1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը. վարչապետ

Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու 
հնարավորությանը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը և «Արմենիա» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, ով վարակված է եղել կորոնավիրուսով և ավելի քան երկշաբաթյա բուժումից հետո դուրս գրվել հիվանդանոցից, պարետատան նիստից հետո հանդես են եկել ճեպազրույցով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նախ անդրադարձել է պարետատան այսօրվա նիստում տեղի ունեցած քննարկումներին։ «Չեմ ուզում թաքցնել, մենք քննարկել ենք մի քանի սցենարներ, այդ թվում՝ տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների հիմնական մասն արգելելու տարբերակներ: Ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ: Որովհետև մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լինենք, որ դրանք լուծելու են մեր խնդիրները: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետևյալն է. դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա: Որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, այլ ոչ հոկտեմբերին, դեկտեմբերին, նույնիսկ ոչ 2021-ի փետրվարին: Ինչպես տեսնում ենք՝ կորոնավիրուսի վարակն ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով, տարբեր տեմպերով ու հետևաբար, այս առումով անորոշությունները շատ են», - ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ իր պատկերացրած հիմնական լուծումը յուրաքանչյուրդ մարդու անհատական վարքի փոփոխությունն է։ «Ենթադրենք, ինչ-որ հրաշքով, վարչական լծակների օգնությամբ կորոնավիրուսի վարակի ցուցանիշը դարձել է զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի և եթե անհատական վարքագծի կուլտուրան չի փոխվում, ի վերջո, այն պահին, երբ բացվենք աշխարհի առաջ, պոտենցիալ վարակված մարդիկ գալու են Հայաստան և մենք ամեն ինչ սկսելու ենք նորից»,- նշել է վարչապետը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն, որ այսօր որոշում չի կայացվել պարետային ժամ և սահմանափակումների ռեժիմի վերադառնալու վերաբերյալ, դեռ չի նշանակում, որ վաղն այդ որոշումը չի կայացվի։ «Որևէ որոշում կայացնելուց առաջ մենք պետք է 100 տոկոսով համոզված լինենք, որ այդ որոշումն ու դրա կատարման որակը բերելու է որոշակի արդյունքների: Հայաստանում, որտեղ ինձ համար անակնկալ կերպով բացահայտեցինք, որ կա ընդհատակյա կյանք, սկսած ընդհատակյա հարսանիքներից, վերջին զանգերից, խնջույքներից, այլ ռեժիմներում էլ այդ ընդհատակյա կյանքը կարող է շարունակվել նույն տրամաբանությամբ և մենք ունենանք նույն խնդիրները»,- ասել է վարչապետը։

 

Նիկոլ Փաշինյանը բոլորին կոչ է արել Հայաստանում սկսել զանգվածային հակահամաճարակային շարժում, ինչը կնշանակի, որ մենք հսկողություն ենք սահմանում ոչ միայն անհատական, այլ նաև մեր միջավայրի վարքագծի վրա:

«Մեր խնդիրն է՝ աջակցել մեր առողջապահական համակարգին: Մեր առողջապահական համակարգն այսօր հրաշքներ է գործում: Մարդիկ հուսահատ, մահամերձ վիճակից վերադառնում են կյանքին: Մեր խնդիրն է այնպես անել, որ առողջապահական համակարգի կարողությունները չսպառվեն: Եթե շատ կոպիտ ձևակերպեմ, մենք պետք է կարողանանք հիվանդանալ, վարակվել այնքան, որքանով մեր առողջապահական համակարգը կարող է ընդունել, ունենալ մահճակալային, վերակենդանացման բաժանմունքի տեղեր: Իհարկե, մենք այս հզորությունները զարգացնում ենք,  կառավարությունը ոչ մի միջոց չի խնայի այս հզորությունների զարգացման համար, բայց մյուս կողմից մեզանից յուրաքանչյուրի անհատական վարքագիծը հակահամաճարակային շարժումն է, որով պետք է հաղթահարենք այս անորոշ վիճակը: Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ այս ժամանակահատվածում տեսչական մարմինները հատել են 22 հազար ստուգողական այցերի շրջանակը։ Այդ այցերի արդյունքում կասեցվել է 1490 տնտեսվարողի գործունեություն: «Մենք ոստիկանության հետ աշխատանքներ ենք իրականացնում, ինչը տալիս է իր արդյունքները: Արդեն նման միջոցառումներ են իրականացվել Դավիթաշեն, Նորք Մարաշ, Կենտրոն, Արաբկիր վարչական շրջաններում: Նախապես չենք իրազեկելու մեր միջոցառումների մասին, որպեսզի ոչ բարեխիղճ տնտեսվարողները, այո, անակնկալի գան և պատասխանատվություն կրեն իրենց վարքագծի համար: Այս ցանկում ներառված են բոլոր պետական հիմնարկները, օրինակ, մենք այսօր կասեցրել ենք կառավարական 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը»,- ասել է Ասոյանը։

«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, որն ընդամենը օրերս է հաղթահարել կորոնավիրուսը, մարդկանց հորդորում է արհամարհանքով չվերաբերվել վարակին։

 «Ես պատկանել եմ ռիսկի խմբին՝ հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, 68 տարեկան եմ։ Այդ պայմաններում տարել եմ կորոնավիրուսային վարակ, երկկողմանի թոքաբորբ, գտնվում էի շատ ծանր վիճակում։ Ես բուժվում էի իմ կոլեգաների մոտ ու նրանց շնորհիվ կարողացա հաղթահարել։ Հիվանդությունը բավական նամարդ հիվանդություն է, բավական գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ եւ կատարում իր չար գործը։ Պետք է լինել շատ զգույշ»,- ասաց նա։

Իր հերթին, Դավիթ Պատրիկյանը քաղաքացիներին կոչ է արել հետևել բոլոր կանոններին և հույս հայտնել, որ դրա արդյունքում մինչև այս ամսվա վերջ կկարողանանք հաղթահարել համավարակը։

«Եթե մենք այս համաճարակի ձեռքն ընկած լինեինք 100 տարի առաջ՝ աշխարհի բնակչության կեսը հաստատ չէր մնա։ Այսօր ի շնորհիվ այն անտիբիոտիկների, հակավիրուսային դեղորայքի, սարքավորումների, որ հնարավոր է ախտորոշվել, կարողանում ենք ճիշտ բուժում գտնել: Այն արժանի է բավականին լուրջ ուշադրության: Իհարկե, երիտասարդների մոտ այն ընթանում է հեշտ, սակայն նրանք վարակում են իրենց ընտանիքի ավագ անդամներին: Վերջիններիս բուժումը շատ աշխատատար է, երբեմն՝ անհնարին», - նշել է բժիշկը՝ ներկայացնելով իր բուժման ընթացքն ու առաջացած դժվարությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]