսաղեմում Հայաստանի դեսպանություն ունենալու խնդրին, փորձագետն ասում է, որ ընդհանրապես որևէ երկրում դեսպանություն բացելն ինքնանպատակ չի լինում, դա պահանջում է հարաբերությունների որոշակի մակարդակ. «Մենք ունենք դեսպան, որը համատեղությամբ Եգիպտոսում է, բայց այս պահին երկու երկրները չունեն այն մակարդակի հարաբերությունները և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում, որպեսզի դեսպանություն բացելու անհրաժեշտություն առաջանա: Նախ և առաջ պետք է զարգացնել հարաբերությունները, ապա դրանք էլ ավելի ընդլայնելու նպատակով արդեն մտածենք դիվանագիտական հաստատություններ բացելու մասին»:

Երկկողմ հետաքրքրության ոլորտներ

Ամեն դեպքում կան կոնկրետ ոլորտներ, որտեղ երկու երկրներն էլ շահագրգռված են զարգացնելու երկկողմ համագործակցությունը, և այդ ոլորտները մատնանշվել են նաև Նեթանյահու-Նալբանդյան հանդիպման ընթացքում: Դրանք են մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաները, գիտությունը և կրթությունը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը:

«Եթե երկկողմ օրակարգ մշակվի՝ բազմաթիվ բնագավառներում հնարավոր է բավական լուրջ ձեռքբերումներ ակնկալել: Այստեղ շատ կարևոր մի հանգամանք կա՝ երկու ժողովուրդների փոխադարձ տրամադրվածությունը, որը շատ դրական է: Հաշվի առնելով ամբողջ աշխարհում տիրող հակասեմականությունը՝ դա շատ կարևոր է հրեա ժողովրդի պարագայում: Հրեաների համար որևէ պետության հետ նոր հարաբերությունների հաստատման դեպքում կարևոր է այդ ժողովրդի ընկալումը հասկանալ: Դրական ընկալման պարագայում հարաբերությունները միայն խրախուսվում են: Այս առումով մենք ունենք հնարավորություն լավ հարաբերություններ հաստատելու Իսրայելի հետ, որովհետև երկու ժողովուրդների միջև կա դրական վերաբերմունք, և նաև կա լուրջ ներուժ, որը կարելի է առարկայնացնել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում