Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկում է բազմաբնակարան շենքերի տարածքում գիշերային ակումբների տեղակայումը սահմանափակող նախագիծ

ԱԺ-ն քննարկում է բազմաբնակարան շենքերի տարածքում գիշերային ակումբների 
տեղակայումը սահմանափակող նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քննարկում է բազմաբնակարան շենքերի, կրթական, պատմամշակութային, բժշկական հաստատությունների տարածքներում գիշերային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների, սաունաների տեղակայումը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը:

Օրենսդրական նախագծերի փաթեթը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Փոխնախարարն ընդգծեց, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթի նպատակն է կանոնակարգել հասարակական կյանքին վերաբերվող կարևոր ոլորտ: «Նախագծերի փաթեթի նպատակն է կարգավորել հանրային կյանքը և դրա որակը բարձրացնել՝ սահմանելով ծառայությունների տեսակները, որոնք լինելու են սահմանափակման ենթակա: Դրանցից որոշների տեղակայման նկատմամբ կներկայացվեն որոշակի պահանջներ և սահմանափակումներ, որոշների նկատմամբ էլ միջոցներ կլինեն գիշերային ժամերին լռություն պահպանելու տեսանկյունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ սահմանափակման ենթակա օբյեկտներն են կարաոկեները,  դիսկոտեկները, գիշերային ակումբները, բաղնիքները, սաունաները: «Այդպիսի հաստատությունների կամ ծառայության օբյեկտների տեղակայումը կսահմանափակվի բազմաբնակարան շենքերի բնակելի կամ ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական, պատմամշակութային հաստությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում»,- ասաց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ այդ գործունեության տեսակների  համար թույլտվությունը կտրամադրի համայնքի ղեկավարը, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետը: «Սահմանափակման ենթակա օբյեկտների համար համայնքի ավագանին իրավասու կլինի ներկայացնել հեռավորության պահանջ բազմաբնակարան շենքերից: Նշված գործունեության տեսակներով զբաղվելու համար կսահմանվեն պետական տուրքեր»,- մանրամասնեց Խաչատրյանը:

Գիշերային ժամերին լռության պահպանման համար համայնքի ավագանին կկարողանա տարանջատել երեք ժամային չափեր՝ 22:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն և 24:00-ից մինչև առավոտյան 07:00-ն: «Լռությունը խախտելու սահմանափակումը շրջանցելու դեպքում առաջանում է պատասխանատվության միջոց: Գործող օրենքով առաջին անգամ խախտելու համար կիրառվում է նախազգուշացում, երկրորդ դեպքում տուգանք 40 հազար դրամի չափով, մենք առաջարկում ենք էականորեն բարձրացնել այդ տուգանքի չափը: Առաջարկում ենք առաջին անգամ խախտելու դեպքում սահմանել 200 հազար-300 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 1 միլիոն դրամ տուգանք»,- ընդգծեց փոխնախարարը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]