Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գնալու ենք ճշմարտության հետևից. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի խնդրին

Գնալու ենք ճշմարտության հետևից. Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի 
խնդրին

ՎԱՆԱՁՈՐ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն Ամուլսարի հարցում գնալու է ճշմարտության հետևից:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վանաձորում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ամուլսարի խնդրի հետ կապված ես ուզում եմ ձևակերպել իմ և կառավարության ընդհանուր դիրքորոշումը: Մենք ասում ենք, որ այս հարցում մենք պետք է մինչև վերջ գնանք ճշմարտության հետևից, և ճշմարտությունը պետք է ինքը մեզ բերի այս կամ այն որոշման: Եվ ճշմարտությունների առումով ես շատ կարևորում եմ, որ նաև հանրությունը մանիպուլյացիաների չտրվի, այդ թվում՝ իմ կողմից շատ սիրված, հարգված իմ ընկերների կողմից: Որովհետև, երբ որ որևէ քաղաքացի որևէ սարք է վերցնում և գնում որևէ տեղ կանգնում և ասում է, որ հիմա ես ռադիացիան կչափեմ և կպարզվի, որ այստեղ, չգիտեմ, ռադիացիոն այնպիսի ֆոն կա, որ Հայաստանում հիմա կոտորած է սկսվելու, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Ինչո՞ւ եմ ասում դեպի հանք տանող ճանապարհները բացեք, որովհետև համարում եմ, որ Հայաստանում կա կառավարություն, որը, եթե լինի ճանապարհները փակելու անհրաժեշտություն, փաստացի կփակի ճանապարհները, եթե լինի ճանապարհները բացելու անհրաժեշտություն, կբացի ճանապարհները: Ես չեմ ընդունում այն տեսակետը, երբ ասում են՝ կապ չունի, այսպես է լինելու և վերջ, այլ ճանապարհ չկա:  Եթե որևէ ակտիվիստ կարող է այդպես ասել, կառավարությունն այդպես չի կարող ասել, որովհետև կառավարությունը մի մարմին է, որի գործողությունները պետք է լինեն այնպիսին, որ հենված լինեն օրենքի վրա, իրավական լինեն, բխեն օրենքից և Սահմանադրությունից:

ՀՀ վարչապետը բերեց Թեղուտի օրինակը: «Ես բերում եմ Թեղուտի օրինակը: Երբ ես արձակուրդում էի, Թեղուտի ամբարտակի պատնեշի շուրջ աղմուկ բարձրացավ, ես արձակուրդից հետո առաջին օրը գնացել եմ աշխատանքի, և կառավարության անդամներ մտել են իմ սենյակ, ասել են հենց այսօր, հենց հիմա Թեղուտի հանքը շահագործումը դադարեցնելու որոշում պիտի կայացնես, որովհետև այնտեղ կա ահա այսպիսի խնդիր, քանդվում է, կքանդվի այդ պատվարը հազարավոր զոհեր կլինեն և այլն: Ես այս պարագայում ի՞նչ եմ արել: Համապատասխան տեսչական մարմիններին ուղարկել եմ ստուգման, իրենք եկել և երաշխավորել են, որ տեսանելի ապագայում այդ պատվարը չի քանդվի, անտեսանելի ապագայում՝ պետք է անել փորձաքննություն: Անտեսանելի ապագայի համար մենք օգտագործողին  պարտավորեցրել ենք, որ միջազգային մակարդակի փորձաքննություն իրականացնի: Ես շատ շահագրգռված եմ եղել, որ Թեղուտի հանքը անպայման բացվի, որովհետև հասկացել, եմ, որ այդ հանքը, երբ որ այդ վիճակում էդպես անտեր մնացել է, ինքը իրենով արդեն էկոլոգիական խնդիր է, հարկավոր է այնպես անել, որպեսզի լինի կոնկրետ սուբյեկտ, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա նրա առաջ դնել կոնկրետ պահանջներ: Եվ բացի այդ, մենք այդ մարդկանց խոստացել էինք, որ իրենց աշխատատեղերը կվերականգնվեն: Եվ հիմա ես գիտեմ, որ կա միջազգային ընկերության կողմից փորձաքննություն, որ պատվարի հուսալիության հետ կապված եզրակացություններ է արել, և մենք քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ ահա այդ փաստաթուղթը կարող էր ծնվել որոշակի կոնյուկտուրային դրդապատճառբներով: Եվ էլի եմ ասում, եթե մեր շատ բնապահպան գործընկերների ասածը ճիշտ լիներ, երբ Թեղուտի տարածքում 2-3 բալանոց երկրաշարժ տեղի ունեցավ, այդ պատվարը պետք է վաղուց քանդված լիներ: Հիմա որևէ մեկն ասելո՞ւ է, ներողություն ես սխալվել եմ: Ոչ մեկ չի ասելու, ընդհակառակը պաշտպանելու են իրենց դիրքորոշումը, ասելու են կոռումպացված է, կասեն, փոքր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայ է մտել: Ինչ ասես կասեն, ամենավերջին լկտի ստերը կասեն, մենակ թե չասեն՝ կներեք, մենք սխալվել էինք»,- ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ շեշտեց՝ Ամուլսարի հարցում գնալու են ճշմարտության հետևից, ճշմարտությունը  որտեղ կբերի,  կկայացնեն համապատասխան որոշում: «Ճշմարտությունը մեզ կբերի այնտեղ, որ Լիդիանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում հնարավոր չէ այս հանքը շահագործել, այդ հանքը լրիվ օրինական հիմքով մենք կփակենք: Ընդ որում՝ շատերը հիմա ասում են կառավարությունը որոշել է տալ թույլտվություն: Կառավարությունը չի որոշել տալ թույլտվություն, թույլտվությունը մեզնից առաջ տվել են, հիմա կառավարությունը երկու հարցի պետք է պատասխանի՝ կա՞ այդ թույլտվությունը չեղյալ անելու հիմք, թե՞ չկա: Եթե կա, չեղյալ կարվի, եթե չկա, չի արվի: Հակառակ դեպքում Հայաստանի միջազգային տնտեսական վարկանիշը էական ապրում կապրի»,- մանրամասնեց Փաշինյանը:

Հարցին, ի՞նչ ժամկետներ նկատի ունի լիարժեք ճշմարտությունների հետևից գնալ ասելով, վարչապետը պատասխանեց. «Գիտեք, մենք հույս ունեինք, որ լիարժեք ճշմարտությունն արդեն ամբողջովին բացահայտված կլիներ, բայց կան որոշակի ընթացակարգեր, որը մենք պետք է պահպանենք: Ես առաջին օրվանից չեմ առաջնորդվել Ամուլսարի հանքը փակելու կամ չփակելու կանխավարկածով: Ինձ անհրաժեշտ է եղել, որպեսզի ես իմանամ ամբողջ ճշմարտությունը հանքի մասին: Եթե որևէ մեկը գտնում է, որ ճշմարտության հետևից գնալը ճիշտ ճանապարհ չէ, ես այդ մոտեցումը մերժում եմ միանշանակ: Նշանակում է, որ  այդ մարդը առաջարկում է հետևյալը, որ ով վեր կենա կառավարության վրա ճնշում գործադրի, կառավարությունն ըստ այդ ճնշման կայացնի որոշում. կառավարությունը ճնշումով որոշում չի կայացնելու, կառավարությունը կայացնում է որոշում ճշմարտության և օրենքի,  իրականության և Հայաստանի ազգային և պետական շահերի վրա հիմնված»,- եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]