ՀՔԾ. ԱԻՆ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել
Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Պ. Եփրեմյանը «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալին դրդել է կազմել և իրեն հանձնել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ էպիկրիզ, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` շարային ծառայությանը պիտանի ճանաչվելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՔԾ մամուլի ծառայությունից :
Նա դա արել է աշխատանքից չազատվելու նպատակով: Պ. Եփրեմյանը կեղծ փաստաթուղթը ներկայացրել է նախարարություն` շարային ծառայությանը պիտանի ճանաչվելու նպատակով: Սակայն մինչ այդ արդեն իսկ տեղի ունեցած ռազմաբժշկական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել, որ Պ. Եփրեմյանը պիտանի չէ շարային ծառայության համար, և 08.09.2017 թ.-ին վերջինս ազատվել է աշխատանքից:
Հատկանշական է, որ աշխատանքից ազատվելու վերաբերյալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանը ստանալուց հետո Պ. Եփրեմյանը վերը նշված կեղծ էպիկրիզը կրկին օգտագործել է` այն դիմումին կից ներկայացնելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և այդ կերպ փորձելով վերականգվել աշխատանքի:
Այսպիսով, պաշտոնեական կեղծիքի դրդչություն կատարելու և պաշտոնեական իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար Պ.Եփրեմյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա.Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: