Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում «լուրջ բացթողումներ է» արձանագրել


2017 թվականին Հայաստանի կառավարությունը կարևոր քայլեր է կատարել կյանքին սպառնացող հիվանդություններ ունեցող մարդկաց տառապանքը մեղմելու ուղղությամբ, երկրի խորհրդարանն էլ ընդունել է ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենք: Սակայն մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ բացթողումներ կան: Այս մասին նշված է Human Rights Watch-ի այսօր հրապարակած տարեկան զեկույցում:

Այն նաև արձանագրում է՝ իշխանությունները պատասխանատվության չեն ենթարկել 2016 թվականի հուլիսին ցուցարարների և լրագրողների դեմ անհամաչափ ուժ կիրառած իրավապահներին․ որոշ ոստիկաններ ենթարկվել են կարգապահական տույժի, բայց նրանցից ոչ մեկին քրեական մեղադրանք չի առաջադրվել, չնայած կիրառված ուժի ծանրությանը: Միևնույն ժամանակ՝ իշխանությունները քրեական պատասխանատվության են ենթարկել ցույցերի մասնակիցներին ու առաջնորդներին, առնազն 22 մարդու մեղադրելով զանգվածային անկարգություններ հրահրելու, բռնությունների ու լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մեջ, արձանագրում է HRW-ը:

Ըստ զեկույցի, Հայաստանի իշխանությունները հանգամանալից կերպով չեն հետաքննել պնդումները, ըստ որոնց, ոստիկանները Երևանի դատարանի շենքում չորս մարդու են ծեծել: Ծեծվածներն այն 32 մարդկանց թվում են, որոնք դատվում են 2016-ի հուլիսին Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեղադրանքով: Բռնության ենթարկվածներից մեկն ասել էր, որ իրենց ծեծի են ենթարկել դատարանի շենքի նկուղային խցում: Որոշ ոստիկաններ, որոնք, «հավանաբար մասնակցել էին ծեծին», նիստի ընթացքում շարունակել են հերթապահել դատարանի դահլիճում:

Զեկույցն արձանագրում է նաև, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը հաղթել է 2017-ի խորհրդարանական և տեղական ընտրություններում: Միջազգային դիտորդները նշել են, որ անցած ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունները լավ էին կազմակերպված, սակայն ընտրությունները մթագնել են ձայներ գնելու, հանրային ծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատակիցների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին «հավաստի տեղեկությունները»: Ձախողվել է նաև երկրի ընտրական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարելավումը:

Ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր համարելով, զեկույցը հիշեցնում է, որ Հայաստանի տեղական իրավապաշտպան խմբերը հայտնել են 2017-ին ընտանիքի անդամների կամ ընկերների կողմից գործադրված բռնությունների հետևանքով 4 կնոջ մահանալու մասին:

HRW-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Գիորգի Գոգիան առաջնթաց քայլ է համարել Հայաստանի խորհրդարանի կողմից ընտանեկան բռնությունները կանխարգելող օրենքի ընդունումը, միաժամանակ նշելով՝ կառվարությունը դեռ շատ բան ունի անելու բռնություններից, երբեմն անգամ կյանքի համար վտանգավոր իրավիճակներից կանանց ու երեխաներին պաշտպանելու հարցում:

HRW-ը մարդու իրավունքների ոլորտում մի շարք այլ խնդիրներ էլ է արձանագրել: Մասնավորապես, ըստ զեկույցի՝ հաշմանդամություն ունեցեղ և աղքատ հազարավոր երեխաներ դժվարությունների են հանդիպում իրենց կացարանների գերբեռնվածության պատճառով, նաև չեն կարողանում անհրաժեշտ կրթություն ստանալ: Զեկույցն արձանագրում է նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված բռնության փաստեր:

Human Rights Watch-ի 643 էջանոց զեկույցում դիտարկված է աշխարհի ավելի քան 90 երկրներում առկա իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG