Հանրապետականների պատասխանը Փաշինյանին՝ «համոզիչ չէր»

«Ելք» խմբակցությունը երեկ համաժողովրդական շարժման առաջնորդ, ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին առաջադրեց ՀՀ վարչապետի թեկնածու, որից հետո Փաշինյանը հանդիպումներ ունեցավ ԱԺ խմբակցությունների հետ։

ՀՀԿ-ի հետ հանդիպումը բաց էր և խիստ ուշագրավ։

Արդեն ինստիտուցիոնալ ընդդիմության դիրքերից հանդես եկող հանրապետականները վարչապետի թեկնածուին տարաբնույթ հարցեր հղեցին, այդ թվում՝ այն հարցերը, որոնց տասնյակ տարի իրենք էին պատասխանում՝ ե՞րբ է ժողովուրդը լավ ապրելու, ե՞րբ է «Նաիրիտն» աշխատելու, ե՞րբ է հայ-թուրքական սահմանը բացվելու, և այլն։ Նիկոլ Փաշինյանին ուղղեցին բոլոր այն հարցերը, որոնք նա ժամանակին ուղղել է իշխանություններին՝ ՀՀԿ-ին, հիշեցնելով և ցիտելով նախկինում նրա կողմից ասված խոսքերը, բնորոշումները երկրի կարևորագույն հարցերի կապակցությամբ:

Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին

Ծանրակշիռ էր արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շարքը։

Ինչպե՞ս է Փաշինյանը պատկերացնում ԼՂ հարցի կարգավորումը։ Կարեն Բեքարյանի այս հարցադրմանը Ն.Փաշինյանը պատասխանեց.

«Ղարաբաղի հարցն ամենակարևորներից մեկն է։ Ակնհայտ է, որ հարցի քննարկումը, բանակցությունները և կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։

Ն.Փաշինյանը նկատեց, որ անձերի ճաշակներն ու սուբյեկտիվ կարծիքը չէ որոշողը պետական քաղաքականությունն այս կամ այն ոլորտում, և անձերի դերակատարումը պետք է լինի հավասարակշռված։ Ն.Փաշինյանի կարծիքով՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարության կողմից օգտագործվող հռետորաբանությունը մթնոլորտ չի ստեղծում իրական կարգավորման համար, որովհետև կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, խաղաղության համար անհրաժեշտ է խաղաղության մթնոլորտ, իսկ Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել սպառնացող անձի հետ բանակցելը պրոբլեմատիկ է։

Նա նշեց, որ և՛ ԵԱՀԿ համանախագահները, և՛ միջազգային հանրությունը պետք է արձանագրեն, որ նման պայմաններում խոսել կարգավորման մասին՝ ռեալ չէ, և ագրեսիվ հռետորիկայի պայմաններում խաղաղություն չի կարելի հաստատել.

«Այս համատեքստում, ես կարծում եմ, որ վերջին դեպքերը պետք է ամրացնեն Հայաստանի դիրքերը նաև Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում, որովհետև կարծում եմ, որ այն համազգային զարթոնքը, այն համազգային համախմբումը, որ մենք այսօր ունենք և, հույս ունեմ, որ մենք համատեղ ջանքերով կպահպանենք, դա բանակցային գործընթացում պետք է ուժեղացնի հայկական կողմի դիրքերը, դա պետք է նպաստի մեր զինված ուժերի մարտունակության բարձրացմանը և, ընդհանրապես, մեր հանրային ազգային ոգու բարձրացմանը, ինչը, կարծում եմ, ամենևին էլ երկրորդային չէ այս հարցում»։

ԵԱՏՄ-ից դո՞ւրս ենք գալիս, թե՞

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում բազմաթիվ լինեն հարցերը, որտեղ 180 աստիճանով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը և քայլերը տարբերվեն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից։

«Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունենք, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՞, որ ասում է՝ Եվրասիական տնտեսական միությունից պետք է դուրս գալ, թե՞ արդեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, որ ասում է՝ ԵԱՏՄ-ից պետք չէ դուրս գալ»,- հարցրեց Է.Շարմազանովը։

«Գաղտնիք չէ՝ ես ինքս դեմ եմ քվեարկել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), ինչը նշանակում է, որ ես դեմ եմ եղել Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։ Բայց, այնուամենայնիվ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և մենք, լինելով քաղաքական գործիչներ և պետական գործիչներ, պետք է հաշվի նստենք իրողությունների և փաստերի հետ։

Եվ կարծում եմ, որ ցանկացած քաղաքական և պետական գործիչ, ով ելնում է Հայաստանի ազգային շահերից, պետք է հենց այդպես էլ վարվի»,- պատասխանեց Ն.Փաշինյանը՝ հիշեցնելով, որ նախորդ գումարման ԱԺ-ում, երբ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց էր առաջադրվել, ինքը դեմ է քվեարկել դրան՝ պատճառաբանելով, որ հատկապես արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձերը շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար։

Ըստ նրա՝ պետական գործիչները պետք է առաջնորդվեն ոչ թե իրենց քմահաճույքներով, այլ՝ երկրի ազգային շահերով։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարությանը, Ն.Փաշինյանը կրկնեց նախկինում իր արտահայտած միտքը, որ որպես ընդդիմություն՝ հնարավորություն չի լինում ԵԱՏՄ գործընկերների հետ ուղիղ քննարկել առկա խնդիրները, և տվյալ դեպքում ընտրվում է գործիքակազմ, որ հարցերը լսելի ձևով բարձրաձայնվեն, իսկ որպես իշխանություն՝ հնարավորություն կա բոլոր այդ հարցերն ըստ առաջնահերթությունների՝ քննարկել գործընկերների հետ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

Ն.Փաշինյանը կրկնեց, որ իր վարչապետ ընտրվելու դեպքում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի բարձրացնելու, սակայն դա չի նշանակում, որ ԵԱՏՄ-ում չկան խնդիրներ, բայց իրենք այդ խնդիրները կքննարկեն գործընկերության մթնոլորտում։

«Ազնիվ ենք խոսում՝ չհամոզեցիք»,- հայտարարեց Է.Շարմազանովը՝ հիմնավորելով, որ ընդդիմության ներկայացուցչի խոսքը չպետք է պակաս պատասխանատու լինի, քան իշխանության։ Է.Շարմազանովի համոզմամբ՝ Փաշինյանն այսօր շատ լավ ապացուցեց, որ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը բխել է ՀՀ պետական շահերից, և մուտքը ԵԱՏՄ սպասարկել է ՀՀ պետական շահը։

ՀԱՊԿ պայմանագրի մասին

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասին, որ ՀԱՊԿ-ի պայմանագիրն արժանանալու է Սևրի պայմանագրի ճակատագրին, և հարցրեց, թե ի՞նչ փաստարկների հիման վրա է նա այդպես մտածել, և արդյո՞ք ՀԱՊԿ գործընկերների հետ առաջիկա հանդիպմանը կբարձրացնի Հայաստանին աջակցության հարցը. «Դիցուք, եթե վաղը լինում է կրակոց Մովսես գյուղի ուղղությամբ Ձեր վարչապետության օրոք, որո՞նք են լինելու Ձեր քայլերը»,- հարցրեց Ֆարմանյանը։

Ս.Ֆարմանյանը նաև նկատեց, որ շարժման ընթացքում Փաշինյանն իր ելույթներում Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս գոնե 1 անգամ չի օգտագործել՝ «ռազմավարական դաշնակցային թեկնածու», և հարցրեց՝ ինչո՞ւ։

Ն.Փաշինյանը պատասխանեց, որ շարժման ընթացքում իրենք չեն անդրադարձել արտաքին քաղաքականությանը, շարժման հիմքում աշխարհաքաղաքական որևէ կոնտեքստ չկա, այն մաքուր հայաստանյան պրոցես է, որ կենտրոնացած է ներքին օրակարգի հարցերի վրա. «Իսկ որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական դաշնակցային հարաբերություններ են, կարծում եմ, դա ևս իրողություն է, որի հետ մենք բոլորս հաշվի ենք նստում»։

ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ն.Փաշինյանը նշեց, որ շատ օգտակար կլինի փոխադարձ դաշնակցային պարտավորությունների ճշգրտումը հենց ռազմական անվտանգության ոլորտում, ոչ միայն ռազմաքաղաքական։

ԵՄ-ՀՀ համաձայնագրի մասին

Փաշինյանի նախկին հայտարարություններից մեջբերեց նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Անցած տարի սեպտեմբերի 27-ին, երբ ես վարում էի նիստը, դուք այս դահլիճում հայտարարել եք հետևյալ՝ «ԵԱՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է՝ գազը կանջատեն, թուրքերին բաց կթողնեն մեր վրա, և այլն»։ Հաջորդ ցիտատը նույն սեպտեմբերի 27-ին՝ «ԵԱՏՄ-ն Հայաստանին, բացի վնասից, ոչ մի օգուտ չի բերել», հաջորդ մեջբերումը ձեզանից՝ հոկտեմբերի 3-ին լիագումար նիստերի դահլիճում՝ ««Ելքը» իշխանություններին 10:02-ով հաղթեց՝ փաստարկների հետ կապված ԵԱՏՄ-ից դուրս գալու», հաջորդ մեջբերումը՝ «Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո տարածքներ է կորցրել»։

Սա Ձեր գնահատականներն են»,- ասաց Ա.Աշոտյանը՝ հարցադրում անելով, թե ի՞նչ փոխվեց այս 6 ամսում, երբ ԵԱՏՄ անդամակցության գնահատականները չեն հնչում նախկինի պես:

Ա.Աշոտյանը հիշեցրեց նաև Փաշինյանի այն գնահատականը, թե ԵՄ-ՀՀ համաձայնագիրը «ջուր է, և պետք է պատրաստվի Ասոցացման և ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր»: Նա հարցրեց՝ արդյոք Փաշինյանը մտադրություն ունի՞ զրոյացնել ստորագրված համաձայնագիրը և կնքել նորը, որը կհակասի ԵԱՏՄ-ին:

Ն.Փաշինյանը նկատեց, որ հարցերի առաջին մասին պատասխանել է՝ այժմ ունենք նոր քաղաքական իրողություն։ ԵՄ հարաբերությունների վերաբերյալ նա նշեց, որ իրենց պատկերացմամբ՝ ՀՀ-ն պետք է զարգացնի հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, բայց դա չպետք է լինի մեկը մյուսի հաշվին, որովհետև որևէ ուղղությամբ պոտենցիալը ճշգրիտ և ամբողջությամբ օգտագործված չէ. «Դա, ըստ էության, մենք կփորձենք անել»։

Ա.Աշոտյանը Փաշինյանի ասածներից ևս մեկ մեջբերում ներկայացրեց, որում նշել էր, թե ապրիլյան պատերազմն Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու մասին էր:

«Ես կարծում եմ, որ, երբ որ ՀՀ երրորդ նախագահ ընտրված վարչապետը հրաժարական էր տալիս և իր հայտնի հայտարարության մեջ ասաց` «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», այս բոլոր հարցերի պատասխանը կարելի էր փակել՝ ասելով՝ այս դեպքում Սերժը ճիշտ էր, Նիկոլը սխալվեց, և չասել, որ իրավիճակ է փոխվել»,- ասաց նա:

«Սա դեռևս իմ հրաժարականի տեքստը չի»,- հակադարձեց Ն.Փաշինյանը։

Շարունակելով՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Ես ունեմ իմ կարծիքն այդ հայացքների կտրուկ շրջադարձերի մասին, այն քաղաքական համատեքստում եմ գնահատում, պարզապես փաստեմ՝ այս շրջադարձը մասնագիտացված առումով ինձ համար համոզիչ չէ»:

Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պատասխանատվությունը ո՞ր քաղաքական ուժերն են կրելու

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հարցադրում արեց՝ Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական պատասխանատվությունը ո՞ր քաղաքական ուժերն են կրելու, և ովքե՞ր են նրա քաղաքական հենարանը։

Ըստ Ն.Փաշինյանի՝ այսօր ֆորսմաժորային իրավիճակում պետք է գնալ լուծումների, պետք է արձանագրել այն շրջանակը, որը նպաստում է այդ լուծումներին, դրա մոտիվացիաները, և փորձել ձևավորել այն ժամանակավոր քաղաքական հենարանը, որի հետ համագործակցելով՝ կառավարությունը տվյալ ժամանակահատվածում պետք է գործի։ Ընդհանուր առմամբ, Փաշինյանի խոսքով, այս փուլի քաղաքական պատասխանատվությունը կրում է համաժողովրդական շարժումը և ինքն անձամբ։

Ռուսական զենքի մասին

ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց իր եզրահանգումը՝ առանձնապես մեծ տարբերություններ չկան վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և իշխող Հանրապետական կուսակցության դիրքորոշումներում՝ արտաքին քաղաքականության, ԼՂ-ի կարգավորման, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, անգամ կադրային քաղաքականության առումով։

Հ. Նաղդալյանը նշեց, որ վերջին օրերին ադրբեջանական մամուլն իր մի շարք քաղաքական գործիչների շուրթերով գոհունակություն է հայտնում Հայաստանում կատարվող իրադարձությունների կապակցությամբ և հատկապես նշում, որ ռազմաքաղաքական էլիտան հեռանում է, և նրա փոխարեն գալու է ժողովրդավարական հայացքներով էլիտա, որի հետ Ադրբեջանը պատրաստ է մեծ ուրախությամբ համագործակցել Ղարաբաղի կարգավորման հարցում։

Հ. Նաղդալյանը Ն.Փաշինյանից հետաքրքրվեց, թե նա որևէ վտանգ չի՞ տեսնում հնարավոր ռազմական և այլ զարգացումների իմաստով, որ կարող են լինել Ադրբեջանի կողմից։

Ն.Փաշինյանը պատասխանեց, որ իրենց քաղաքական գործընթացներում նշված հարցերին առանձնապես անդրադարձ չի եղել, չի խոսվել Ղարաբաղի, ԵԱՏՄ-ի, արտաքին քաղաքականության մասին, և իրենց օրակարգը եղել է ներհայաստանյան։ Ռազմաքաղաքական էլիտայի վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների կապակցությամբ Ն.Փաշինյանը նշեց, որ բոլորն էլ արձանագրում են, որ մեր զինված ուժերի կայունությանը, այդ թվում՝ կադրային, ոչինչ չի սպառնում, իրենք էլ տրամադրված չեն կադրային ջարդ իրականացնել, և Ադրբեջանում ոչ թե ուրախանալու, այլ անհանգստանալու խնդիր ունեն, որովհետև այս քաղաքական պրոցեսներն էականորեն բարձրացրել են մեր ազգային ոգին՝ սրանից բխող, այդ թվում՝ ռազմաքաղաքական հետևանքներով։

«Եթե նույնիսկ Ադրբեջանում ուրախացել են, ես կարծում եմ, նրանք նույնպես իրավիճակը սխալ են գնահատում»,- նկատեց Փաշինյանը։

Հ.Նաղդալյանը նաև հետաքրքրվեց՝ ե՞րբ է դադարելու ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին, ինչպե՞ս է Փաշինյանն այս խնդիրը «համբերատարությամբ» լուծելու։

Վերջինս պատասխանեց, որ ռուս գործընկերների հետ վերջին շփումների ժամանակ այդ թեման չի շրջանցվել և այսուհետ էլ ցանկացած պատեհ առիթ օգտագործվելու է այդ հարցը բարձրացնելու համար. «Կարծում եմ, դա իսկապես կարևորագույն նշանակություն ունենցող խնդիր է»։

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բլից հարցերից ու Փաշինյանի պատասխաններից պարզվեց, որ այս օրերին կար հավաքներ կազմակերպելու ազատ հնարավորություն, խոսքի ազատություն, ժողովուրդն ուներ իր կամքն արտահայտելու ազատ իրավունք, և, աներկբա է, այդ ամենը ժողովրդավարության դրսևորում է:

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ ՀՀԿ-ն կքննարկի և մինչև վարչապետի թեկնածուի քվեարկությունը խմբակցության ղեկավարը կհայտարարի իրենց որոշումը, որի հիմքում կլինի Արցախի ու ՀՀ անվտանգությունը:

«168 Ժամ» թերթ
01.05.2018թ.

Տեսանյութեր

Լրահոս