Մատչելիության հղումներ

«Մեր համագործակցությունը թե՛ երաժշտական, թե՛ մարդասիրական բնագավառներում հրաշալի է». Ռիկարդո Մուտի


Իտալացի աշխարհահռչակ, լեգենդար դիրիժոր Ռիկարդո Մուտին Երևանում է և այս երեկո համերգով հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ իր ղեկավարած Լուիջի Քերուբինի նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և հայ ու իտալացի մեներգիչների մասնակցությամբ՝ ծրագրում ներկայացնելով Մոցարտի, Հայդնի, Շուբերտի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները:

Ռիկարդո Մուտին Հայաստան է ժամանել տիկնոջ՝ Քրիստինա Մուտիի, որը Ռավեննայի հեղինակավոր փառատոնի հիմնադիրն է, նաև մեծ թվով իտալացի լրագրողների և հյուրերի ուղեկցությամբ: Թե՛ նրա այցը Հայաստան, թե՛ այսօրվա համերգը և թե՛ համերգից առաջ երկօրյա փորձերը անտարբեր չէին կարող թողնել հայ երաժշտասեր հանրությանը և դրա վառ ապացույցն է բազմաթիվ մարդկանց ներկայությունը փորձերին ու նրանց հիացական արտահայտությունները դիրիժորի մասին:

Ինքը՝ Ռիկարդո Մուտին «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում ասում էր՝ շատ ուրախ է, որ կրկին հնարավորություն է ունեցել հանդես գալ Հայաստանում, և հիշեցնում, որ Հայաստան է այցելել 20 տարի առաջ՝ 2001 թվականին, երբ Հայաստանում նշվում է քրիստոնեության որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակը:

Ռիկարդո Մուտին, հիշեցնենք, առաջին այցի ընթացքում հանդես եկավ Մարզահամերգային համալիրում՝ այն ժամանակ իր ղեկավարած Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի նվագախմբի և մեներգիչների հետ՝ հիացնելով բազմահազարանոց հանդիսատեսին:

«Բայց սա 20 տարի առաջ էր, երբ այստեղ մեր համերգին ներկա էր 7000 հանդիսատես», - ընդգծում էր մաեստրոն՝ շեշտելով, որ այդ համերգը մի հրաշալի փորձառություն էր հայ երաժշտասեր հանրության հետ շփվելու համար: Հիշեցնենք նաև, որ Ռիկարդո Մուտին այդ օրերին պարգևատրվեց Մեսրոպ Մաշտոցի անվան մեդալով:

«Գիտեք, որ հայերն ու իտալացիները մեծ բարեկամներ էին, և մեր համագործակցությունն էլ թե՛ երաժշտական, թե՛ մարդասիրական տարբեր բնագավառներում հրաշալի է», - ասում էր Ռիկարդո Մուտին՝ հավելելով, որ ահա 20 տարի անց կրկին վերադարձել է այս անգամ արդեն այստեղ՝ Հայաստանում մեկ համերգով նշանավորելու իտալացի մեծագույն բանաստեղծ Դանթե Ալիգերիի մահվան 700-ամյա տարելիցը, որին էլ նվիրված է այս տարվա Ռավեննայի փառատոնը:

«Նույն համերգը, ինչ ներկայացրել ենք հուլիսի 1-ին Ռավեննայում, ներկայացնում ենք այսօր՝ հուլիսի 4-ին՝ Երևանում», - շեշտում է Ռիկարդո Մուտին, հավելելով, Ռավեննայի փառատոնի կազմակերպիչների առաջարկով տարբեր կոմպոզիտորներ, նրանց թվում և Տիգրան Մանսուրյանը, Դանթեի «Աստվածային կատակերգության» հիման վրա նոր ստեղծագործություններ են գրել: Տիգրան Մանսուրյանը գրել է «Քավարանը», որը ոչ միայն այսօր առաջին անգամ կհնչի Երևանում, այլև աշնանը Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ, նրա ղեկավարած նվագախմբի և Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ կներկայացվի իտալական երեք քաղաքներում՝ Ֆլորենցիայում, Վերոնայում և Ռավեննայում, որտեղ ծնվել, ապրել ու իր մահկանացուն է կնքել իտալական Վերածննդի մեծագույն բանաստեղծ ու փիլիսոփա Դանթե Ալիգերին:

«Տիգրան Մանսուրյանը մեծ կոմպոզիտոր է, և ես ընտրել եմ նրա գործը», - ասում է Ռիկարդո Մուտին, կրկին շեշտելով, որ իրենք շատ ուրախ են թե՛ այս գործը առաջինը Երևանում ներկայացնելու, թե՛ կրկին Երևան վերադառնալու համար:

XS
SM
MD
LG