Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ-ը խփում է սեղաններին ու լքում նիստերի դահլիճը, ինչ է անում Ազիզյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
yelq-elk-nikol

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ այսօրվա քվեարկություններին ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը չի կարող մասնակցել, քանի որ ԱԺ քարտուղարությանը իր քվեարկությունների մասին տեղյակ է պահել էլեկտրոնային փոստով: «Նա էլեկտրոնային փոստով ուղարկել է նամակ, որը տվել է քարտուղարությանը, ես ընդամենը ունեմ նամակը: Կարող եք մոտենալ քարտուղարությանն ու ճշտել. ես ընդամենը ունեմ տեղեկատվություն՝ իր քվեարկության մասին»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:  Արտակ Զեյնալյանը շարունակեց՝ ասելով. «Փաթեթային չպետք է ասվի քվեարկությունների մասին, այլ պետք է ամեն քվեարկությունից առաջ բացվի ծրարը, մենք չպետք է իմանանք նախօրոք նրա քվեարկության մասին»: «Ես նախօրոք չեմ հայտարարում քվեարկության մասին, այլ միայն ասում եմ, որ ծրար եմ ստացել»,- վստահեցրեց Արա Բաբլոյանը: «Դատական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի՝ առաջին ընթերցմամբ քվեարկությունը անցավ շատ բուռն: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ է նախագծում ամրագրված կարգավորմանը, որ Երեւանի ամբողջական դատարան ստեղծվի, քանի որ դա լրացուցիչ բեռ կլինի ազգաբնակչության համար. «Բոլոր դեպքերում կողմ եմ քվեարկում, սակայն պայմանով, որ առաջինից 2-րդ ընթերցում քննարկման առարկա կդարձնենք շատ դրույթներ»: Ելք խմբակցությունը եւս գրեթե նույն պատճառաբանությամբ հայտարարեց, որ դեմ են քվեարկելու: «Նրանք, որոնք դեմ են, ավելի լավ է չմասնակցեն քվեարկությանը: Կոչ եմ անում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներին, որ չմասնակցեն, քանի որ համենայնդեպս, նախորդ քվեարկությունները ցույց են տալիս, որ նախագիծը չի անցնում այդ դեպքում»,- հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը եւս կոչ արեց չքվեարկել. «Քանի որ բոլորս էլ գիտենք, որ «Դատավարության օրենսգիրքը» ձեւականորեն հռչակում է մեղադրող եւ պաշտպանող կողմերի իրավահավասարություն, սակայն դա գոյություն չունի, քանի որ անհավասար վիճակում են: Սրանով ավելի խոցելի կլինի փաստաբանական կողմը»: «Լոռեցիք կողմ, մնացածը՝ դեմ»,- կատակով արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  Քվեարկության արդյունքների համարակալումից հետո խորհրդարանական մեծամասնությունը սկսեցին ծափ տալ, որ նախագիծը անցել է, թեեւ լուսատախտակի վրա գրված էր, որ նախագիծը չի ընդունվել: Ի դեպ, «Ծառուկյան» խմբակցությունից մեկ պատգամավոր կողմ է քվեարկել: Ավելի ուշ պարզվեց, որ նա Նապոլեոն Ազիզյանն է: Դահլիճից սկսեցին արձագանքել: Արա Բաբլոյանը նշեց, որ իրենց խմբակցությունից Ռուստամ Մախսուդյանի կոճակը չի աշխատել, այսինքն՝ ստացվում է 62 ձայն՝ գումարած Արփինե Հովհաննիսյանի ձայնը՝ 63, եւ հետեւաբար, որոշումն ընդունվել է:Դահլիճում վիճաբանությունը շարունակվեց. Ելք խմբակցության պատգամավորները սկսեցին ընդվզել: Ռուստամ Մախմուդյանը հայտարարեց, որ ինքն այս պահին ֆիզիկապես հայտարարում է, որ կողմ է քվեարկում: «Սա էլ, հո, ուժի զոռով չէ, մի րոպե լսեք... Խնդրում եմ՝ կարգուկանոն պահպանեք դահլիճում»,- կոչ արեց Էդուարդ Շարմազանովը: «Էլեկտրոնային համակարգ է գործում, որը ցույց է տալիս, որ որոշումը չի ընդունվել, հետո՝ երեւի պարոն Մախմուրյանի եւ պարոն Հասանովի կոճակները կարճ միացում ունեն՝ իրար փոխարեն են քվեարկում, Գեւորգ Կոստանյանն էլ հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ է, սակայն կողմ է քվեարկում»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով քվեարկությունը նորից կրկնել: Գեւորգ Կոստանյանը կրկնեց իր նախորդ խոսքերը՝ վերահաստատելով իր կողմ լինելը:  Նիկոլ Փաշինյանը տեղի վեր կացավ ու տեղից սկսեց բողոքել: Վարման կարգով Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասաց. «Ոչ պարոն Մախմուդյանի քվեարկության հետ կապված խնդիր կա, ոչ էլ Կոստանյանի դիրքորոշման, խնդիրը Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունն է, որը կողմ է քվեարկել, սակայն հայտարարել է, որ դեմ է: Նա այդ մասին հայտարարեց հինգ անգամ: Սա ապօրինություն է, կրկնեք քվեարկությունը»: Իսկ Արտակ Զեյնալյանն իր հերթին ավելացրեց, որ քրատուղարությունից վերցրել է Արփինե Հովհաննիսյանի ծրարները, որոնց վրա ոչ մի կնիք չկա. «Բացի դրանից՝ բոլոր ծրարները բացված են նախօրոք, այնպես որ Արփինե Հովհաննիսյանի ձայնը չեք կարող հաշվել»: Արա Բաբլոյանը ամփոփեց իր խոսքը՝ ասելով. «Ոչ մի պատգամավոր չի հայտարարել, որ սխալ է քվեարկել, եւ հետեւաբար, որոշումն ընդունվել է»: «Չի լինի սենց»,- բղավեց Նիկոլ Փաշինյանը, ու Ելք խմբակցության պատգամավորները սկսեցին խփել սեղաններին: Այդ զարկերը չէին դադարում, երբ Արա Բաբլոյանը հայտարարեց մյուս նախագծի՝ «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխությունների քվեարկությունը: Այս նախագծի քվեարկությանը կրկին Ելքի ու Ծառուկյան խմբակցությունների պատգամավորները չքվեարկեցին, սակայն նախագիծն անցավ 61 ձայնով: Ելք խմբակցության պատգամավորերը սկսեցին լքել դահլիճը, սակայն «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխությունների քվեարկությունից առաջ Նիկոլ Փաշինյանը հետ եկավ ու վարման կարգով կանգնած հայտարարեց. «Քիչ առաջ՝ բոլորիս աչքի առաջ, ապօրինի կերպով խորհրդարանական մեծամասնությունը սղցրեց սահմանադրական կոչվող օրենքը, ինչը ցույց է տալիս, որ այս ամբողջ կենացները՝ խորհրդարանական երկրի անցնելու մասին, բարեփոխումների մասին, փոքրամասնության մասին, հերթական կոմեդիան ու կեղծիքն են: Մենք դուրս ենք գալիս, որ այս կոմեդիային չմասնակցենք»: «Այն, ինչ ասում է ընդդիմությունը, իրականության հետ կապ չունի: Պարզ մաթեմատիկական հաշվարկ է եղել ընդամենը: Նապոլեոն Ազիզյանը չի ասել, որ ինքը սխալվել է: Եթե գնում են՝ բարի ճանապարհ»,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:  Նախագիծն ընդունվեց կողմ 62, 1 դեմ ձայներով: Դեմը ՀՀԿ խմբակցությունից էր, թեեւ հայտարարվեց, որ այդ մեկ դեմ ձայնը հանվում է: