Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին. ՄԱՍ I

Վարչապետի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին. ՄԱՍ I

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի սղագրության առաջին մասը։

«Ազատություն» ռադիոկայան - Պարոն վարչապետ, շնորհակալ եմ այս հնարավորության համար: Հարցերը շատ են, բայց սկսենք հիմա ամենաքննարկվողներից: Պատերազմն ավարտվեց հայկական կողմի համար բավական մեծ զոհողությունների գնով, բայց դրանից հետո էլ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է հարձակողական գործողությունները: Մասնավորապես, Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, ըստ առկա տեղեկությունների, ինչպես նաև կարևոր նշանակություն ունեցող Դիզափայտ լեռն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ: Սրան Ձեր պատասխանը եղավ այն, որ ադրբեջանցիների հարձակմանն առաջին հերթին պետք է արձագանքի Ռուսաստանի Դաշնությունը: Սա ի՞նչ է նշանակում. Հայաստանն արդյոք հրաժարվե՞լ է Արցախի պաշտպանությունից, և արդյոք մենք պատրաստվո՞ւմ ենք որոշակի քայլեր ձեռնարկել՝ ոչ միայն ռուսական կողմից ակնկալիքներ ունենալով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, խնդիրը նրանում է, որ գործողությունները տեղի են ունենում խաղաղապահների պատասխանատվության գոտում, և, ինչպես արդեն ասել եմ, այդ իրադարձությունների մեկնարկից հետո խաղաղապահները մուտք են գործել տարածք, բայց, ցավոք, դրանից իրավիճակը չի կայունացել: Եվ, ըստ էության, մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական ուժերը հատուկ գնում են այդպիսի սադրանքների՝ նաև հակամարտության գոտում խաղաղապահների ներկայության փաստն արժեզրկելու համար: Եվ այս տեղային գործողություններն ունեն շատ ավելի լայն. գլոբալ հեռանկար, հեռահար նպատակ՝ խաղաղապահների դուրսբերման օրակարգ ձևակերպելու համար:

Համենայնդեպս, կարևոր է արձանագրել, որ առնվազն երեկվա դրությամբ՝ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել, և այս առումով բոլոր այդ գործողությունները մենք դիտարկում ենք այս համատեքստում: Ինչ վերաբերում է Հայաստանի պատասխանատվությանը, Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, որևէ պատասխանատվություն իր վրայից չի թոթափում, բայց նաև իրադրության կոնկրետ վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ այս գործողությունները պետք է մենք լուծենք խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ և Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցությամբ:

«Ազատություն» ռադիոկայան - Ի՞նչ է սա նշանակում, պարոն վարչապետ: Հնարավո՞ր է՝ ստեղծվի իրավիճակ, որ ադրբեջանցիներն ասեն՝ պետք է դուրս գան ռուս խաղաղապահները և պատերազմը շարունակվի՝ մեզ համար արդեն շատ վատ դիրքերից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, համենայնդեպս, քաղաքական այդպիսի հեռահար նպատակի ձևակերպում ես տեսնում եմ: Այսօր ուղղակի նման հարց դնել, իհարկե, չի ստացվի, բայց որ նրանք փորձում են խաղաղապահների ներկայությունն արժեզրկել, ակնհայտ է: Եվ այս առումով կարևոր եմ համարում, որ խաղաղապահների և Ռուսաստանի Դաշնության արձագանքը լինի համարժեք այս իրադրությանը:

«Ազատություն» ռադիոկայան - Հիմա ի՞նչ իրավիճակ է կոնկրետ Հին Թաղերում և Խծաբերդում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Տեսեք՝ ինչ իրավիճակ է. այդ տարածքում գտնվում են ռուս խաղաղապահներ, այդ տարածքում գտնվում են Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ, այդ տարածքում գտնվում են ադրբեջանական և մեր հետախուզական տվյալներով՝ նաև թուրքական որոշ ստորաբաժանումներ: Իրավիճակը բավական լարված է և բարդ է, և մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով և նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան: Ընդ որում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ մենք որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք: Բայց պետք է արձանագրել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում այդ հատվածը գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և պետք է գտնվի Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո:

 

Տեսեք, Դուք ասում եք՝ Հայաստանը պատասխանատվությունն իր վրայից թոթափո՞ւմ է, թե՞ չի թոթափում: Խնդիրն այն է, որ կա եռակողմ հայտարարություն ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, և, ըստ էության, այդ հայտարարության երաշխավորը հանդիսանում է Ռուսաստանը: Եվ հայտարարության դրույթների խախտումը պետք է արձանագրվի, և հայտարարության դրույթների խախտմանը պետք է հետևեն կոնկրետ քայլեր:

«Ազատություն» ռադիոկայան - Բայց, պարոն Փաշինյան, մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի պահպանում, ըստ էության, այդ համաձայնության պայմանները: Այս դեպքում ի՞նչ պետք է ակնկալել: Ռուս խաղաղապահներն ակնհայտորեն չեն մտնելու մարտի մեջ, և ի՞նչ պետք է անի հայկական կողմը: Արձանագրելուց բացի, արդյոք չպե՞տք է կոնկրետ քայլեր ձեռնարկվեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Այո: Եվ այդ քայլերը պետք է լինեն առաջին հերթին դիվանագիտական, ինչը և արվում է: Իհարկե, ասեմ նաև, Դուք տեղյակ եք, որ առաջին օրը տեղի են ունեցել մարտական գործողություններ, և Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, այսինքն՝ դիմակայել են հարձակմանը, և մարտը դադարել է այն պահից, երբ ռուս խաղաղապահները հասել են դեպքի վայր: Խնդիրն այն է, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ Պաշտպանության բանակը մարտական գործողություններ վարելու սահմանափակումներ ունի, որովհետև լինում են իրավիճակներ, երբ այդ մարտական գործողությունների արդյունքում կարող են խոցվել նաև խաղաղապահներ՝ սրանից բխող հետևանքներով: Եվ ուրեմն իրադրությունն առաջին հերթին պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական շփման ճանապարհով՝ հայտարարության դրույթներն իրագործելու տրամաբանությամբ:

«Ազատություն» ռադիոկայան - Անորոշ իրավիճակ է նաև Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն համայնքների շուրջ: Օրեր շարունակ մենք տեղեկություններ ենք ստանում, որ այնտեղ բնակիչներ, զինվորներ կան շրջափակման մեջ, այդ թվում՝ կանայք, երեխաներ: Հիմա ի՞նչ իրավիճակ է, և այս ուղղությամբ ի՞նչ պետք է անենք: Այս շրջանը հանձնվողների մեջ չէր, այդ գյուղերը հայկական տիրապետության տակ էին նոյեմբերի 9-ի դրությամբ, այսինքն՝ որևէ տրամաբանությամբ դրանք չպետք է անցնեին Ադրբեջանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրավիճակը Հին Շենի շուրջ արդեն հանգուցալուծվել է, և այդ հատվածում իրավիճակը հանգուցալուծվում է: Այդ խնդիրը լուծված է արդեն և գտնվում է լուծման փուլում: Խնդիրն այն է, որ կա հետևյալ պայմանավորվածությունը՝ Լաչինի միջանցքում, ինչպես բխում է համատեղ հայտարարությունից, չպետք է  լինեն ո՛չ ադրբեջանական և ո՛չ էլ հայկական զորքերի ստորաբաժանումներ, և ամբողջությամբ Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Եվ հիմա խնդիրն այն է, որ այդ պրոցեսը պետք է տեղի ունենա սինխրոն:

«Ազատություն» ռադիոկայան - Բայց չէ՞ որ այդ գյուղերը Շուշիի շրջանում են՝ ԼՂԻՄ-ի մաս կազմող:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Խոսքը զինված ստորաբաժանումների մասին է, խոսքը գյուղերի մասին չէ:

«Ազատություն» ռադիոկայան - Այսինքն՝ գյուղերը կմնան հայկական, և հայ բնակչությունն անվտանգության խնդիր չի՞ ունենա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բնականաբար, խաղաղապահների պատախանատվության գոտում է դա, և մարդիկ պետք է շարունակեն ապրել այդտեղ:

«Ազատություն» ռադիոկայան - Պարոն վարչապետ, խնդրահարույց իրավիճակ է նաև Սյունիքի սահմանների շրջակայքում: Պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ մի գյուղապետը հայտարարեց, որ այստեղ զորքեր չկան կամ բավարար չեն, ադրբեջանական տեխնիկա տեսան, ադրբեջանական զորքերը պահանջում են հետ գնալ: Ինչո՞ւ է ստեղծվել իրավիճակ, երբ գյուղացիներն ու գյուղապետը պետք է կանգնեն, բանակցեն ադրբեջանցի զինվորականների հետ: Ինչո՞ւ պետությունը նրանց թիկունքին կանգնած չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պետությունը կանգնած է նրանց թիկունքին, բանակային կորպուսի հրամանատարը և բանակի ներկայացուցիչներն անընդհատ այնտեղ ներկա են, և ամբողջ պրոցեսը կառավարվում և ղեկավարվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից: Իհարկե, եղել են այդպիսի դրվագներ, երբ հաղորդակցություն է տեղի ունեցել: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները նույնպես իշխանության ներկայացուցիչներ են, և ոչ մի տարօրինակ բան չկա, որ նրանք նույնպես կարող են լինել հաղորդակցության մեջ: Բայց ընդհանուր առմամբ ուզում եմ ասել և նաև այն կամավորական ստորաբաժանումները, որոնք գոյություն ունեն, իհարկե, նրանք նույնպես Զինված ուժերի մաս են կազմում և ենթակա են ընդհանուր ղեկավարման:

«Ազատություն» ռադիոկայան - Մենք կարո՞ղ ենք ասել, որ Սյունիքում ունենք բավարար չափի զինված ուժեր, որպեսզի իրականացնեն սահմանների պաշտպանություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, այնտեղ հիմա շատ կարևոր է արձանագրել, որ ընդհանուր առմամբ հետևյալ պրոցեսն է տեղի ունենում՝ ինչպես և ասել եմ, Սյունիքի հատվածում մենք պետք է իրականացնենք սահմանների ճշգրտում: Եվ ընդհանուր առմամբ ես ուզում եմ մեր խնդիրը ձևակերպել, թե որն է այս ամբողջ պատմության մեջ մեր խնդիրը, և ի՞նչ խնդիր է, որ մենք պետք է լուծենք:

Ինչպես նախկինում ասել եմ, կարևորագույն խնդիր է Հայաստանի շուրջ և Արցախի շուրջ կայունություն ապահովելը: Եվ, այո, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունները դադարել են, բայց մենք տեսնում ենք, որ, արդեն ասացի, արվում են իրավիճակն ապակայունացնելու փորձեր, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի իրավիճակը կայունանա: Սրա համար պետք է գնանք կոնկրետ որոշումների և անենք կոնկրետ քայլեր: Այդ քայլերի մեջ է մտնում նաև, ինչպես արդեն նշեցի, Սյունիքի հատվածում՝ Զանգելանի և Կուբաթլուի հատվածում, սահմանների ճշգրտման պրոցեսը: Բայց նաև պարզ է, որ այդ պրոցեսն ունի որոշակի բարդություններ: Ի՞նչ բարդություն կա. բարդությունն այն է, որ Գորիսը Կապանին միացնող հիմնական ճանապարհը՝ Խորհրդային միության ժամանակներին գոյություն ունեցող սահմանի տրամաբանությամբ, 21 կմ-ոց հատվածն այդ ճանապարհի երբեմն տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի տարածքից, և հիմա շատ կարևոր է, որպեսզի մենք այդ ճանապարհի բնականոն և անվտանգ գործունեությունը կարողանանք ապահովել:

«Ազատություն» ռադիոկայան - Եթե թույլ կտաք, վարկածներ են հնչում, որ Հադրութի շրջանի այդ գյուղերը հանձնվում են հենց այս ճանապարհի դիմաց, կոպիտ ասած:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եկեք պայմանավորվենք հետևյալ կերպ, հետևյալն ասեմ՝ դա դավադրության տրամաբանության և տեսության շրջանակում է, և այդպիսի բան լինել չի կարող, այդպիսի բան ուղղակի լինել չի կարող: Իրադրությունն այնպիսին է, ինչպիսին ես նկարագրեցի: Շարունակելով խոսքս՝ ուզում եմ ասել, որ այս պրոցեսները բարդ պրոցեսներ են, բայց մենք պետք է անպայման անցնենք այդ պրոցեսները և պետք է իրադրությունը կայունացնենք:

Եվ ուզում եմ անդրադառնալ նաև հետևյալ հարցին - որովհետև այդպիսի շեշտադրում և հարցադրում արվում է - թե տվյալ դեպքում ի՞նչ է նկատի առնվում Հայաստանի Հանրապետության սահման ասելով: Հայաստանի Հանրապետությունն անկախություն է ստացել որպես Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդ և նրա տարածքում: Քանի որ խոսվում է GPS-ով սահմանային կետերը ճշտելու վերաբերյալ, հիմա շատ քննարկումներ և շահարկումներ կան, թե իբր այդ սահմանային կետերը ճշտվում են Google-ի քարտեզի հիման վրա և այլն: Ես ուզում եմ հստակ պարզաբանել, որ այդ սահմանները ճշգրտվում են խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած և այդ ժամանակներից գոյություն ունեցող քարտեզների հիման վրա, իսկ GPS սարքերն օգտագործվում են քարտեզի վրա նշված կոորդինատները ճշգրիտ տեղանշելու համար: Ընդ որում, խոսքն այնպիսի քարտեզների մասին է, որոնք ունեն դե յուրե իրավական ուժ: Խոսքն ուղղակի ինչ-որ դարակից հանած քարտեզների մասին չէ, խոսքը Խորհրդային միությունում իրավական ուժ ունեցող քարտեզների մասին է:

«Ազատություն» ռադիոկայան - Պարոն վարչապետ, Խորհրդային միության քարտեզներով Արցախը լիովին Ադրբեջանի քարտեզների մեջ է մտնում: Այստեղ պարզաբանենք, որովհետև շատերն ասում են, եթե մենք ընդունում ենք, որ այս քարտեզները լեգիտիմ են և կիրառում ենք, ուրեմն ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության թեզը: Կխնդրեի պարզաբանեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք խոսում ենք Հայաստանի սահմանների մասին: Արցախի հարցն առանձին հարց է, և ինչպես իմ հրապարակած Ճանապարհային քարտեզով ասել եմ, Արցախի հարցի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններ պետք է վերսկսվեն, տեղի ունենան, ինչի առաջին քայլերը մենք տեսնում ենք, և Արցախի կարգավիճակը պետք է ճշգրտվի այդ համատեքստում:

«Ազատություն» ռադիոկայան - Բանակցություններին կանդրադառնանք: Ես կուզեի գերիների թեմայից խոսել: Նախ կուզեի վերջին օրերի տեղեկություններին անդրադառնալ: Պարբերաբար, հատկապես գիշերային ժամերին ստանում ենք տարբեր տեղեկություններ նոր գերիների մասին Հադրութ-Շուշի հատվածից: Ի՞նչ կարող եք ասել՝ արդյոք իսկապես կա՞ն նոր գերիներ, հայկական գերեվարված անձինք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Տեսեք, վերջին տեղեկատվությունը, որը եղավ, վերաբերում է էլի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածին, որտեղ, արդեն ասացի, բավական լարված իրավիճակ է, և Գլխավոր շտաբը, Պաշտանության նախարարությունը, Պաշտպանության բանակը ամբողջ գիշեր աշխատել են՝ այդ իրավիճակը պարզաբանելու և շտկելու համար: Եվ, այո, այդ տեղեկատվությունը  կա,  բայց էլի ուզում եմ ասել, որ սա այդ իրադարձության, նույն իրադարձության շրջանակում է: Այսինքն՝ դրանք ոչ թե տարբեր հատվածներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններ են, այլ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում է: Այո, իրավիճակն այնտեղ բավական բարդ է, այն բարդանում է նաև հաղորդակցության ուղիների դժվարանցանելիության բերումով, և Պաշտպանության բանակը, Գլխավոր շտաբը, Պաշտպանության նախարարությունը, ռուս խաղաղապահները այս րոպեներին էլ աշխատում են այդ իրադրությունը պարզաբանելու և շտկելու ուղղությամբ:

«Ազատություն» ռադիոկայան - Վերջին երկու օրերին հայկական կողմին փոխանցվեց 45 հայ գերի: Նրանց դիմաց, ինչպես հայտնի է, մենք  տվել ենք 12 ադրբեջանցի գերի, այդ թվում՝ այն երկու անձանց, ովքեր դատապարտվել էին հայ երեխայի սպանության համար, դիվերսանտները:  Ձեր ընդդիմախոսները պնդում են, որ չէր կարելի նման քայլի գնալ՝ հաշվի առնելով, որ նրանք մարդասպաններ են, դատապարտված են, հատկապես ամենասկզբում, երբ նրանց կարելի էր պահել, օրինակ, որպես խաղաքարտ հետագայում գերիներին հետ ստանալու համար: Ի՞նչ կասեք այս մասին:   

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Գիտեք, այդ հարցադրման մեջ արդեն կա հակասություն, որովհետև Դուք հարցն սկսեցիք նրանով, որ չէր կարելի իրենց հանձնել և ավարտեցիք նրանով, որ կարելի էր իրենց հանձնել:

«Ազատություն» ռադիոկայան- Ես տարբեր վարկածներ եմ ասում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Հարցը նրանում է, թե երբ կարելի էր դա անել: Այստեղ մենք պայմանավորվել էինք, արդեն ասվել է, որ պետք է բոլորը փոխանակվեն բոլորի հետ: Եվ ես կարծում եմ, որ ստեղծված իրադրության մեջ դա ճիշտ որոշում էր: Եվ ես նաև երեկ և անհետ կորածների, և ենթադրվող գերեվարված մեր զինվորների հարազատների հետ ունեցել եմ հանդիպում և պարզաբանել եմ՝ ի վերջո, նաև եկեք արձանագրենք, որ այդ որոշման արդյունքում Հայաստան վերադարձվեցին նաև մեր այն քաղաքացիները, ովքեր Ադրբեջանում էլի դատավճռով դատապարտված էին: Այլ բան, թե ով ինչքանով էր արդար դատապարտված, բայց մենք մեր քաղաքացիներին վերադարձնելու համար կայացրել ենք այդպիսի որոշում և ծանր որոշում: Եվ նաև այդ որոշումը կայացվել է՝ հետագայում գերեվարված անձանց  հաստատված դեպքերի շուրջ ավելի արագ և ավելի արդյունավետ համաձայնություններ ձեռք բերելու համար:  

«Ազատություն» ռադիոկայան -Մենք գիտե՞նք, թե որքան հայ գերի կա հիմա Ադրբեջանում, և ունե՞նք երաշխիք, որ բոլորը կվերադարձվեն: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք ունենք հաստատված դեպքեր և հաստատված դեպքերի ամբողջական վերադարձի շուրջ կա պայմանավորվածություն, և մենք ունենք տեղեկատվություն մեր զինվորների և քաղաքացիական անձանց մասին, որոնք կարող են գերեվարված լինել: Եվ մեր խնդիրը հետևյալն է՝ աշխատել...: Իմիջիայլոց, նաև այդ որոշումը կայացրել եմ, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ կենտրոնանալ չհաստատված դեպքերի շուրջ հետաքննություն, տեղեկատվության հավաքագրում իրականացնելու վրա, ավելի շատ կենտրոնանալ այդ խնդրի վրա, նաև կենտրոնանալ մարմինները դուրս բերելու ցավալի, բայց անհրաժեշտ գործընթացի վրա, նաև կենտրոնանալ այն հնարավոր դեպքերի լուծման վրա, երբ կարող են թիկունքում լինել մեր զինվորների խմբեր, որոնք պատսպարված են անտառներում կամ որևէ տեղ: Այսինքն՝ նկատի ունեմ, որպեսզի մենք կարողանանք ավելի արդյունավետ կերպով լուծել հարցերը, մենք պետք է այդ հարցերի շրջանակը հնարավորինս նեղացնենք: Այսինքն՝ լուծումներ տալով գնանք առաջ, որպեսզի ավելի մեծ եռանդ կարողանանք կենտրոնացնել արդեն դեռևս չլուծված հարցերի վրա:   

«Ազատություն» ռադիոկայան - Հաջորդ խմբի գերիների փոխանակման օրերի ժամկետ գիտե՞նք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Մենք հաստատված դեպքերի փոխանակումը, ըստ էության, ավարտում ենք և հիմա պետք է շարունակենք պրոցեսը չհաստատված դեպքերի, անձանց  շուրջ պարզաբանումներ մտցնելու ուղղությամբ:   

«Ազատություն» ռադիոկայան - Շատ լավ: Անցնենք ներքաղաքական թեմաների: Պարոն վարչապետ, գաղտնիք չէ՝ մի խումբ քաղաքական ուժեր, նաև նրանց հետ կապ չունեցող հանրության մի զանգված պահանջում են Ձեր հրաժարականը: Դուք ի պատասխան երկու օր առաջ ասացիք, որ ժողովրդի կողմից տրված կարգավիճակից կհրաժարվեք միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա: Խնդրում եմ պարզաբանեք՝ ի՞նչ է սա նշանակում: Արդյոք Դուք ասո՞ւմ եք, որ կհեռանաք միայն ընտրությունների միջոցով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Այո, Դուք ճիշտ եք: Դուք թվարկեցիք մարդկանց, քաղաքական շրջանակների, ովքեր պահանջում են իմ հրաժարականը: Բայց մենք տեսնում ենք, որ կան մարդկանց խմբեր, քաղաքացիներ, ովքեր պահանջում են հրաժարական չտալ: Եվ, հետևաբար, իմ գնահատականն այն է, որ վարչապետի կարգավիճակում՝ որպես ժողովրդի կողմից ընտրված վարչապետ, ես նաև ժողովրդի իշխանություն ձևավորելու հնարավորության և լիազորության պահպանողն եմ: Այսինքն՝ ի պահ է հանձնվել այդ իշխանությունն ինձ: Ոչ թե իշխանությունը, այդ կարգավիճակը պատկանում է ինձ, այլ այդ իշխանությունն ի պահ է հանձնվել ինձ, իսկ այդ կարգավիճակի տերը ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Եվ այդ իշխանության հետագա ճակատագրի համար ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առաջ: Եվ,  հետևաբար, խնդիրը ոչ թե այն է՝ ես հրաժարական կտա՞մ, թե՞ ես հրաժարական չեմ տա, խնդիրն այն է, թե ժողովուրդը կկորցնի՞ իշխանություն ձևավորողի իր կարգավիճակը, թե՞ կպահպանի:  Ես չեմ կարող թույլ տալ, որ ժողովուրդը կորցնի իշխանություն ձևավորողի և իշխանության տիրոջ իր կարգավիճակը: Եվ ես Ազգային ժողովի ամբիոնից հարց բարձրացրի՝ իսկ ինչո՞ւ այդ ուժերը չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ազատություն» ռադիոկայան - Նրանք ասում են՝ Դուք կկեղծեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Նրանք ունեն որևէ՞ փաստ, որ իմ վարչապետության օրոք թեկուզ մեկ ձայնի կեղծիք տեղի է ունեցել որևէ ընտրությունում: 

Ազատություն» ռադիոկայան – Ասում են՝ կարիք չունեիք 2018-ին կեղծելու, հիմա գուցե գնաք այդ քայլին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Կարիք գուցե, բայց մենք գիտենք, որ այն ուժերը, որոնք ուզում են, այսպես ասած, խլել ժողովրդի իշխանությունը, իրենց գործունեության ողջ ընթացքում զբաղված են եղել ընտրակեղծիքներով և իշխանությունը պահել են ընտրակեղծիքներով: Եվ, ի վերջո, եթե ժողովրդի ձայնը կկեղծվի, ժողովուրդը գիտի՝ ինչ անել: 

«Ազատություն» ռադիոկայան – Պարոն վարչապետ, բացի այս քաղաքական ուժերից, Ձեր ոչ թե հրաժարականի, այլ Ձեր հեռացման, կառավարության հեռացման մասին խոսել են նաև նախագահ Արմեն Սարգսյանը, կաթողիկոսները: Օրինակ, նախագահն ասում է, որ երկրում կա քաղաքական ճգնաժամ, որը պետք է հանգուցալուծվի, և փողոցում կանգնած մարդկանց թվով պետք չէ դատել այդ ճգնաժամի մեծ կամ փոքր լինելը: Դուք ի՞նչ եք կարծում՝ իսկապես այս իրավիճակում տրամաբանակա՞ն չէ, որ, օրինակ, լինի փոփոխություն գոնե վարչապետի և լինի անցումային կառավարություն, ինչպես, օրինակ, նախագահն է առաջարկում, թեկուզ ոչ այն ուժերի կողմից, որոնք այսօր փողոցում են:     

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Ո՞ւմ պետք է ներկայացնի այդ իշխանությունը:  Հենց այդ է: Երբեմն աշխատանքային մակարդակում մենք այս պրոցեսը կոչում ենք, այսպես ասած, էլիտար բունտ, որի իրական նպատակն իշխանությունը ժողովրդից խլելն է: Որովհետև հարցը հետևյալն է՝ ժողովո՞ւրդն է ձևավորում իշխանություն, թե՞ ինչ-որ մարդիկ փակ սենյակներում, պայմանավորվածություններով ձևավորում են իշխանություն: Ըստ էության՝ ի՞նչ է առաջարկվում: Ասվում է, որ եկեք այնպես անենք, որ ժողովուրդը չձևավորի իշխանություն, այլ իշխանությունը ձևավորեն ինչ-որ խմբեր, էլիտար խմբեր՝ փակ սենյակներում, փակ ակումբներում, փակ որոշումների հիման վրա: Սրանում է ամբողջ պրոբլեմը:

Ես արդեն ասացի, որ համարում եմ, որ ժողովուրդն այդ կարգավիճակը տվել է ի պահ ինձ: Դուք ասում եք, որ կան խմբեր, մարդիկ, ովքեր պահանջում են իմ հրաժարականը, բայց կան մարդիկ, ովքեր նույնպես հրապարակային արտահայտվում են, ովքեր ինձնից պահանջում են հրաժարական չտալ: Հետևաբար, իմ հարցն էլի նույնն է՝ ինչո՞ւ այդ մարդիկ, նրանք, ովքեր կարծում են, որ պետք է լինի փոփոխություն, ինչո՞ւ չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:  Որևէ մեկը կարող է բացատրել՝ ինչո՞ւ իրենք  չեն պահանջում արտահերթ  խորհրդարանական ընտրություններ:

«Ազատություն» ռադիոկայան - Ասում են՝ այս պայմաններում ի՞նչ ընտրություններ, երբ մարդիկ սգում են, էմոցիոնալ մեծ ֆոն կա: Օրինակ, Վազգեն Մանուկյանն ասում է՝ դեռ մեկ տարի առնվազն ընտրություններ հնարավոր չէ անցկացնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դրա համար ես ասում եմ՝ եկեք կենտրոնանանք իրավիճակը Հայաստանի շուրջ կայունացնելու և Հայաստանում կայունացնելու վրա և մտածենք հետագա անելիքների մասին: Իսկ ի՞նչ է լինելու այդ անցումային շրջանում, այդ անցումային շրջանում տեղի ունեցողի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է լինելու: Ի վերջո, ես ինքս անձամբ պատասխանատո՞ւ եմ արդյոք հետագա իրադարձությունների համար: Իհարկե, պատասխանատու եմ: 

«Ազատություն» ռադիոկայան - Դուք մի քանի անգամ ակնարկել եք, որ արտահերթ ընտրությունների եք պատրաստ, և դրա շուրջ կարծես բանակցություններ էլ կան:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Ես հետևյալն եմ ասում՝ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ  արտահերթ ընտրություններ չեն պահանջում: Իմիջիայլոց, հետևյալ հարցը կա՝ պետք է հասկանալ, թե ինչ հիմքով, ի վերջո, կան մեղադրանքներ, որոնք ուղղված են ինձ, բայց ընդդիմությունն ինքը չի նկատում այդ մեղադրանքների խորը հակասությունը:  Հիմա նույն ընդդիմությունն ինձ մեղադրում է նոյեմբերի 9-ին հայտարարությունն ստորագրելու համար, մյուս կողմից՝ հայտարարում է, որ չի պատրաստվում իշխանության գալու պարագայում Հայաստանի վարչապետի ստորագրությունն այդ փաստաթղթից հետ կանչելու ուղղությամբ որևէ քայլ ձեռնարկել: Իսկ ինչո՞ւ: 

«Ազատություն» ռադիոկայան –  Ասում են՝ բանակն այնպիսի վիճակում է, որ մենք պատրաստ չենք, երկիրը պատրաստ չէ ընդհանրապես նոր պատերազմի և նոր հակասությունների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Դե ուրեմն նրանք ընդունում են, որ այդ փաստաթուղթն ստորագրված է մի իրավիճակում, երբ հնարավոր չէր չստորագրել: Հիմա վերադառնանք այս ընդհանուր իրավիճակին:

Ես, իհարկե,  հայտարարել եմ  հրապարակային, որ ինձ համարում եմ այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն: Բայց ես ուզում եմ պատասխանատուն և մեղավորը չշփոթել իրար հետ: Հիմա ի՞նչ պրոցես է սկսվել: Այն բանից հետո, երբ ես հայտարարում եմ, որ ինձ համարում եմ այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն, այս իրավիճակի բոլոր, այդ թվում՝ առաջնային մեղավորները, փորձում են 25-30 տարի իրենց չարածի և, ընդհակառակը, հակապետական իրենց գործունեության մեղավորությունը բարդել մեզ վրա: Եվ այս երևույթը, կներեք, պետք է շատ կոնկրետ գնահատականի արժանանա: Եվ ի՞նչ նկատի ունեմ՝ ի վերջո, Հայաստանի նախկին և ներկա պաշտոնյաներից քանի՞ հոգի է միլիոնատեր, քանի՞ հոգի եվրոպաներում, օֆշորներում, ամերիկաներում ունի առանձնատներ, ներդրումներ և այլն, և այլն: Եվ, ի վերջո, նրանք պատրաստվո՞ւմ են բացատրել:

«Ազատություն» ռադիոկայան -  Պարոն վարչապետ, ներողություն, բայց երբ Դուք սկսում եք թվարկել այս խնդիրները, տպավորություն է ստեղծվում, որ Դուք բոլորին մեղավոր եք համարում, բացի Ձեզնից: Բայց, ի վերջո, Դուք էիք այս իրավիճակում երկրի ղեկավարը, և ասում եք՝ պատասխանատվություն ստանձնում եք, բայց մեղադրանքներն ուղղում եք այլ ուղղություններով: Ո՞րն է Ձեր մեղքը, պարոն վարչապետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Շատ լավ: Ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը:  Դա չի նշանակում, որ ես ասում եմ՝ ես մեղավոր չեմ: Ես ասում եմ, որ թիվ մեկ պատասխանատվությունը և թիվ մեկ մեղավորությունը եկեք իրար հետ չխառնենք: Որովհետև ես շատ պարզ հարց եմ տալիս: Մեզ ասում են՝ բա ինչո՞ւ այս 2,5 տարվա ընթացքում այս հարցը չի լուծվել, այն հարցը չի լուծվել, և թվարկում ենք 30 տարվա օրակարգ: Այո, իմ մեղավորությունը դա է, որ 2,5 տարվա ընթացքում չեն լուծվել բազմաթիվ հարցեր, որոնք կարող էին ավելի լավ լուծվել, և ես վերցնում եմ, ստանձնում եմ այդ պատասխանատվությունը: Բայց դա չի նշանակում, որ 30 տարվա, 25 տարվա չարածի մեղավորությունը պետք է բոլորը հրեն դեպի գործող կառավարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]