Մատչելիության հղումներ

Արա Բաբլոյանը կարող է մեկնել երկրից, դատարանը վերացրեց նաև Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը


Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը, արխիվ
Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը, արխիվ

Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարող է լքել Հայաստանը, այսօր նման որոշում է կայացրել դատարանը՝ բավարարելով Բաբլոյանի պաշտպանի դիմումը։

Փաստաբան Արամ Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դատարանին խնդրել էին, որպեսզի մի քանի օրով թույլատրի Արա Բաբլոյանին մեկնել Հայաստանից՝ աշխատանքային գործուղման։

«Դատարանին խնդրել էինք որպես վարույթ իրականացնող մարմին թույլ տալ, որպեսզի պարոն Բաբլոյանը մի քանի օրով, ըստ էության խոսքը գնում է 17-18 օրվա մասին, բացակայեր Հայաստանի Հանրապետությունից: Դատարանը լսեց դատավարության կողմին, իհարկե, առարկություն չկար, որովհետև նույնիսկ նախաքննության փուլում դատախազության կողմից բավարարվել էր մեր միջնորդությունը Շվեյցարիայի Համադաշնություն մեկնելու վերաբերյալ, այս պարագայում Բելգիայի Թագավորությունն էր, կրկին բավարարվեց: Տեղեկացնեմ նաև, որ այս ողջ ժամանակահատվածում պարոն Բաբլոյանը չէր մեկնել, որովհետև «Արաբկիր» բժշկական կենտրոնը ինտենսիվորեն ներգրավված էր Covid-ի դեմ պայքարի գործում», - նշեց Վարդևանյանը:

Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբլոյանն ասաց՝ քննությանը խոչընդոտելու խնդիր չկա, ինքը վերադառնալու է ավելի վաղ, քան դատական նիստն է նշանակված։

«Ուրախ եմ, որ ստացա թույլտվություն, որ մեկնեմ, որովհետև դա ոչ թե իմ անձին է հարկավոր, այլ հարկավոր է մեր երկրին, մեր ժողովրդին, այն երեխաներին ու այն հվանդներին, ովքեր որ բուժվում են «Արաբկիր» բժշկական համալիրում: Մյուս նիստը նոյեմբերի 18-ին է դրված, ես վերադառնում եմ հոկտեմբերի 4-ին», - նշեց Արա Բաբլոյանը:

Արա Բաբլոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Այս գործով անցնում է նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը։ Դատարանն այսօր բավարարեց նաև խափանման միջոցի վերաբերյալ նրա պաշտպանի միջնորդությունը։ Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված անձնական երաշխավորությունը վերացվեց, երաշխավորների վճարած 500 հազարական դրամ գումարները կվերադարձվեն։

Արսեն Բաբայանն, ըստմեղադրանքի, 2018 թվականի մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Ե՛վ Արա Բաբլոյանը, և՛ Արսեն Բաբայանը իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում այսօր ասաց՝ այս գործն ընդհանրապես չպետք է այլևս շարունակվի և դատախազությունը պետք է իր մեջ ուժ գտնի, թույլտվություն ստանա Նիկոլ Փաշինյանից, որպեսզի հրաժարվի ներկայացված մեղադրանքներից։

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի առնչությամբ քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա։ Նա, դիմելով գլխավոր դատախազություն, հայտարարել էր՝ 2018-ին Հանրապետական պատգամավոր Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ կիրառելով հանցավոր սխեմաներ։ Ըստ ՀՔԾ-ի, նախկին պաշտոնյաներն այնպես են արել, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը հայտարարի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին այն ժամանակ, երբ դեռ այդ հրաժարականը չի եղել, ինչից հետո էլ արդեն խորհրդարանը հին՝ 2005-ի Սահմանադրությամբ՝ մարտի 21-ին Թովմասյանին նշանակել է Սահմանադրական դատարանի նախագահ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG