HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Մերկելը, Նիկոլը, սփյուռքահայը և ես՝ սրճարանում

Արդեն մեկ օր է՝ բանավորություն չկա․ պարզապես չեմ խոսում։ Քաղաքից դուրս եմ եկել, տեղավորվել շատ տաք մի անկյունում, ինձ հարմարեցրել եմ լույսին, նստատեղիս վրա երկու բարձ կա, որպեսզի հավասարակշռությունս ու շրջապատող առարկաների նկատմամբ դիրքս ճիշտ լինի։ Փորձում եմ գրել․ հստակ խնդիր ունեմ առջեւս դրված, բայց գլխումս պտտվող այլ մտքերը շատ են․ հասկանում եմ, որ վերջին երկու ամիսների ընթացքում ստացած ինֆորմացիան նոր-նոր, ազատ տեղ գտնելով ու ինքն էլ հարմարվելով տեղանքին, բույսի պես սկսում է աճել։

Հագնում եմ կոշիկներս, պայուսակիս մեջ լցնում գրիչ, նոթատետր, դրամապանակ, ինչ պետք է, ու դուրս եմ գալիս հյուրանոցից։ Մտածում եմ՝ տեղս մի քանի ժամով փոխել է պետք, որ ինֆորմացիային այդկերպ խափս տամ։ Հարմարվում եմ սրճարանի աթոռներից մեկին այնպես, որ անցնող- դարձողին տեսնեմ, շեղվեմ։ Նաեւ շռայլություն եմ թույլ տալիս, ու հաստ գլազուրային շերտով տորթի կտորը՝ Ամերիկանոյի հետ հայտնվում է սեղանիս։ Դանակը կամաց քսում-անցկացնում եմ մակերեսի վրայով․․․ «Շան տղա ինֆորմացիան հետեւիցս եկել, նստել ա էս սրճարանում»․ մտածում եմ։ Չեմ կարողանում ազատագրել ինձ։ Հանգստանալու համար ավելի լուրջ աշխատանք է պահանջվում, քան կոնկրետ գործով զբաղվելու պահին։ Մենք հոգնած ենք․ համարյա մի ամիս քայլել ենք։ Մատուցողը մտնում է ներս, խնդրում է՝ տեղս փոխեմ (ասում է, որ շուտով անձրեւ կլինի ու կաթկթալու է նստածս տեղի վրա)։

Մատուցողին ուզում եմ ասել․ «Գիտե՞ս չէ՝ մինչեւ պատվերը տվեցի, կյանքիս կեսը գնաց, որովհետեւ 24 ժամ չեմ խոսել»։ Բայց լրիվ  ուրիշ մի տոնով ասում եմ՝ «եղավ» ու մի սեղան շրջանցում եմ, մյուսի մոտ նստում։ Սրճարանի բալկոնային ապակեպատ հատվածում մենակ եմ։

Որպեսզի կարողանամ կենտրոնանալ բուն նյութի վրա, վերցնում եմ 0,4 մմ հաստություն ունեցող սեւ գրիչս ու Գերմանիայում նվեր ստացած նոթատետրս, որի վրա «Land Brandenburg» մակագրությունը կա, սկսում եմ նկարել։ Գրո՜ղը տանի, հիմա էլ մտածում եմ գերմանացիների մասին․ Անգելա Մերկելը ցիպ տկլոր աչքիս առաջ է՝ այս սրճարանում, որի մասին մինչեւ մեռնելն էլ չի իմանա, բայց ինքը հիմա էստեղ է, տկլոր։ Խնդում եմ։ Մատուցողը մոտենում է, լրիվ ծիծաղելի տեսարան․ ինքը չգիտի, որ ցիպ տկլոր Անգելա Մերկելի կողքին է կանգնած, Մերկելն էլ հաստատ չի պատկերացնում, որ ինքը մի 35 տարեկան հայ տղամարդու կողքին է, ում անունը Վասպուր է (կրծքանշանի վրա է գրված)։

Վասպուրն ու Անգելա Մերկելը գլուխները թեքում են սրճարանի ապակե դռան կողմը, ներս են մտնում երեք տղամարդ՝ մեկը կապույտ, խորը փոս ընկած աչքերով, վանդակավոր վերնաշապիկով, երեւի վաթսունն անց, մյուս երկուսն ավելի երիտասարդ են, բայց նկարագրության համար էդքան էլ հետաքրքիր չեն։ Մտածում եմ, որ վաթսունն անց կապուտաչյան սփյուռքահայ է․ «արա՜, չեմ սխալվում»։ Մատուցողին երեք Ամերիկանո է պատվիրում, երկու «Նապոլեոն»՝ առանց կողքիններին հարցնելու, թե ով ինչ է ուզում։ Մտածում եմ՝ ինչու երկու, երեք հոգով են (գուցե երկուսն էլ ի՞նքն է ուտելու)։

- Լսի՛, Օրբելի եղբայրների անունով Երեւանում ի՞նչ կա․ ճարտարապետ տղա ես, կիմանաս, - շրջվում է երիտասարդներից մեկի կողմը։

- Փողոց կա, պարո՛ն Ռազմիկ։

Ես, Ռազմիկը, Անգելան ու երկու երիտասարդներից մեկը, որը պարզվեց ճարտարապետ է, սրճարանում ենք։ Սրանք նստել են այն սեղանի մոտ, որտեղ ես էի մի քսան րոպե առաջ։ Կապուտաչյան նայում է՝ ոնց եմ նկարում․ գրիչը մեկ աջ ձեռքիս է, մեկ ձախ․ հավասար փորձում եմ երկու կողմում էլ նույն պատկերն ստանալ։ Զգում եմ՝ ոնց է հետեւում ու չի էլ թաքցնում հայացքը։ Արդեն պատասխաններ եմ փնտրում, որ հնարավորության դեպքում ասեմ․ ասենք օրինակ՝ «ես էլ եմ ճարտարապետ, պարո՛ն Ռազմիկ, ինչո՞վ կարող եմ օգնել»․․․  «Նապոլեոններից» մեկն ինքն է ուտում, մյուսը՝ սեղանի կենտրոնում է, երկու երիտասարդները պատառաքով բզկտում են։

Հետեւիս սեղանին ծանր շնչառությամբ մի կլորիկ տղամարդ է տեղավորվում։ Շրջվում եմ, նայում իրեն, սեղանը մի քիչ իր կողմ է քաշում, գլխիվայր շրջում է «Պառլամենտի» տուփը, վերջին մի հատ սիգարետն է մեջը։ Նորից նկարիս վրա եմ կենտրոնանում ու ձեռի հետ նայում եմ կապուտաչյային։ Ինքն արդեն ակնհայտ հետարքրքրություն է դրսեւորում։ Լսում եմ իր եւ ճարտարապետի խոսակցությունը։

-Պարո՛ն Ռազմիկ, դարպասներն այս կողմից կդնենք, ոնց նախնական գծագրում էր, հլը մի հատ նայեք։

-Հա, բայց ընենց չբացվի, որ մի կողմի վրա գնա։ Կարող ենք չէ՞ center ունենալ, ու էդ center-ից երկուսն էլ դեպի ներս գնան։ Պատկերացրեցիր չէ՞ ինչ եմ ասում։

Խոսակցությունը կամաց խլացնում եմ ականջներիս մեջ, ուզում եմ ինքս պատկերացնել՝ ինչ ի նկատի ունի ու միեւնույն ժամանակ մտածում եմ մեր էս ճարտարապետ եղբայրը center –ը գտնելու է․ ոնց ջոկում եմ՝ գործը ձեռից բաց չթողնելու համար ամեն ձեւ ուզում է բավարարել «պարոն Ռազմիկի» պահանջները։

-Ապե՛ էսօր ի՞նչ եք տալիս ուտելու,- հետեւիս ծանր շնչառությունն ընդհատվում է հարցական էս նախադասությունով։

-Դուք ի՞նչ եք ուզում,- հարցնում է Վասպուրը։

-Ասենք պամիդորով ձվածեղ ունե՞ս։

-Հա, ունենք։ Իսկ մինչ այդ ուրիշ բա՞ն։

-Մինչեւ էդ մի հատ պիվա։

 

Անգելան չկա։ Երեւի հագնվեց, դուրս եկավ։ Վասպուրն էդպես էլ Անգելա չի տեսնի․ տեսնես հիմա որ ասեմ՝ «Անգելա Մերկելին ճանաչու՞մ եք, Վասպուր», ինքն էլ շրջվի ասի՝ «Իյա՜, չտեսա՞ր՝ նոր էստեղ տկլոր ֆռֆռում էր», ես ինչ կանեմ․․․ Նորից ծիծաղում եմ։ Կապուտաչյաս ուշադիր նայում է, ինքն էլ է մեղմ ժպտում։ Կողքի տղերքը մի քիչ շփոթված են, բայց ռիսկ չեն անում իրենք էլ նայեն, չնայած մտքներին հենց դա է։ Հեռախոսիս վրա սեղմում եմ Weather նշանի վրա, որ տեսնեմ էդ անձրեւն ինչ եղավ, ցույց է տալիս, որ հենց հիմա mostly cloudy է ու անձրեւ է գալու։ Վասպուրը տեղյակ մատուցող է։ Երեք րոպեից անձրեւն սկսում է չռռալ կապուտաչյայի մեջքի կողմից։ Վասպուրն ասում է, որ կարող է սեղանը փոխել, կապտուչյա պարոնս ուղիղ նայում է աչքերիս․ «Տեղդ փոխեցիր, էլ չենք կարող էսպես շփվել»․ հասկացնում եմ աչքերով։

-  Չէ՜, անձրեւը մեզ ի՞նչ պիտի անի, մենք մի քանի սանտիմետր էս կողմ կգանք։ Դու ասա՝ Օրբելի եղբայրներից ի՞նչ կա մայրաքաղաքում։

Վասպուրը ծիծաղում է, բայց Ռազմիկը լրիվ լուրջ էր հարցում։ Ուզում եմ ռեպլիկ անել, համ էլ դրանով նաեւ ժեստ, որ հետեւում եմ իրեն, բայց սպասում եմ, դեռ առիթը չի։

-Ապե՛, կարաք մի քիչ աղ ու պերեց խնայեք էս ձվածեղի վրա, էս ի՞նչ եք անում, աղի մուր ա․․․ Մեկ էլ, որ պիվեն իրա հետ էիր բերելու, խի էր ասում՝ մինչեւ էդ ինչ բերեմ։

-Կներե՛ք։

Վասպուրը սաղիս ձեռն էստեղ կրակն ա ընկել։ Գծագիրս ավելի ինտենսիվ եմ սկսում ամբողջացնել, հասկանում եմ, որ պարոն Ռազմիկի ուշադրությունը հենց հիմա թղթի վրայով է սահում։ Մտածում եմ՝ հիմա ինչ հարց է տալու, որ խոսակցություն բացի, համ էլ դեռ որ չբացի ավելի ճիշտ կանի, ես ինձ ճարտարապետ, նկարիչ, հոգեբան, ինչ ասես կարող եմ երեւակայել, ու հենց հարցնի, թե ես ինչ մասնագիտություն ունեմ, սրանցից մեկն ուղղակի արագ կասեմ։

Ծանր շնչառությունը ծանր կերպով վեր է կենում։ Գարեջրի շիշն արդեն դատարկ ընկնում է գետնին։ Կապուտաչյան ու ես նայում ենք իրար։

-  Ջրի խողովակները մինչեւ անցկացնելը ես պիտի տեսնեմ։

- Հա, իհարկե՛, պարո՛ն Ռազմիկ։

-  Ա՜յ տղա, ընենց լավ ես ասում «իհարկե՜», որ ինձ թվում ա էստեղ խողովակներն անցկացնելը լուրջ տեսություն ա, ու բոլոր մինչեւ անցկացնելը լրջորեն ուսումնասիրութուններ են անում։

Գլուխս բարձրացնում եմ գծագրիս վրայից, ժպտում եմ ասածի վրա։

-  Արմե՛ն, հաշվի հարցը լուծի, որ դուրս գանք։

Է՜հ, չեղավ, բա մեր երկխոսությու՞նը։ Անձրեւը դերի մեջ մտած է․ երեւի կսպասեն, կկտրվի, նոր դուրս կգան։ Կամ էլ հիմա իրենք դուրս կգան, բա ե՞ս․․․ Ինչի՞ հենց հիմա պիտի վեր կենա ու գնա։ Ընենց լուրջ կռիվ է ներսումս հասունանում, որ ուզում եմ ուղղակի հարցնել․ «Պարո՛ն Ռազմիկ, ինչու՞ են Օրբելի եղբայրները ձեզ այդքան հետաքրքրում, էդ ի՞նչ եք սարքում այստեղ․․․ Եթե տեղափոխվել եք Հայաստան, եկեք ծանոթանանք, խոսենք, ես ուզում եմ Ձեզ հետ զրուցել, մտքերս կենտրոնացնել։ Շատ հոգնած եմ, մի ամիս քայլել եմ, 24 ժամ էլ չեմ խոսել, հիմա հազիվ գտնվել եք Դուք, ու մենք կարողանում ենք էս երկխոսությունը տանել․․․ Ընկած շիշն ինձ հնարավորություն է տալիս պատկերացնելու, որ Դուք լրիվ ուրիշ ջահելություն եք ունեցել, որ կարող եք պատմել, թե ինչպես անցաք Ադրեատիկը, ինչպես մի շատ հարգարժան օրիորդ Ձեզ խնդրեց իրեն ուղեկցել մի նեղ նրբանցքով, որովհետեւ մոլորվել էր, հետո ինչպես հանկարծ, քսան տարի անց Դուք Ձեր տղային պատմեցիք այդ օրիորդի մասին, ասացիք, որ ափսոսում եք, որ անունը չհարցրիք, չառաջարկեցիք ծովամթերք համտեսել, գինի խմել ու վերջում էլ միասին մի արկածային պատմության մեջ չընկաք։  Եթե նույնիսկ նման բան տեղի չի ունեցել, կամ Ձեր տղան չի հասկացել, թե ինչու եք հատկապես ափսոսում, ես կարող եմ Ձեզ հետ հիմա հորինել այդ պատմությունը, ու, եթե տղա ունեք, իրեն կարող եք պատմել, որ  սրճարանում մի աղջիկ կար, ով Անգելա Մերկելին բերել ու Վասպուրի՝ մատուցողի կողքին էր կանգնեցրել, ու որ Անգելան լրիվ տկլոր էր»։

- Հաշիվը փակեցի, պա՛պ, մեքենան մոտեցնեմ, դուրս էկեք։

Արա՜, տղա ունի։ Փաստորեն էս երկրորդ չնկարագրվողը իր տղան է։ Եսիմինչյան Ինչ Ռազմիկի։ Երեւի քառասունին մոտ ու երեւի ինքն է ապրում Հայաստանում, հիմա էլ հայրը եկել է, որ տուն սարքի, ավելի ճիշտ ամառանոց կամ գուցե հյուրատուն, որն ունենալու է մեծ դարպասներ, որոնք բացվելու են երկու կողմի վրա՝ պահելով centre-ը, ու որի ջրի խողովակները շատ որակյալ են լինելու։

Տղան դուրս եկավ, ճարտարապետը փակեց տետրը, դրեց պայուսակի մեջ, Ռազմիկը Ամերիկանոյի վերջին կումն է խմում։ Ճարտարապետը ոտքի ելավ։

-Դու՛րս արի, հիմա կգամ։

Դեմքս մոտեցնում եմ նոթատետրիս, «Land Brandenburg»-ը մտել է աչքս՝ կարմիր թռչող մի գրաֆիկական ծիտ էլ գլխին։

- Ի՞նչ եք նկարում։

-  Մտային վարժանք է գրելուց առաջ։

- Ի՞նչ եք գրում։

- Անուշ, ուրախ եմ ծանոթության համար։

- Տեսա, որ սպասում եք ծանոթությանը։

Մեկնում եմ ձեռքս։

-Իսկապես ուրախ եմ, պարոն Ռազմիկ։

- Ի՞նչ եք գրում։

-Պիեսի համար եմ այստեղ։

- Գրելը չգիտեմ, բայց խաղալ կստացվի։ Դերասանները հայեր կարող են լինել, հանգի՜ստ կարող են։

-Ինչու՞ եք այդպես կարծում։

- Ռիլկե կարդացե՞լ եք։

- Բացի Ռիլկեն, գիտեմ նաեւ, որ Օրբելի եղբայրներից Ռուբենը ստորջրյա հնագիտության հիմնադիրն է։

Ծիծաղում ենք։

- Մասնագիտություն ունես հաստատ։

- Լրագրող եմ։

- Ի՞նչ ես մտածում վերջին իրադարձությունների մասին։ Հեղափոխությու՞ն էր։

Գրո՜ղը տանի, Մերկելը նորից տկլոր կանգնեց սրճարանի մեջտեղում, Վասպուրը սկսեց հավաքել դիմացի սեղանը։ Նապոլեոնը բզկտված է, իսկական Նապոլեոնը, որը երեւի վերջին անգամ ձախ կողմի վրա թեքվելիս սրտի ծակոց է զգացել ու միզելու ուժեղ ցանկութուն է ունեցել․ ա՜յ էդքան բնական Նապոլեոնը, որի անունով նույնիսկ թխվածքի տեսակ կա՝ շերտավոր, փխրուն, փշրվող տեսակ, որը հալվում է բերանումդ։ Իսկ ի՞նչ կա Օրբելի եղբայրների անունով։ Ռազմիկն ասում է, որ պիտի գտնել այդ տոհմի շարունակողներին ու բերել շատ կարեւոր, ստրատեգիական պաշտոնների համար։ Ասում է, որ նման փառահեղ տոհմը հաստատ անելիք ունի Հայաստանում․․․ Ու Ռազմիկը նորից է հարցնում․

- Ի՞նչ ես մտածում վերջին իրադարձությունների մասին․ հեղափոխությու՞ն էր։

Ես չեմ կարողանում պատասխանել, բայց ինքս այդ հարցն արդեն շատերին եմ տվել՝ շատ զգույշ, շատ նուրբ, լրագրողի դիրքերից՝ առանց իմ կարծիքն արտահայտելու։

- Այստեղ բոլոր ջրի խողովակները պիտի փոխվեն, միայն իմ խողովակները շատ քիչ են, որ ջուրը մաքուր գա իմ ծորակից։ Լրիվ փտած են։

- Ի՜նչ եմ մտածում վերջին իրադարձությունների մասին․․․ Չեմ կարող ասել։

Չեմ էլ կարողանում ասել, որ Նապոլեոնից էլ բզկտված եմ, որ Անգելայից էլ տկլոր եմ, որ փորձում եմ կատարվածից հեռու մնալ, բայց չգիտեմ՝ ինչից է։ Չեմ կարողանում ասել, որ այս պահին, եթե Նապոլեոնը գա, կանգնի մեր երկուսի միջեւ ու հարցնի «Կներե՜ք, Անուշ, կուզե՞ք սելֆի անել», ես կասեմ․ «Ներողությու՜ն, հարգելի՛ Բոնապարտ, չե՞ք տեսնում՝ ես խոսում եմ մի մարդու հետ, ով ինձ հարցնում է Ռիլկեի մասին, ով խողովակների մասին հենց նոր ասաց մի շատ կարեւոր, հայտնի ճշմարտություն, որն իր երիտասարդ ճարտարապետը չհասկացավ, եւ ով ի վերջո հարցնում է ինձ՝ ինչ եք կարծում վերջին իրադարձությունների մասին»։

Ռազմիկը հաջողություն է մաղթում, ձեռքը սահեցնում է ուսիս վրայով․ տղան նորից ազդանշան է տալիս, որ սպասում է։ Գծագիրս փորձում եմ ավարտին հասցնել։ Հին խողովակները արդյոք դրա մասին մտածելու ժամանակ ես կարող եմ Ռիլկե պատկերել, հնարավո՞ր է, որ ես հիմա խնդրեմ Նապոլեոնին սելֆի անել իր անունը կրող թխվածքի հետ ու Անգելային էլ խնդրեմ իր թվիթերյան հաշվում տեղադրել այդ նկարը։

Հյուրանոցս մեկ կիլոմետրի վրա է, բայց տաքսի եմ կանչում, որովհետեւ անհնարին ուժեղ անձրեւ է։ Վազում եմ համար, մտնում եմ տաք ցնցուղի տակ։ Նկատում եմ, որ սենյակս հարդարված է, որ բոլոր հյուրանոցներում կան չգրված եւ գրված օրենքներ, որոնք կապ ունեն խողովակների մաշվածության հետ։ Դուրս եմ գալիս, մոռանում եմ պիեսի մասին, լրիվ ուրիշ շնչառությամբ ընկնում եմ բերածս գրքերի մեջ ու Նիկոլի «Երկրի հակառակ կողմ»-ն եմ բացում, որ գտնեմ հատվածը, որտեղ ինքը հեղափոխականի է մասին գրում․

«Հեղափոխականի մահը» (հատվածներ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպից, էջ 189-191)

«Իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ եւ չպետք է ունենա իշխանություն։

Իսկ ու՞մ պետք է պատկանի իշխանությունը հեղափոխություն ապրած երկրներումքաղաքացուն, քաղաքացիների հավաքականությանը, որը կոչվում է ժողովուրդ։ Ֆիդելը նույնպիսի մեծություն կլիներ, եթե հետեւեր Չե Գեւարայի օրինակինպարտադիր չէր նրա ետեւից գնալ Բոլիվիա։ Բավարար էր միայն Կուբայի ժողովրդին հնարավորություն տալ ասելուկներես Ֆիդել, բայց դու ազատված ես աշխատանքից։ Հիմա նա այլեւս հերոս չէ, այլ սովորական մի բռնակալ։

Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը, որովհետեւ իսկական հեղափոխականը քանդում է փտած համակարգերը, իսկական հեղափոխականը զենք է վերցնում։ Բայց վայ այն հեղափոխականին, որ դա անում է հանուն սեփական իշխանության։ Իսկական հեղափոխականը պետք է ազատագրի իշխանական կաբինետներ, մաքրի այդ կաբինետներն այնտեղ սերտաճած տգետներից, բայց իսկական հեղափոխականը չպետք է մնա այդ կաբինետներում, այլ այնտեղ պիտի թողնի միայն հուշ իր մասին, եւ իր վերադարձի սարսափը պիտի ծեփի այդ կաբինետների պատերին։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Իսկակական հեղափոխականը չպետք է կորցնի զգոնությունը հեղափոխության հաղթանակից հետո, որովհետեւ հեղափոխության հաղթանակը պետք է պսակվի ժողովրդի ինքնիշխանությամբ, երբ ժողովուրդն ազատ է իշխանություն ձեւավորել եւ ազատվել իր ձեւավորած իշխանությունից, երբ ժողովուրդը, քաղաքացին ազատ է արտահայտել իր մտածածը, ազատ է աշխատելու, ստեղծելու, ինքնադրսեւորվելու իր մղումների մեջ։ Սա է ժողովրդի ինքնիշխանությունը։ Եվ երբ ինքնիշխան է ժողովուրդը, իսկական հեղափոխականը պիտի պատրաստ լինի նոր հեղափոխություններիչլինի՞ թե ժողովրդի ինքնիշխանությանը, ազատությանը որեւէ բան է սպառնում։ Եթե այդպես է, հեղափոխականը պետք է վերածնվի արդ, հայտնվի որպես Նոյյան ժամանակների ջրհեղեղ, ու տապալի կարգեր, մաքրի, լվանա իշխանական կաբինետներ, ու նույնքան հանկարծահաս չքվի՝ ամառային տեղատարափի պես։ Եվ նույնքան հանկարծահաս էլ հայտնվի, երբ ժողովուրդը տոչորվում է արդարության ծարավից։

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Ես հիմա օտարոտի նայում եմ կարմիր աստղին, բայց եթե ապրեի 60-ականների Կուբայում, կլինեի նրա՝ Չե Գեւարայի զինվորը։ Հաստատ կլինեի։ Բայց արդյոք նրա հետ կմեկնեի՞ Բոլիվիա։ Որքա՜ն կուզեի պատասխանել՝ այո, եւ այդ այո-ն հնչեր հստակ ու բարձր, աներկբա ու միանշանակ։ Բայց այո-ն միայն խոսք է, որ կարիք ունի, կարիք ունի ապացույցների, ապացույցներ, որ դեռ հարկավոր է վաստակել, հարկավոր է վաստակել

Հիմա իմ հյուրանոցի սենյակում Չայկովսկու Վեցերորդ սիմֆոնիան է միացրած, Գերգիեւը ղեկավարում է նվագախումբը, հիմա իմ սենյակում այրված թղթի հոտ կա, դաշտային ծաղիկներ, գիլասի մի քանի կորիզ, բացված կոնֆետի ճմռթված թուղթ, սենյակումս նաեւ կարմիր վարագույրներ են, պատին ալտերնատիվ դիալոգների մի քանի փորձեր, որոնք ամրացրել եմ առանց ամաչելու։

Հասկանում եմ, որ ազատվել եմ, հասկանում եմ, որ տեղի ունեցածն ուղիղ ինձ է առնչվում եւ չի առնչվում այնքան, ինչքան անհետացած Մերկելը, Նապոլեոնը (եւ թխվածքի կտորը, եւ Բոնապարտը), եւ Ռազմիկը, եւ Վասպուրը, եւ ճարտարապետը, եւ Եսիմինչ Եսիմինչյան Ռազմիկի տղան, եւ ծանր շնչառություն ունեցող պոմիդորով ձվածեղ կերած կլորիկը, եւ Չե Գեւարայի զինվորը, ով ուզում էր ասել, որ կմեկնի Բոլիվիա, բայց դեռ ապացույցների կարիք ունի, որ վաստակել է պետք։

      10 հունիսի, 2018թ

      Ծաղկաձոր

 

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի։

Մյուս լուսանկարում՝ սրճարանում գծագրածս պատկերը։

Մեկնաբանություններ (9)

George
Читал!. Понравилось...красивая анниация.!жду продолжения
Anush
Большое спасибо, Джордж!!
Անուշ
Նապոլեոնին չմոռանաք ։)
Անուշ
Հարգելի W. Wallace սա հոդված չէ ;) Մնացած ենթադրություններն արդեն կապեք տեքստի հետ, որը լրագրողական չէ ))
Անուշ
Շնորհակալ եմ, Ռուբեն Մոնջ ։)
Ռուբեն Մոնջ
Կարդալուց ինձ թվաց, որ մեր մոտ էլ անձրև սկսվեց: Էս ամենը մի քիչ իմը դարցավ, որովհետեւ ես էլ էի այդտեղ: Բռավո
W. Wallace
Հարգելի Անուշ, անունն ինչ ուզում եք դրեք, կալորիաների քանակը դրանից չի փոխվի :)
W. Wallace
էս հոդվածից մի բան է պարզ. Անուշը կալորիաների խնդիր ունի...
Աշոտ
Առավոտյան 7-ին կարդացի ու օրվա ողջ ընթացքում կհիշեմ Կապուտաչյային, քեզ ու մերկ Մերկելին:)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter