211652_close_icon
views-count3620 դիտում article-date 15:33 18-10-2017

Կայացել է «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության վերաբերյալ մամուլի ասուլիսը

Հոկտեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությանը նվիրված մամուլի ասուլիս: Ասուլիսի բանախոսն էր ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: Ներկայացնելով մրցանակաբաշխության պատմությունն ու նպատակը՝ Գագիկ Գյանջումյանը նշեց, որ այն 2010 թվականից իրականացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ: «2010-2016 թվականներին մրցանակաբաշխությանը մասնակցել է ավելի քան 700 մասնակից՝ աշխարհի 48 երկրից: Յուրաքանչյուր տարի մրցանակաբաշխության շրջանակներում հայտարարվում են մրցույթների պայմանները և անվանակարգերը: Անցած տարի չորս անվանագարգերում՝ «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «ՀՀ և ԼՂՀ անկախությունների 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ, «Սիրում եմ քեզ, ի՛մ Հայրենիք» մանկապատանեկան շարադրությունների մրցույթ, մենք ստացանք 192 հայտ աշխարհի 24 երկրից (ԱՄՆ, Ռուսաստան, Կանադա, Արգենտինա, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Ավստրիա, Հունաստան, Բուլղարիա, Շվեդիա, Բելգիա, Իսպանիա, Էստոնիա, Իտալիս, Քուվեյթ, Եգիպտոս, Սիրիա, Կիպրոս, Հնդկաստան և այլն): Անվանակարգերի հանձնաժողովներն ուսումնասիրում և ամփոփում են, այնուհետև տեղի է ունենում մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Անցյալ տարի մրցանակների և խրախուսական դիպլոմի արժանացան 177 հայտատուներ: Անվանակարգերն ամեն տարի փոփոխվում են, ունեցել ենք այնպիսի անվանակարգեր, ինչպիսիք են՝ «Լավագույն հայկական համայնք», «Հայկական ավանդական ընտանիք» և այլն: Այս տարի ընտրել ենք հետևյալ չորս անվանակարգերը՝ «Մայրենիի պաշտպան», «Լավագույն հայկական կրթօջախ», «Լավագույն երիտասարդական/ուսանողական կազմակերպություն», «Ազատ Արցախ» և «Մայիս՝ հաղթանակների ամիս» մանկապատանեկան ստեղծագործությունների մրցույթ»,-նշեց Գագիկ Գյանջումյանը: Բանախոսն ընդգծեց, որ մրցանակաբաշխության հիմնական նպատակն է արժևորել Սփյուռքում հայ ազգային ինքնության, մշակույթի պահպանման գործում կազմակերպությունների, անհատների ունեցած ներդրումը, գնահատել հայ համայնքների, կրթամշակութային կառույցների և լրատվամիջոցների գործունեությունը: «Այս տարի հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է, և մենք կոչ ենք անում Սփյուռքի համայնքային կառույցներին, երիտասարդական, մշակութային կազմակերպություններին, հայկական կրթօջախների ներկայացուցիչներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել: Այս մրցանակաբաշխությունը նրանց համար ոչ միայն գնահատանք է, այլև ոգեշնչման, նոր լիցքերով աշխատելու, Սփյուռքում հայապահպանությանը նպաստելու յուրահատուկ միջոց: Վստահ ենք, որ այս տարի մասնակիցների թիվն ու աշխարհագրությունն ավելի են ընդլայնվելու»: Մրցույթն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվում է համայնքներում, որի արդյունքում ընտրված ստեղծագործություններն ուղարկվում են ՀՀ սփյուռքի նախարարություն: Երկրորդ փուլում նախարարության կողմից ձևավորված մրցութային հանձնախումբն աշխատանքների գնահատման արդյունքում հայտարարում է մրցույթի հաղթողներին: Մասնակցության հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել կրթության մասին փաստաթուղթ (պատճենը), համայնքի, կառույցի կամ դպրոցի կողմից տրված բնութագիր-երաշխավորագիր (հաստատված կնիքով և ղեկավարի ստրոագրությամբ), յուրաքանչյուր անվանակարգի համար դիմողի գործունեության նկարագիր, նյութեր, այդ թվում՝ տեսանյութեր, որոնք կփաստեն մրցանակաբաշխությանը դիմողների կողմից իրականացված հայապահպանական ծրագրերի մասին: Հայտադիմումը կարելի է ներբեռնել www.mindiaspora.am նախարարության պաշտոնական կայքէջից կամ www.hayernaysor.am էլեկտրոնային թերթից, լրացնել, ստորագրել, համայնքային կազմակերպության (կամ եկեղեցու) կամ կրթօջախի կողմից տրված երաշխավորագրի հետ միասին ուղարկել [email protected], [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին: Մրցանակաբաշխության իրականացման պատասխանատուն է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչություն (հեռ.՝ +374 10 58 56 01 (7-00), +374 60 500-830): «Հայապահպանության գործում նշանակելի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության 2017 թ. մրցույթների արդյունքների մասին տեղեկատվությունը կտեղադրվեն ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջում` www.mindiaspora.am կամ www.hayernaysor.am «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթում:

Նմանատիպ նյութեր