ԲՏԱ նախարարությունը հերքել է ֆինանսական հատկացումների մասին ապատեղեկատվությունը

ԲՏԱ նախարարությունը հերքել է ֆինանսական հատկացումների մասին ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ փետրվարի 17-ին անհայտ ծագման տելեգրամյան ալիքներից մեկը «Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար» վերնագրով հրապարակում է կատարել, որը ապատեղեկատվություն է, և իրականության հետ որևէ առնչություն չունի։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կանոնադրական խնդիրներից բխող ծրագրերի և միջոցառումների համար ֆինանսական միջոցներ հատկացվում են բացառապես ՀՀ պետական բյուջեից։

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին, հասարակությանը համակողմանի և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով, նախարարության գործառույթներին վերաբերող հարցերի շուրջ հրապարակումներ կատարելիս հղում չանել անհայտ ծագման աղբյուրներին, դրանք ճշտել նախարարության հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԲՏԱ նախարարությունը պատրաստակամ է ԶԼՄ-ներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվության տրամադրումը սահմանափակվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» կամ այլ օրենքներով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստան համահայկական հիմնադրամը մոտ 104 մլն դոլար է փոխանցել կառավարությանը պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով։ Ֆինանսների նախարարությունը անհիմն է համարել խոսակցությունները հիմնադրամից կառավարություն միջոցներ փոխանցելու անօրինականության վերաբերյալ ու հայտնել, որ Համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել այդ որոշմանը։

Համահայկական հիմնադրամը պատերազմի օրերին հավաքել էր 170,6 միլիոն դոլար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---