Սահմանադրացավ

Մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի նիստում Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի լիազորություններն ու պարտականությունների կատարումը: Ներկայացնելով ՍԴ անդամ և ՍԴ դատավոր հասկացությունների վերաբերյալ իր դիրքորոշումը՝ Վ.Գրիգորյանը հայտարարեց, որ այդ հարցերը քննարկման առարկա է դարձնելու իր գործընկերների հետ, և հույս հայտնեց, որ իրենք տալու են դրանց պատասխանը:

Սահմանադրական դատարանում առկա խնդիրը, այն էլ՝ կազմի մեծամասնության մասով, Վ.Գրիգորյանը «ճգնաժամ» անվանեց:

Ի՞նչ լուծում է գտնվել այդ «ճգնաժամին», արդյո՞ք տեղի են ունենում քննարկումներ, և վերջապես՝ ո՞վ է ՍԴ նախագահը: Այս հարցերը Սահմանադրական դատարանի դատավորներն ու անդամները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանում:

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ ՍԴ-ում աշխատանքային մթնոլորտ է տիրում:

«Մենք ապահովում ենք Դատարանի բնականոն գործունեությունը: Դատարանը բնականոն հունով աշխատում է»,- ասաց նա՝ չմեկնաբանելով՝ արդյո՞ք Հրայր Թովմասյանի ու Վահե Գրիգորյանի միջև քննարկումներ ընթանում են:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը համոզված է՝ Սահմանադրական դատարանի ներկա նախագահ Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշերով այսօր համարվում է դատավոր, և սահմանադրական նորմերի վերաբերյալ ցանկացած անհատական մեկնաբանություն անընդունելի է. «Թե ով է ՍԴ դատավոր, և թե այն նորմերը, որոնք վիճարկեց պարոն Վահե Գրիգորյանը, ես կարծում եմ, բոլորս զերծ մնանք դրա մեկնաբանություններից, և այդ մեկնաբանությունը կարող է տալ միայն ՍԴ-ն: Այսինքն՝ պարոն Գրիգորյանը եկավ օրենսդիրում հայտարարեց, որ այս պահից ստանձնում է լիազորությունները, բայց ինչպես տեսնում ենք, անցել է քանի օր, և պարոն Գրիգորյանը չի ստանձնել այդ լիազորությունները: Եվ եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, ես կարծում եմ, նա կունենա լուրջ խնդիրներ»:

Նրա խոսքով՝ մեկ անձը չի կարող ՀՀ-ում լինել իրավունքի աղբյուր, մեկնաբանել սահմանադրական նորմերը, և դրանք դառնան պարտադիր կատարման համար. «Այդ դեպքում ես կարծում եմ, որ սխալ կլիներ, որովհետև Սահմանադրությունն իր կառուցակարգերով պաշտպանում է մեզ բոլոր այդ պատահական մեկնաբանություններից: Սահմանադրության անցումային դրույթներում 213 հոդվածը երաշխավորում է թե՛ ՍԴ անդամների պաշտոնավարումը՝ որպես ՍԴ դատավորներ, և ՍԴ նախագահի պաշտոնավարումը»:

Խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի կարծիքով՝ Հրայր Թովմասյանն ԱԺ նախագահ է ընտրվել համապատասխան ակտով՝ ԱԺ որոշմամբ և դրան հաջորդող մնացած իրավական ակտերով. «Այսինքն՝ եթե պարոն Գրիգորյանը գտնում է, որ այդ ակտերը իրավաբանորեն վիճարկելի են, ինքը կարող է դիմել վարչական դատարան և այդտեղ վիճարկել»:

ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «սահմանադրացավ» է որակում: Ըստ նրա՝ ներքին ու արտաքին քաղաքական բազմաթիվ չլուծված հարցերի ֆոնին Վ.Գրիգորյանի այս կամ այն հայտարարությունը դառնում է բուռն քննարկման առարկա. «Եթե մենք փորձում ենք որոշակի բովանդակություն հաղորդել նրա հայտարարություններին, նախկինում հայտարարում է ոչ լեգիտիմ նախագահի մասին, ապա, իր ձևակերպմամբ, ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրվում է և ընտրվում ՍԴ դատավոր, և հետագայում նման աշխարհացունց հայտարարություններով է հանդես գալիս: Մենք ունենք օրենսդրական կարգավորումներ այս հարցի հետ կապված, և այդ կարգավորումներից դուրս մենք այս պահին չենք դիտարկում»:

ԱԺ փոխխոսնակ, ԲՀ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի կարծիքով՝ դատական իշխանությունն առանձին իշխանության ճյուղ է, և նրա հանդեպ վերաբերմունքը պետք է լինի համարժեք. «Սահմանադրական դատարանի մասով որևէ պաշտոնական հրապարակման ծանոթ չեմ, այն գործընթացները, որ տեղի են ունենում դատական իշխանության ներքո, պետք է տեսնել իրավական հարթությունում: Եվ մենք պետք է իրոք կարողանանք քաղաքական կամք գտնել, և նախադրյալ ստեղծենք, որպեսզի բոլոր իշխանության ճյուղերը, մեկը մյուսին փոխզսպելով, իրենց գործունեությունը լիարժեք, տրամաբանված և արդարացի իրականացնեն»:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում ՍԴ-ում:

«Եթե Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ գնում է ՍԴ՝ որպես նախագահ, ուրեմն՝ ստանձնել է պարտականությունները»,- նկատեց նա:

Դիտարկմանը, որ ՍԴ կայքում որևէ փոփոխություն չի եղել, և որպես ՍԴ նախագահ է նշված Հրայր Թովմասյանի անունը, Ն.Բաղդասարյանը նշեց, որ կայքի համար որևէ բան չի կարող ասել, և կրկնեց, որ Սահմանադրության անցումային դրույթներում չի նախատեսվում, որ ՍԴ անդամը շարունակի պաշտոնավարել՝ որպես դատավոր. «Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչում եք ՍԴ երկու դատավոր, որոնց անունը հրապարակվել է: Պետք է սպասել, տեսնել»:

Թե որքա՞ն ժամանակ է պահանջվում ՍԴ-ում քննարկումների համար, Ն. Բաղդասարյանը դժվարացավ նշել. «Հստակ չեմ կարող ասել՝ ինչքան կուշանա, դա պայմանավորված է նաև մնացած, դրան հաջորդող գործընթացներով: Պետք է լինեն առաջադրումներ՝ ՀՀ նախագահի, կառավարության և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից»:

Արդյո՞ք այս կառույցներում քննարկվում է ՍԴ դատավորների թեկնածուների առաջադրման հարց: ՀՀ նախագահի գրասենյակից մեզ տեղեկացրին, որ Արմեն Սարգսյանն այս պահին այցով գտնվում է Շվեյցարիայում:

Դատավորների ընդհանուր ժողովը, որն ինքնակառավարվող մարմին է, և նիստեր հրավիրում է Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ դատավորների առնվազն 1/5-ի կամ դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով, և հավաքվելու է միայն հուլիսի 11-ին՝ ԲԴԽ անդամի թափուր տեղը համալրելու հարցով: Ամեն դեպքում, ՍԴ դատավորի թափուր հաստիքի մասին որևէ դիմում մինչ այս Դատավորների ընդհանուր ժողովը չի ստացել:

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը խոստացավ ճշտել և պատասխանել մեր հարցին՝ կառավարությունը պատրաստվո՞ւմ է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել: Պատասխանը ստանալուն պես՝ այն կհրապարակենք:

Տեսանյութեր

Լրահոս