«Շառլի հայացքը». Փարիզում Ազնավուրի ընկերների համար ցուցադրել են նրա կինոօրագիրը

«Շառլի հայացքը». Փարիզում Ազնավուրի ընկերների համար ցուցադրել են նրա կինոօրագիրը

PanARMENIAN.Net - Փարիզում տեղի է ունեցել «Շառլի հայացքը» ֆիլմի նախացուցադրությունը: Ֆիլմը, որը նվիրված է լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին, ստեղծվել է այն սյուժեների հիման վրո, որոնք հենց ինքը երգիչը տարիներ շարունակ նկարահանել է ընտանեկան արխիվի համար:

Ֆիլմի առաջին հանդիսատեսը փակ ցուցադրության ժամանակ երգչի հարազատներն ու մտերիմներն էին: Ազնավուրի նկարահանած կադրերն ուղեկցվում են նրա կատարումներով, գրում է ՏԱՍՍ-ը:

«1948-ին ֆրանսիական շանսոնի թագուհի էդիթ Պիաֆն առաջին տեսախցիկն է նվիրել Ազնավուրին, որի հետ վերջինս այլևս չբաժանվեց: 80-ականների սկզբին, երբ նկարահանված նյութն արդեն տասնյակ ժամերի էր հասնում, եզակի մի կինոօրագիր ստեղծվեց»,-պատմում է ֆիլմի ռեժիսոր և Ազնավուրի մտերիմ ընկեր Մարկ դի Դոմենիկոն:

Երգչի կյանքի իրադարձությունները ներկայացված են ֆիլմում այնպես, ինչպես Ազնավուրն է տեսել: Դա կինովեպ է իր համար թանկ երկրների ու քաղաքների, մերձավոր ընկերների, սեփական ուրախությունների և տխրության մասին, սիրո պատմության մասին:

Մահից որոշ ժամանակ առաջ Ազնավուրը սկսել էր վերանայել արխիվի նյութերը: Սակայն գրեթե 1,5 ժամ տևողության ֆիլմի վրա աշխատանքը Մարկ դի Դոմենիկոն ստիպված էր արդեն միայնակ ավարտել: Ֆիլմում ներկայացված են նաև Ազնավուրի մտորումները՝ վերցված նրա նամակներից ու գրքերից:

Ֆիլմն էկրան կբարձրանա Ֆրանսիայում հոկտեմբերի 2-ին: «Այս տարին շատ ծանր էր մեր ընտանիքի համար, բոլոր նրանց, ովքեր սիրում էին Ազնավուրին: Հիմա մենք մի քանի մեծ նախագիծ ենք սկսել, որոնք ուղղված են նրա ժառանգության պահպանմանը: «Շառլի հայացքը» ֆիլմն առաջինն է այդ շարքում»,-ասել է Շառլ Ազնավուրի հումանիտար հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստինա Ազնավուր-Սարգսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---