211652_close_icon
views-count7165 դիտում article-date 23:20 04-12-2017

ՀՀ արտգործնախարարի խոսքը Ճապոնիայի Ազգային տոնի կապակցությամբ տրված ընդունելության ժամանակ

ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյան ելույթի խոսքով է հանդես եկել Ճապոնիայի Ազգային տոնի կապակցությամբ տրված ընդունելության ժամանակ։ ՀՀ արտգործնախարարը, մասնավորապես, ասել է. «Հարգելի պարոն դեսպան և տիկին Տագուչի, Հարգելի դեսպաններ, Տիկնայք և պարոնայք, Սիրելի բարեկամներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ: Հայաստանի ու Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 25-րդ տարում կարող ենք գոհունակությամբ նշել, որ երկու երկրների միջև ձևավորվել է միջպետական արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն` հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Հայ-ճապոնական հարաբերությունների համար շրջադարձային էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2012թ.-ի պաշտոնական այցը Ճապոնիա, որի ընթացքում կայացած բարձրաստիճան հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները և ընդունված Համատեղ հայտարարությունը ուղենիշ են մեր երկրների միջև համագործակցության վերընթաց զարգացման համար: Հարաբերությունների առավել ակտիվացմանը մեծապես նպաստեցին 2010թ.-ին Տոկիոյում, ինչպես նաև 2015-ին Երևանում երկու երկրների դեպանությունների հիմնումը՝ որոնք նոր խթան հաղորդեցին քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում փոխգործակցությանը: Աշխարհագրական առումով մեր երկու ժողովուրդներն, իրարից հեռու լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ունեն բազմաթիվ ընդհանրություններ և դա առաջին հերթին մարդկային ներուժն է՝ աշխատասիրությունը, նպատակաուղղվածությունը, ստեղծագործական նորարարության նկատմամբ ձիրքը, ինչպես նաև հարուստ պատմության, մշակութային ժառանգության և արժեքային համակարգի պահպանման նվիրվածությունը: Ճապոնական իմաստությունն ասում է. «Որպես բարեկամ՝ քայլիր իմ կողքից»: Ճապոնիան, որպես իրական բարեկամ մշտապես եղել է Հայաստանի կողքին սկսած 1988թ-ի երկրաշաժից և մինչ օրս մեր երկրում իրականացնելով բազմաթիվ զարգացման ծրագրեր՝ խթանելով իրականացվող բարեփոխումները: Մենք բարձր ենք գնահատում այդ բարեկամությունը: Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ կրկին անգամ շնորհավորել Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ և առաջարկում եմ բաժակ բարձրացնել՝ մաղթելով Կայսերական Մեծությանը քաջառողջություն, Ճապոնիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն, ինչպես նաև մեր երկու երկրների բարեկամական կապերի հետագա խորացում և ամրապնդում: Օմե’դետո՛ おめでとう (շնորհավորում եմ)»։

Նմանատիպ նյութեր