1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս. ՄԱՍ 1

Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս. 
ՄԱՍ 1

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս: «Արմենպրես»-ը ներկայացնում է վարչապետի աշխատակազմից տրամադրված ելույթը. 

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, 
Ազգային ժողովի հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, 
Սիրելի լրագրողներ,

Պատիվ ունեմ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը։ Մեր կառավարությունը այս կարգավիճակին արժանացել է Հայաստանում տեղի ունեցած մի պատմական իրադարձության՝ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության արդյունքում։ 
Պատմական այս գործընթացով ձևւավորված կառավարությունն ըստ այդմ, պատմական առաքելություն ունի իրականացնելու և այդ առաքելությունը Հայաստանի Հանրապետությունը ազատ, հզոր ու երջանիկ պետություն դարձնելն է։ 
Հայաստանի Հանրապետությունն այսօր աշխարհում հայտնի է որպես Սիրո և համերաշխության աննախադեպ հեղափոխություն իրականացրած երկիր։ Մեր խնդիրն է, ըստ այդմ, դրական այս իմիջը զարգացնելն ու Հայաստանը դարձնելը ետհեղափոխական աննախադեպ հաջողությունների երկիր, ում հաջողվել է հեղափոխության գաղափարներն ու արժեքներն ամրագրել որպես հանրային-պետական կյանքի հարատև կանոններ։
Այս իմաստով առանցքային նշանակություն ունեն և հետեւաբար՝ կառավարության գործունեության համար ուղենշային են լինելու հետևյալ հայեցակարգային հիմնախնդիրները. 
- Իշխանության ձևավորումը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: 
- Իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության վրա հիմնված ազգային միասնությունը և քաղաքացիական համերաշխությունը:
- Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Հայաստանի եւ Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը:
- Կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը, քաղաքականության և բիզնեսի գործնական տարանջատումը: 
- Մարդու իրավունքների պաշտպանվածությունը և մարդու ազատ ստեղծագործելու, արժանապատիվ ու երջանիկ ապրելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
- Արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությունը: 
- Տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը: 
- Հանրության կրթական և սոցիալական ապահովության մակարդակի շարունակական բարձրացումը: 
- Բռնությունից զերծ հանրության հաստատումը և բռնության հանրային մերժումը։
- Շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը: 
Մենք համոզված ենք, որ հենց այս թեզերով է պարփակվում այն բովանդակային տարածքը, որն անհրաժեշտ է Հայաստանը զարգացման նոր աստիճանի բարձրացնելու համար։ Եվ ընդհակառակը՝ համոզված ենք, որ արդեն ավելի քան 20 տարի Հայաստանի զարգացումն արգելափակող ձախողումները տեղի են ունեցել հենց վերը նշված բովանդակային տարածքում և վերը նշված թեզերը մենք համարում ենք Հայաստանի խնդիրներն ախտորոշող եզրակացություն և բուժման դեղատոմս՝ միաժամանակ։ 
Ու չնայած համոզված ենք նաև, որ նշված խնդիրները պատճառահետևանքային կապերով կապված են միմյանց հետ՝ թույլ տվեք պնդել, որ Հայաստանի զարգացումն արգելափակած անկյունաքարային հիմնախնդիրը, որը հարուցիչ ու պատճառ է դարձել մեր երկրի բոլոր համակարգային պրոբլեմների, ընտրությունների ընթացքում ժողովրդի կամքի հետևողական և շարունակական ձևախեղումն է։ Մենք հենց սա ենք համարում Երրորդ հանրապետության պատմության չարիքների-չարիքը, որի նախապատրաստման գործողությունները, ապա և իրագործումից հետո ծագած շղթայական ռեակցիաները բերել են հանրային, քաղաքական, տնտեսական, իրավական, կրթական, սոցիալական և պետական դեգրադացիայի և ես հիմա կփորձեմ փաստարկել այս թեզը՝ հիմնավորելով մեր կառավարության ներկայացրած ծրագիրը։ 
Նախ՝ ուզում եմ արձանագրել իմ համոզմունքը. Հայաստանի անկախացումից հետո տեղի ունեցած բոլոր խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են, բացառությամբ 1991 թվականի նախագահական և 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների։ Ու եթե մինչև 2017 թվականը խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու հիմնական գործիքները եղել են սպառնալիքները, վարչական լծակների գործադրումը, ֆիզիկական բռնությունները, քվեաթերթիկների լցոնումները, 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները կեղծելու հիմնական գործիքները եղել են սպառնալիքները, վարչական լծակների գործադրումը և ընտրակաշառքի համատարած բաժանումը։ 
Ամեն դեպքում, կարևոր է ընդգծել, որ չկա ընտրակեղծարարության որեւէ տեսակ, որ հետապնդելի և դատապարտելի չլինի քրեական օրենսգրքով։ Բայց հասկանալիորեն, ընտրությունների արդյունքները կեղծած և այդ կեղծման հետևանքով իշխանության եկած կամ իշխանությունը պահպանած քաղաքական թիմերն ու խմբերը չէին կարող այդ իրադարձությունների պատշաճ քննություն իրականացնել, մեղավորներին արժանի պատասխանատվության ենթարկել, որովհետև այդպիսով որպես մեղավոր պետք է բացահայտեին իրենք իրենց և հետո ստորին ու միջին օղակի կեղծարարներին բացահայտելով նրանք կզրկվեին իրենց ամենակարևոր և հուսալի, եբեմն միակ քաղաքական հենարանից։

Եվ ուրեմն, ընտրությունների արդյունքների հետևողական ու շարունակական կեղծումներն ու ձևախեղումները, այդ իրողությունները չբացահայտելու քաղաքական ճնշումն ու պարտադրանքը, որ բանեցվել է իրավապահ և դատական մարմինների նկատմամբ, հենց բնում ջախջախել է իրավունքի գերակայության և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, առանց որի պետության կայացումը կարելի է բացառել։ 
Իրավապահ մարմինները, որոնք ոչ միայն պատշաճ չեն քննել, այլև կոծկել են ընտրական հանցագործությունները, դարձել են հակաիրավական մարմիններ։ Դատարաններն ու դատախազները, որոնք աչք են փակել ապօրինի հետաքննությունների ու նախաքննությունների, կեղծումների ու կոծկումների վրա, դարձել են ձևւախեղման այս գործընթացի հենարանն ու երաշխավորը, իսկ քաղաքական իշխանությունը, որը կեղծարարության այս հսկայական մեքենայի պտուղների հիմնական վայելողն է դարձել, ստանձնել է արատավոր այս համակարգի տանիքի ու հովանավորի դերը։ 
Այլասերման այս գործընթացն անխուսափելիորեն հանգեցրել է նրան, որ Հայաստանում գործել է պետություն, պետությունից դուրս։ Ձևավորվել է ընտրակեղծարար արտոնյալների մի խավ՝ ներառյալ նրանց սպասարկող դատաիրավական համակարգը և նրանց հովանավորող պետական իշխանությունը, որը դուրս է եղել օրենքից և Հայաստանի օրենքները նրանց անհրաժեշտ են եղել միայն քաղաքական հակառակորդներին և անվերահսկելի տարրերին վերահսկելու, հետապնդումների ենթարկելու, ծնկի բերելու համար, որովհետև իրենց վրա այդ օրենքները չեն տարածվել, իրենք ապրել են բոլորովին ուրիշ, չգրված օրենքներով։
Այս պայմաններում նույնիսկ այնպիսի արժեքները, ինչպես հանրային և ազգային միասնությունը՝ ձևախեղվել են և վարկաբեկվել, որովհետև պաշտոնական քարոզչության շուրթերից հնչող միասնության կոչերը ոչ թե միասնություն ապահովելու նպատակ են ունեցել, այլ ապօրինությունները, թալանը, նույնիսկ բռնություններն ու սպանությունները չնկատելու, հանդուժելու և դրանց հարմարվելու առաջարկ։ Եվ պետությունը բռնազավթած այս ապապետական համակարգը մարդկանց լռեցնելու, վարկաբեկելու, իրար դեմ հանելու, ֆիզիկական և հոգեբանական հաշվեհարդարի ենթարկելու համար միլիոնավոր դոլարներ է ծախսել և նման գործողությունները հետագայում ավելի ու ավելի մեծ ծախսեր են պահանջել, որովհետև հանցագործությունների ծավալների աճը լռության ու համաձայնության ավելի մեծ գին է պահանջել, այն աստիճան, որ ի վերջո իշխանությունը ինքն իրեն վերարտադրելու համար ստիպված է եղել լռության ու համաձայնության գին վճարել ամբողջ հանրությանը կամ առնվազն՝ նրա մեծագույն մասին՝ փորձ անելով կոռուպցիան դարձնել հանրային հարաբերությունների կարգավորման առանցքային գործիք։ 
Ահա, այս իրավիճակում են Հայաստանում հաստատվել տնտեսական մենաշնորհներ, որոնց գոյության միակ նպատակը վերը նշված մեխանիզմներով իշխանության վերարտադրության համար անհրաժեշտ փողի և կապիտալի կուտակումն է եղել։ Եվ այս պայմաններում իշխանությունը ստիպված է եղել հնարավոր բոլոր միջոցներով պահպանել և պաշտպանել մոնոպոլիաներին, փողի ապակենտրոնացում թույլ չտալու, այսինքն՝ փողի նկատմամբ իր վերահսկողությունը չկորցնելու համար։ Սա իր հերթին լայնորեն արգելակել է իրական տնտեսական աճը Հայաստանում, չնայած մեծ հաշվով ընտրությունները կեղծող իշխանությունը ներառական տնտեսական աճ ապահովելու խնդիր իր առաջ չի էլ դրել, որովհետև ներառական տնտեսական աճը, որի ազդեցությունն իրենց վրա զգում են շատ ավելի մեծ թվով մարդիկ, դժվարացնում է մարդկանց վերահսկելու գործընթացը և ոչ միայն փոքրացնում ընտրակաշառքի ազդեցությունը, այլև մեծացնում դրա պոտենցիալ չափը, որովհետև ավելի բարեկեցիկ մարդը պակաս հակված կլինի ընտրակաշառքին, իսկ հակված լինելու դեպքում շատ ավելի մեծ ակնկալիք կունենա։ Իսկ նման իրավիճակում փողերը կարող են և չհերիքել: Իսկ որքան ցածր է հանրության և առանձին վերցրած քաղաքացու սոցիալական, կրթական մակարդակը, այնքան ավելի հնազանդ է նա կոռուպցիոն համակարգին։ 
Այսպիսով՝ տիկնայք և պարոնայք, մենք առաջնորդվում ենք այն համոզմունքով, որ Հայաստանում տեղ գտած ամենաառանցքային քայքայիչ երեւույթներն ուղիղ կապ ունեն իշխանությունը հնարավոր ամեն գնով պահպանելու և այդ ճանապարհին ոչնչի առաջ կանգ չառնելու՝ Հայաստանը երկար տարիներ կառավարած թիմերի մոլուցքի հետ։ Եվ մեր կառավարությունն իր մեծագույն առաքելությունը համարում է քայքայիչ այս մտածողությունը Հայաստանից արմատախիլ անելը։
Սրա համար անհրաժեշտ բոլոր պայմաններն առկա են, որովհետև Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին ի վերջո կարողացավ ջարդուփշուր անել ընտրակաշառքի, հարկադրանքի, վախի ու կախվածության ստրկացնող շղթաները, և հիմա եկել է ժամանակը այս իրողությունը որպես հանրային պայմանավորվածություն և մշակույթ արձանագրելու համար:
Սա առաջին հերթին ոչ թե կառուցակարգային, այլ բովանդակային խնդիր է և կառավարության խնդիրը այս փուլում հենց նման բովանդակություն և իմաստ հաղորդելն է հանրային-քաղաքական կյանքին։ Գործնական առումով մեր կարևորագույն խնդիրը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է և այդ ընտրությունների հիմնական նպատակը պետք է լինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների մեխանիզմն ու հնարավորությունը ժողովրդին վերադարձնելը, և վերադարձի այս ակտը անբեկանելի դարձնելը:
Բնական հարց կծագի. իսկ ինչու արտահերթ ընտրությունները չանցկացնել հենց հիմա։ Անկեղծ ասած, ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև մեր կազմակերպած և առաջնորդած թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին և որևէ կասկած չկա, որ ընտրություններն այսօր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ։ Բայց եթե մենք առաջնորդվենք այս տրամաբանությամբ, կնշանակի, որ իշխանությունը երկրում փոխվել է, իսկ բովանդակությունը չի փոխվել և նոր իշխանությանը, ինչպես բազմաթիվ նախկինների՝ առաջ է մղում բացառապես իշխանությունը պահպանելու մոլուցքը և ընտրություններն անցկացվում են մի պայմաններում, երբ ժողովուրդը ընտրական համակարգի միջոցով իշխանությունը փոխելու իրական հնարավորություն չունի, այս անգամ էլ ետհեղափոխական էյֆորիկ մթնոլորտի պատճառով։
Մենք կարծում ենք, որ ընտրությունները Հայաստանում պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում և դա ոչ միայն հնարավորություն կտա էականորեն բարելավել ընտրական համակարգը, այլև քաղաքական մյուս ուժերին, ում համար իշխանափոխությունն անակնկալ էր ու անսպասելի՝ դուրս գալ ցայտնոտի վիճակից և որոշակի ընտրական նախապատրաստություններ տեսնել։ Բացի դրանից, այս ժամանակացույցը ժողովրդին, քաղաքացիներին հնարավորություն կտա կատարել տեղեկացված ընտրություն, ինչպես անգլերեն ընդունված է ասել՝ informed decision, հիմնվելով գործող կառավարության և իշխող թիմի գործունեության արդյունքների վրա։ 
Հաջորդ հարցը, որ կարող է ծագել հետևյալն է. իսկ ինչու՞ ընդհանրապես անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պատասխանը շատ պարզ է. ինչպես հեռացել է կեղծիքներով ու ընտրակաշառքով ձևավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա կեղծիքներով ու ընտրակաշառքով ձևավորված օրենսդիր իշխանությունը:
Իսկ առաջիկա ժամանակը գործող կառավարությունը մտադիր է օգտագործել ընտրական օրենսգիրքը լրջագույն փոփոխությունների ենթարկելու համար և այդ փոփոխությունները կլինեն հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը ընտրությունների օրինականությունն ու թափանցիկությունը երաշխավորելու տրամաբանությամբ: Կառավարությունը մտադիր է այս հարցով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծել, որում ընդգրկվելու հրավեր կստանան խորհրդարանական բոլոր խմբակցությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Այդ ժամանակը, սակայն, օգտագործելու ենք ոչ միայն ընտրական համակարգը բարելավելու համար: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր գործունեության կարևորագույն կողմը լինելու է ոչ միայն առօրյա, ինքնին հասկանալի, Հայաստանի Հանրապետության օրենքներից, միջազգային պայմանագրերից, ամենաօրյա խնդիրների լուծման անհրաժեշտությունից բխող քայլերը, ինչն ինքնին հասկանալի է և տրամաբանական, այլև այնպիսի գործողությունները որոնց հիմնական նպատակը Հայաստանի հին բովանդակությունը նոր բովանդակությամբ փոխարինելն է։ Այդ փոփոխությունների զգալի մասն, ընդ որում, չի պահանջում օրենսդրական և կառուցակարգային որևէ փոփոխություն, որևէ վարկ կամ գրանտային միջոց, այլ ընդամենը քաղաքական կամքի գործադրում: Ի՞նչն ենք ուրեմն պատրաստվում անել և ինչպես: 
Հայաստանում չեն լինելու արտոնյալներ։ Օրենքը հավասարաբար գործելու է բոլորի, այդ թվում՝ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։ Եվ որպեսզի սա չհնչի որպես սպառնալիք ուրիշների հասցեին, պիտի ջանքեր գործադրեմ, որ այդ սկզբունքն առաջինը գործի իմ ընտանիքի անդամների, իմ շրջապատի, հարազատների և բարեկամների նկատմամբ։ Ու հպարտ եմ հայտարարել, որ որդիս, ում 18 տարին լրացել է այս տարվա մարտին և որը պետք է առաջիկա զորակոչին մեկնի ժամկետային զինվորական ծառայության, դիմում է գրել և կամավոր հիմունքներով ծառայությունն իրականացնելու է Արցախում։ Հասկանալի է, որ այս պայմաններում մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը և պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր և օրինական պատճառներ չունեն, ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները։ Գործող և նախկին պաշտոնյաներին և նրանց որդիներին այս բարձր ամբիոնից կոչ եմ անում. եթե իրենք գտել են բանակից խուսափելու զարտուղի կամ կիսազարտուղի ճանապարհներ, արձագանքել նոր ժամանակների նոր մոտեցումներին, ներկայանալ զինվորական կոմիսարիատներ և զորակոչվել բանակ: 
Եվ այս ֆոնին կրկին, ևս մեկ անգամ կոչ եմ անում շուրջ մեկ տասնյակ հազար մեր հայրենակիցներին, ովքեր գտնվում են արտերկրում և ում նկատմամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով հետախուզում է հայտարարված. սիրելի բարեկամներ, եղբայրներ վերադարձեք Հայաստան, մեկնեք ժամկետային զինվորական ծառայության և հայրենիքի անվտանգության ձեր բաժին պատասխանատվությունն անպայման ստանձնեք։ Սա նոր Հայաստան է, այստեղից չեն փախչում որևէ՝ այդ թվում բանակից խուսափելու պատճառաբանությամբ։ Այստեղ վերադառնում են այսօրվա և ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության և սիրո զգացողությամբ։ Սպասում եմ յուրաքանչյուրիդ, ապացուցեք, որ հաղթանակած ժողովրդի դուխով զավակներն եք։
Եվ կրկին ուզում եմ հիշեցնել, որ ժամկետային զինվորական ծառայություն անցնելու համար հայրենիք վերադարձած պատանիները, երիտասարդները, եթե անգամ հետախուզման մեջ են, չեն ձերբակալվի, նրանց նկատմամբ որևէ հետապնդում չի իրականացվի, իսկ բարձր մասնագիտական հմտություններ ունեցող անձինք հնարավորություն կստանան ծառայությունն իրականացնել Զինված ուժերի զարգացման համապատասխան ոլորտում:
Շարունակելով թեման, ասեմ նաև, որ մենք ապահովելու ենք, որ ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող զինվորների ծնողները չունենան իրենց զավակներին բանակում պահելու, նրանց համար ներքնաշորեր, կոշիկ, սնունդ, հիգիենիկ պարագաներ գնելու պարտավորություն։ Մենք հոգ ենք տանելու, որ պետությունն իր զինվորին ապահովի այս ամեն ինչով և դա անի պատշաճ որակով ու մակարդակով։
Մենք թույլ չենք տալու, որ մեր զինվորներին ու սպաներին որևէ մեկն ընտրական հարկադրանքի ենթարկի, և նրան աշխատանքից ազատելու սպառնալիքի տակ, կամ զինվորական սուբորդինացիան չարաշահելով ստիպի խորհրդարանական ընտրություններում քվեարկել այս կամ այն ուժի օգտին, որովհետև զինվորի քաղաքացիական կամքը, ոգին կոտրելով կոտրում են նաև մարտական կամքը և ոգին։
Մենք թույլ չենք տալու, որ մեր բանակում անհանդուրժողական անառողջ մթնոլորտ տիրի, դիտորդի նման չենք հետևելու բանակում տեղի ունեցող ինքնասպանություններին ու ինքնասպանությունների փորձերին, ոչ կանոնադրական հարաբերություններին. ամեն նման դեպքի հետևում կա իր աշխատանքը պատշաճ կերպով չկարած պատասխանատու և նրան պետք է գտնել ու պատասխանատվության ենթարկել։
Ես հասկանում եմ, որ հիմա ինձ լսող բազմաթիվ սպաներ հարց են տալիս. գիտե՞նք արդյոք, թե ինչ պայմաններում, ինչ աշխատավարձով են իրենք աշխատում: Այո գիտենք, պարոնայք սպաներ, և նաև գիտակցում ենք թե ինչպիսի սոցիալական խնդիրներ կան ազնիվ զինծառայողների ընտանիքներում: Եվ այդ խնդիրների շարունակական լուծումը լինելու է մեր առաջնահերթությունների շարքում: Բայց այդ խնդիրները չեն լուծվի, եթե մենք բոլորս՝ շարքային ոստիկանից, զինծառայողի, սկսած մինչև նախարար ու վարչապետ աշխատանքի զգացողությունը չփոխարինենք առաքելության զգացողությամբ: Մենք պետք է հասկանանք, որ սովորական ժամանակներում չենք ապրում, մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեզնից յուրաքանչյուրը հերոսանալու, մաքրագործվելու, հայրենիքին ու ապագային ծառայություն մատուցելու պատմական հնարավորություն ունի, և այդ հնարավորությունն ի կատար ածելու միայն մի ձև կա, միայն մի տարբերակ. ուրանալ սեփական անձը, և անմնացորդ տրվել առաքելությանը, անմնացորդ տրվել ծառայությանը: Ուրիշ տարբերակ պարզապես չկա:
Եվ ուրեմն, մենք զարկ ենք տալու Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրին և վերականգնելու ենք Հայաստան-Ադրբեջան խախտված ռազմական հավասարակշռությունը, ընդ որում Ադրբեջանի կողմից ծախսվող աստղաբաշխական գումարներին մենք հակադարձելու ենք ինովացիոն տեխնոլոգիաները, ինովացիոն միտքը։
Մենք արմատախիլ ենք անելու կոռուպցիան և որոշումների կայացման կոռուպցիոն մեխանիզմները և համոզված եմ, որ դա անելու ենք բավականին հեշտությամբ, որովհետև երբ երկրի ղեկավարը թաթախված չէ կոռուպցիայի մեջ և կաշկանդված չէ կոռուպցիոն որևէ խարդավանքով, սա արդեն կոռուպցիան ջախջախելու կարևորագույն նախապայման է։ Եվ հիմա, այս բարձր ամբիոնից, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու աչքերի մեջ նայելով ուզում եմ հայտարարել. վարչապետի պաշտոնում չեմ մտնելու կոռուպցիոն որևէ գործարքի մեջ, վարչապետի պաշտոնավարումից որևէ «կողմնակի» եկամուտ չեմ ունենալու, որևէ գույք, բիզնես, բաժնետոմս ձեռք չեմ բերելու։ Եվ նման մոտեցում եմ պահանջում նաև կառավարության յուրաքանչյուր անդամից, յուրաքանչյուր պաշտոնյայից:
Մենք էականորեն մեծացնելու ենք պետական եկամուտները և հզորացնելու ենք մեր երկրի ֆինանսական համակարգը։ Էականորեն կրճատելու ենք ստվերային տնտեսությունը և առողջացնելու ենք տնտեսական հարաբերությունները։ Վերջերս խոշոր գործարարների մի խմբի հետ ունեցած մի հանդիպման ժամանակ հայտարարեցի, հիմա էլ ուզում եմ կրկնել. Հայաստանի բոլոր գործարարները, բոլորն առանց բացառության ազատվում են բոլոր տեսակի կոռուպցիոն պարտավորություններից։ Ցանկացած պաշտոնյա՝ դատախազ, միլպետ, հարկայինի պետ, նախարար և այլն, ով կփորձի փայ մտնել որևէ բիզնեսում, այսպես ասած նալոգ դնել որևէ գործարարի վրա, իմ անձնական թշնամին է և պիտի սպասի պետության ու օրենքի ջախջախիչ հակահարվածին։ 
Որևէ մեկը չմտածի, թե կարող է խուսափել պատասխանատվությունից. բոլոր կոռուպցիոներներին հայտնաբերելու ենք ու հանենք նույնիսկ ամենահեռու և ամենամութ ծակերից։
Մենք ոչնչացնելու ենք արհեստական տնտեսական մենաշնորհները. գործնականում կարող ենք ասել, որ տնտեսության մենաշնորհային համակարգը կյանքի վերջին օրերն է ապրում Հայաստանում։ Մենք տնտեսական հավասար հնարավորություններ ենք ստեղծելու բոլորի համար, բոլորը հարկվելու են նույն կերպ և նույն օրենքով։ Իհարկե, Հարկային օրենսգրքի բարեփոխումները, դրա կիրառման հեշտացումն ու պարզեցումը մեր առաջնահերթությունների ցանկի մեջ է, որովհետև Հարկային օրենսգիրքն իրոք բազմաթիվ բարդություններ և խառնաշփոթ է ստեղծել, որի նպատակը կրկին ու կրկին կոռուպցիոն անսահմանափակ հնարավորություններ ստեղծելն է և մենք օր առաջ պետք է գործարարներին ազատենք հարկային գլուխկոտրուկներից: 
Այս գործողություններով մենք ներդրումային բարենպաստ միջավայր ենք ապահովելու. յուրաքանչյուր ներդրող Հայաստան մտնելուն պես պետք է պաշտպանված զգա իրեն։ Եվ ուզում եմ հայտարարել, որ վարչապետի պաշտոնում անձամբ ինձ համարում եմ Հայաստանում իրականացված ցանկացած ներդրման երաշխավորը: Արդեն իսկ հանձնարարել եմ Ազգային անվտանգության ծառայությանը, որ այդ կառույցում ստեղծվի ներդրումների անվտանգությունն ապահովող բաժին և յուրաքանչյուր խոշոր ներդրողի կցվի ԱԱԾ աշխատակից, ում պատասխանատվությունը կլինի արագ արձագանքել խնդիրներ ունենալու մասին ներդրողի բոլոր ահազանգերին և լուծել այդ խնդիրները:
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր այն սփյուռքահայ հայրենակիցներին, ովքեր արագ արձագանքելով Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանը, արդեն իսկ Հայաստանում ներդրումներ են արել: Ընդհանրապես, պետական կառույցների վկայությամբ, Հայաստանում նախկինում երբեք ներդրումային այսպիսի հետաքրքրություն չի եղել և մենք հույս ունենք, ամեն ինչ կանենք, որ ներդրումային այդ հետաքրքրությունը շատ արագ վերածվի ներդրումային բումի: Եվ կոչով դիմում եմ կրկին սփյուռքի մեր հայրենակիցներին. եղբայրներ և քույրեր, մի սպասեք ոչնչի, եկեք և ներդրումներ արեք Հայաստանում, հարստացեք և հարստացրեք, սրա համար չկա ոչ մի քաղաքական խոչընդոտ: Ես գիտեմ, որ իմ այս կոչին ի պատասխան շատ քննադատներ ասելու են, թե կապիտալը հայրենիք չունի: 
Համաձայն եմ, իհարկե: Բայց տվյալ դեպքում՝ կապիտալի տերերը հայրենիք ունեն և այս դեպքում հայրենիքը ոչ թե ֆինանսական օգնություն է խնդրում, այլ ուզում է հարթակ դառնալ, պլացդարմ դառնալ կապիտալի տերերի հետագա հզորացման համար, ինչն իր հերթին կծառայի հայրենիքի հզորացմանը: 
Միևնույն ժամանակ, մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու ենք գործարար մարդու վարկն ու համարումը բարձրացնելու համար։ Արդյունք ստեղծող, աշխատատեղեր ստեղծող, հարկեր վճարող մարդու կարգավիճակը հանրային գիտակցության մեջ պետք է առնվազն չզիջի պատգամավորի, քաղաքապետի, նախարարի կարգավիճակին։ Գործարարն իսկապես պետք է զգա, որ պետությունն ու հանրությունը շնորհակալ են իրեն արդյունք ստեղծելու, աշխատատեղեր բացելու, հարկեր վճարելու համար։ Ու գործարարի այս կարգավիճակն այնքան բարձր ու այնքան պատվավոր պետք է լինի, որ յուրաքանչյուր օրինապահ գործարար այնքան պաշտպանված լինի, որ պատգամավորի կամ նախարարի կարգավիճակը ոչնչով գրավիչ չլինի նրա համար։ Ահա այս հենքի վրա մենք պիտի փորձենք լուծել նաև Երրորդ հանրապետության առանցքային թնջուկներից մեկը, բիզնեսի և իշխանության տարանջատումը։ 
Այս խնդիրը ձևակերպելիս նախ և առաջ հասկանում են, թե գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Եվ սա ճիշտ է ու արդարացի։ Բայց այս սկզբունքի կիրառումն ամբողջական ու ազնիվ չի լինի, եթե մենք չկիրառենք այս սկզբունքի կարևոր բովանդակային կողմերից մյուսը. Եթե գործարարը քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի և քաղաքականությունը, առավելևս իշխանությունը չպետք է լինեն փող աշխատելու գործիք որևէ մեկի համար ու հանրությունը պետք է լծակներ ունենա վերահսկելու, որ իր պաշտոնյան բիզնեսով չզբաղվի: Բայց այս խնդրին արմատական լուծում տալու համար մենք պետք է նաև նվազեցնենք փողի ազդեցությունը քաղաքականության վրա, որովհետև երբ փողը դառնում է վճռական քաղաքական գործոն, քաղաքական գործիչների, կուսակցությունների առաջնային խնդիրը դառնում է փողի հարցը լուծելը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։ Մենք Հայաստանից պետք է արմատախիլ անենք ընտրակաշառքի արատավոր համակարգը։ Ընտրակաշառք վերցնելը և բաժանելը պետք է համարվի անպատվություն, իսկ ընտրակաշառք բաժանելու յուրաքանչյուր փորձ պետք է արժանանա իրավապահ մարմինների արագ և անխնա արձագանքին։ Քաղաքականությունը պետք է առաջին հերթին լինի բովանդակության պայքար և փողի դերը պետք է լինի երկրորդական և նման իրավիճակ հաստատելու իրական հնարավորություն կա, որովհետև հենց այս սկզբունքն էր դրված Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմքում։ Քաղաքականությունը պետք է ֆինանսավորվի ոչ թե առանձին անհատների, այլ հարյուրավոր, հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների կողմից, որովհետև հենց նրանք պետք է լինեն քաղաքականության պատվիրատուն։
Շարունակելով տնտեսական զարգացման թեման և չցանկանալով կրկնել այն, ինչ գրված է կառավարության ծրագրում և այն, ինչ ասել եմ որպես վարչապետի թեկնածու մայիսի 8-ին այստեղ ունեցած ելույթում, հարկ եմ համարում ասել հետևյալը. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո միջազգային տարբեր կազմակերպություններ, գործընկեր պետություններ մեզ լրջագույն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնում և մենք իհարկե, կօգտվենք այդ աջակցությունից: Մենք համարում ենք, որ կառավարությունը տնտեսությունը զարգացնելու համար երկու առանցքային բան ունի անելու. նախ տնտեսվարողներին որևէ ձևով չխանգարել, որ նրանք աշխատեն և արդյունք ստեղծեն, երկրորդը՝ ապահովել բարձր որակի ենթակառուցվածքներ: Մենք հույս ունենք, որ միջազգային կազմակերպությունները, գործընկեր պետությունները մեզ լրջագույն աջակցություն ցույց կտան այս երկու խնդիրները լուծելու հարցում, և դա լինելու է նրանց հետ մեր քննարկումների, երկխոսության կարևորագույն հարցերից մեկը:

Ուզում եմ ընդգծել, որ մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակը լինելու է նոր աշխատատեղերի բացումը, աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացումը, աղքատության կրճատումն ու հաղթահարումը, մարդկանց բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացումը: Երջանկությունն է ի վերջո, այն բարձրագույն նպատակը, որը մենք ցանկանում ենք հասանելի դարձնել մեր քաղաքացիների համար և այսօր դրա համար անհրաժեշտ քաղաքական, սոցիալ-հոգեբանական նախապայմաններն ապահովված են: Այս ճանապարհին մեզ մնում է երաշխավորել սոցիալ-տնտեսական բաղադրիչը, որը, համոզված եմ, կկարողանանք ապահովել սկզբունքային և հետևողական աշխատանքի արդյունքում»:

ՄԱՍ 2


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]