211652_close_icon
views-count1661 դիտում article-date 22:35 08-11-2019

ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի Դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառումը, որին շնորհավորական ելույթներով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը։ Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում նախարար Մնացականյանը նշեց․ «Այսօր լրանում է Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տասնամյակը: Սա մի նշանակալի իրադարձություն է մեր պետականակերտման պատմության մեջ, քանի որ անհատների ջանքերն ի վերջո միս ու արյուն են ստանում ու ամրապնդվում հենց պետական հաստատությունների կայացման և ամրապնդման միջոցով: Հաստատություններն են ապահովում պետականության ամրությունը: 2009 թ. ԵՄ աջակցությամբ հիմնադրվեց Հայաստանի դիվանագիտական դպրոցը, որ հասցրել է իր ուրույն տեղը զբաղեցնել Հայաստանի նորանկախ պետության կադրերի պատրաստման գործում ու, առանց չափազանցության, ծառայում է որպես դիվանագետների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների կադրերի պատրաստման և մասնագիտական կարողությունների բարձրացման դարբնոց: Անցած տաս տարիների ընթացքում Դիվանագիտական դպրոցը ունեցել է ավելի քան երկու հարյուր շրջանավարտ, որոնցից ավելի քան հարյուր քսանը այժմ ծառայում են պետությանը՝ որպես դիվանագետ: Սակայն սա Դիվանագիտական դպրոցի պատմության միակ էջը չէ. այն վերապատրաստման դասընթացներով մշտապես բարձացնում է Հայաստանի դիվանագետների և պետական այլ հաստատությունների աշխատակիցների որակավորումը: Ավելին, Դպրոցի շրջանավարտներն այսօր աշխատում են գրեթե բոլոր պետական հաստատություններում՝ Կառավարությունում, տարբեր նախարարություններում: Նրանցից ոմանք զբաղեցնում են փոխնախարարի պաշտոններ, ինչպես նաև ներկայացված են երկրի Խորհրդարանում՝ որպես պատգամավոր: Կարծում եմ մեր այս միջոցառման հյուրերը կվկայեն դրա մասին: Դիվանագիտական դպրոցի հաջողության գաղտնիքներից մեկը աշխարհի առաջատար կրթական հաստատություններից հրավիրված դասախոսական կազմն է. շուրջ հինգ տասնյակ պետությունների մոտ հինգ տասնյակ դասախոսներ աշխարհի ամենաառաջատար ու նորարարական միտքն են փոխանցել ՀՀ ԱԳՆ դիվանագիտության կադրերին: Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել Դիվանագիտական դպրոցի, իմ կարծիքով, ամենամեծ ներդրման մասին. վերջինիս գործունեության շնորհիվ Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել սերնդափոխություն: ԱԳՆ համակարգում աշխատում է մի ամբողջ սերունդ, որն առավել հավակնոտ է իր ամենօրյա գործունեությամբ՝ ապացուցելու Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սյուների արդիականությունը և հանձնառությունը դրանց՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն: Այս գործում կցանկանայի նշել Դպրոցի երկարամյա տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի ավանդը: Դիվանագիտական դպրոցը ծառայում է որպես կարևոր օրինակ Հայաստան-Եվրամիություն համագործակցության և ՀՀ հաստատությունների զարգացման գործում ԵՄ ներդրման, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Եվրամիությանը։ Հարգելի հյուրեր, ԱԳՆ հաստատության կայացումը շարունակական գործընթաց է: Մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարության, ինստիտուտների կարողությունների զարգացման օրինակ է նաև այս տարվա օգոստոս-սեպտեմբերին ԱԳՆ կազմակերպած դեսպանահավաքը: Մեր պետականության պատմության մեջ առաջին անգամ ԱԳՆ արտերկրյա ու կենտրոնական ապարատի դիվանագետները պանելային քննարկումներով նոր մակարդակի բարձրացրին հայրենի դիվանագիտության կազմակերպման մակարդակը: Արցախում և առաջին անգամ՝ Գյումրիում կազմակերպված հանդիպումները մարզերի ղեկավարների հետ հստակ ընդգծեցին դիվանագիտության գործառույթը՝ երկրի զարգացման օրակարգի համատեքստում։ Սակայն նորի կառուցումը մենք, որպես հաստատություն, իրականացնում ենք այն ավանդի վրա, որ ավագ սերնդի դիվանագետներն ունեն մեր պետության առջև: Այս առումով, նոր սերնդի դիվանագետները շուտով կաշխատեն ԱԳՆ-ում իրենց ավագ գործընկերների հիշատակին անվանակոչված աշխատասենյակներում, ինչպիսիք են լեգենդար Ջոն Կիրակոսյանը, դեսպաններ Աշոտ Մելիք-Շահնազարյանը, Բադալյանը, Ջիվան Թաբիբյանը: Մենք կվերաբացենք նաև Ասո Տավիտյան գրադարանը: Ինձ համար անձնապես մեծ պատիվ է, թեև այս փոքր քայլով, նպաստել գալիք սերունդների համար նրանց հիշատակը և ավանդը վառ պահելու գործին, և պատահական չէ ընտրված հենց այս օրը, քանի որ իրապես անգնահատելի է մեր գործընկերների ավանդը մերօրյա դիվանագիտության կայացման գործում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս մեր դիվանագիտության համար կարևոր այս հոբելյանի կապակցությամբ: Մեծարգո պարոն վարչապետ, Ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ Ձեր շարունակական աջակցության համար, պետության այս հաստատության, այս ինստիտուտի կայացման և ամրապնդման գործում։ Սա բավական մեծ ներդրում է, բավական մեծ ոգևորություն է և մեծ նշանակություն ունի, բավական մեխ աջակցության է մեզ համար»։ Շնորհավորական ելույթով հանդես եկավ նաև Վահե Գաբրիելյանը, ով, մասնավորապես, նշեց․ «2009 թվականի Սեպտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը ընդունեց շատ պատմական և կարևոր որոշում՝ 1111-րդ որոշումը, որով հիմնվեց ՀՀ դիվանագիտական դպրոցը: Կառավարության վերաբերմունքը մեր նկատմամբ եղել է դրական աճողական դինամիկայով, և մենք լիահույս ենք, որ այս վերաբերմունքը կշարունակվի: Ես իհարկե ցանկանում եմ նշել, որ մեր աշխատանքի հիմնական արդյունքը մեր շրջանավարտներն են և ինձ զգալի ջերմացնում է այն փաստը, որ մեր շրջանավարտների զգալի մասը հիմա այստեղ են և մեր ծրագրերի հիմնական մասնակիցներն են»։ Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Դիվանագիտական դպրոցի 2017-2018թթ. շրջանավարտների երդման հանդիսավոր արարողություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր