News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այն ինչ տեղի է ունեցել Հայաստանում, չեմ անվանի հեղափոխություն: Այս մասին Aravot.am-իհետ զրույցում ասել է պոլսահայ քաղաքական լրագրող, գրող Վերճիհան Զիֆլիօղլուն, որ հրապարակումներ է պատրաստել նաեւ BBC-ի, Washington Times-ի, Le Monde-ի,  France 24-ի համար, մասնագիտական գործունեության համար արժանացել մի շարք միջազգային մրցանակների:

«Որպես տարիներ շարունակ քաղաքական թեմաներով գրող պրոֆեսիոնալ լրագրող՝ ուզում եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, չեմ անվանի հեղափոխություն: Պայքարի առաջին օրերին (եթե անգամ այն հեղափոխություն չանվանեմ), ես մտածում էի, որ երիտասարդ Փաշինյանը, հնարավոր է, ինչ-որ բան փոխի Հայաստանում: Այսօր, սակայն, տեսնում եմ, որ չի կարող: Հայաստանում «նոր» քաղաքականությունը հիմնված է ժողովրդականության վրա եւ ոչ թե երկրում տիրող իրականության: Ամեն օր մենք տեսնում ենք միայն Փաշինյանի սելֆիները, մինչդեռ պետք է ավելին իմանանք նրա օրակարգի վերաբերյալ: Եթե խոսում ենք հեղափոխության մասին, ապա պետք է իմանանք, որ այդ բառը դինամիկա է ենթադրում... Ես ցավում եմ, բայց սա հեղափոխություն չէ: Այսօր Հայաստանում հանրությունը հիմնականում վստահում է Փաշինյանին, սակայն մարդիկ մոռանում են, որ Փաշինյանը մեկ հոգի է, իսկ հայաստանյան խնդիրները՝ հսկայական: Հայաստանը բավականին բարդ եւ զգայուն իրավիճակում է, երկրին ավելի լուրջ քաղաքականություն է անհրաժեշտ: Փաշինյանը Կանադայի երիտասարդ վարչապետ Ջասթին Տրյուդոն չէ եւ ոչ էլ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, իրականում Հայաստանը լրիվ տարբեր է այդ երկրներից»,- նշել է Վերճիհան Զիֆլիօղլուն:

Նա հավելել է, որ երբ տարիներ առաջ Փաշինյանը բանտում էր, ինքը բազմաթիվ հոդվածներ է գրել նրա ազատության համար ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային մամուլում:

«Ես միշտ աջակցել եմ նրան: Իսկ այսօր, երբ ես արտահայտում եմ իմ պրոֆեսիոնալ կարծիքը Հայաստանի նոր համակարգի մասին, Հայաստանում ապրող որոշ հայեր «հարձակվում» են ինձ վրա, գործակալ են անվանում, որովհետեւ թուրքահայ եմ, ասում են՝ գրիր Թուրքայի մասին, ոչ թե մեր Հայաստանի: Նույնիսկ հարցականի տակ են դնում իմ սերը Հայաստանի հանդեպ: Լրագրող ընկերներիցս ոմանք, որոնց տարիներով ճանաչում եմ, ահավոր ծանր բաներ են ասում ինձ դրա համար: Ես նրանց մի բան եմ ուզում հարցնել՝ որտե՞ղ է խոսքի եւ մասնագիտական կարծիք հայտնելու ազատությունը: Ես Հայաստանի թշնամին չեմ, բայց պրոֆեսիոնալներից մեկն եմ, որը շարունակելու է արտահայտել իր կարծիքը»,- ասել է լրագրողը:

Հարցին, թե, իր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված Սփյուռքի հիացական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հանդեպ, նա պատասխանել է. «Որպես երիտասարդ հայ՝ ես այժմ կորցրել եմ իմ հավատը, վստահությունն ինչպես Ստամբուլի հայերի, այնպես էլ սփյուռքահայերի հանդեպ: Նրանք ընդամենը ուտոպիաներ ունեն, մինչդեռ 2018-ին աշխարհը կարիք ունի ոչ միայն ուտոպիաների: Նրանք տրամադրված են սիրել Հայաստանը, եւ ես հաճախ ուզում եմ հարցնել՝ ի՞նչ իմաստ ունի այդ կերպ սիրել Հայաստանը, եթե սիրում եք ինչ-որ բան, ուրեմն նաեւ պետք է քննադատեք թերությունները: Մենք՝ հայերս, կարող ենք իսկապես ապրել քաղաքակիրթ երկրում, ունենալ Օքսֆորդի, Քեմբրիջի, Հարվարդի վկայական, բայց մեր ԴՆԹ-ն դեռեւս մնացել է այնպիսին, ինչպես գեղջուկներինը, «անատոլիացիներինը»:

Վերճիհան Զիֆլիօղլուն կարծում է, որ պետք է շարունակ առաջ մղվենք, մինչդեռ հետընթաց ենք ունենում: «Տպավորություն է, որ ոք չի մտածում Հայաստանի մասին, իմ Հայաստանն ասես որբ լինի: Եթե աշխարհով մեկ սփռված հայերն իսկապես սիրեին Հայաստանը, նրանք չէին խոսի միայն քաղաքական գործիչների, կոնյակի, Ծաղկաձորի ու նման այլ բաների մասին... Ամեն ինչ կանցնի, ու Հայաստանը կկարեւորվի որպես երկիր, ոչ թե ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը, թե չէ հիմա բոլորը եւ ցանկացած կազմակերպություն միայն իր մասին է մտածում, յուրաքանչյուրն իր անձնական օրակարգն ունի»,- ասել է պոլսահայ լրագրողը:

Լրագրողը Վերճիհանին հարցրել է, թե որպես քաղաքական լրագրող՝ ի՞նչ տպավորություն ստացել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայաստանյան այցից: Լրագրողն ասել է՝ որոշ սխալներ է նկատել. «Աշխարհի առաջատար երկրի հաջողակ քաղաքական գործիչ Մերկելը կարող էր գալ Հայաստան, սակայն նա եկավ Կովկաս, եւ ոչ միայն Հայաստան: Երկրորդ՝ Մերկելն այցելեց Ծիծեռնակաբերդ, սակայն հրաժարվեց արտաբերել ցեղասպանություն բառը: Իր պարագայում դա նորմալ է, քանի որ նա մտածում է սեփական երկրի ապագայի եւ շահի մասին: Սակայն Հայաստանում ոչ ոք չխոսեց դրա մասին, որովհետեւ զբաղված էին միայն սելֆիներով: Երրորդը հետեւյալն է. երբ ես դիտում էի ուղիղ միացումը Հյուսիսային պողոտայից, ուղղակի զարմացած եւ ցնցված էի, բոլորն ուզում էին Անգելա Մերկելի հետ սելֆի ունենալ, իսկ Հայաստանի «լուսանկարը» դրսի համար աննկատ մնաց: Չորրորդ՝ Հայաստանը կարող է լինել ապահով երկիր, բայց այսօր իրականությունն այլ է: Ինչպե՞ս կարող է Փաշինյանը Մերկելի հետ փողոցում իբրեւ ընկեր զբոսնելու համար պատասխանատվություն կրել»:

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի եւ նրա եղբոր այցին ու նրանց շուրջ եղած ոգեւորությանը: «Ցավոք՝ այսօրվա Հայաստանը կենտրոնացած է միայն սելֆիների, զվարճանքի, պոպուլիզմի ու «թավշի» վրա... Կուզենայի ավելին ասել, սակայն պետք է լռեմ»,- ասել է Վերճիհան Զիֆլիօղլուն:

Տպել
Ամենաշատ