Հայկական շուկայում առկա է բժշկական դիմակների պրոֆիցիտ՝ դիմակների ավելցուկ։ Այսօր ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է։ Կառավարության հերթական նիստում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը.
«Տեղական գործարանային դիմակները արժեն 60 դրամ, ներկրված դիմակները դեռևս թանկ են, քանի որ ներկրվել են երկու ամիս առաջ։ Նոր խմբաքանակը, որը դեռ նոր պետք է գա՝ կլինի էժան։Մենք արդեն արտահանել ենք հայկական արտադրության դիմակների առաջին խմբաքանակը։ Սակայն դիմակների ավելցուկի խնդիրը չի լուծվում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով այս խնդիրը կարող ենք լուծել՝ կոչ անելով մեր քաղաքացիներին կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ։
« Ակնհայտ է, որ դիմակների շուկայում էական գնանկում ունենք։ Մենք բազմիցս նշել ենք, որ գործարանային արտադրության դիմակները մնում են արդյունավետ պաշտպանիչ միջոց։ Կոչ ենք անում կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ, որպեսզի շուկայում չլինի դիմակների ավելցուկ»,-ասաց նա։