«Առաջին լրատվական»-ի մարզական մեկնաբան Դավիթ Ջալալյանը բաց նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:
Անդրադառնալով «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանի մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված վիրավորական արտահայտություններին, Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի Պարոն Վանեցյան, ես Դավիթ Ջալալյանս հանդիսանում եմ 1in.am լրատվական կայքի մարզական մեկնաբանը: Սույն թվականի օգոստոսի 31-ին «Վտանգավոր անուններ՝ Վարդան Մինասյանի ցուցակում. Շտապ օգնության մի քանի տարբերակ…» վերտառությամբ հոդված էի հրապարակել, անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների խաղամակարդակին՝ վերլուծելով Մինասյանի կողմից Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի հանդիպումներին հրավիրված խաղացողների ցանկը:
Մասնավորապես, նշել էի, որ մի քանի ֆուտբոլիստների խաղամակարդակը տվյալ պահին այն չէ և առաջարկվել էի լուծումներ: Անդրադարձ էի նաև մակեդոանական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի խաղին: Բարսեղյանի մասով մասնավորապես նշել էի․«Մեր հավաքականում կա ևս մեկ-երկու ֆուտբոլիստ, որոնց ներկայությունը ևս կարելի է վտանգավոր համարել: Խոսքը հատկապես վերաբերում է մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանին: Այս ֆուտբոլիստը վերջին տարիների գոլային պահերը փչացնելուց ու երկրպագուների նյարդերը քայքայելուց բացի՝ ոչնչով աչքի չի ընկել: Նրա խաղամակարդակն ուղղակի չի համապատասխանում մեր ազգային հավաքականին: Բարսեղյանի խաղի և թիմի մասին վառ պատկերացում կազմեցինք նաև Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման փուլում «Փյունիկի» հետ մրցավեճերում: Յուրա Մովսիսյանի և Ռուլան Կորյանի բացակայության պայմաններում որպես այլընտրանք առաջարկում ենք Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին և «Ալաշկերտի» ներկայացուցիչ Էդգար Մանուչարյանին: Վերջինս թե՛ ֆուտբոլային ինտելեկտով, թե՛ փորձով և վարպետությամբ մի գլուխ ավելի բարձր է Տիգրան Բարսեղյանից: Ճիշտ է, Մանուչարյանը գերազանց մարզավիճակում չէ, բայց վստահ ենք, որ նա, ինչպես նաև Կարապետյանը, անհամեմատ ավելի շատ օգուտ կտա մեր ազգային թիմին: Հուսանք, որ Բարսեղյանին գոնե չենք տեսնի հավաքականի մեկնարկային կազմում»:
Ս.թ․ սեպտեմբերի 22 –ին ՀՖՖ-ի տեխնիկական կենտրոնում տեղի ունեցած Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի «Գանձասար Կապան«-«Արարատ» հանդիպումից հետո «Գանձասար Կապան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը, ով հանդիսանում է Տիգրան Բարսեղյանի հայրը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել այս հոդվածին և հրապարակավ անհարկի վիրավորել իմ արժանապատվությունը՝ հնչեցնելով վիրավորական արտահայտություններ: Բացի դրանից վերջինս համացանցի միջոցով վիրավորական գրառում է կատարել այդ գրված հոդվածի ներքո, այսպիսով նաև փորձելով խոչընդոտել մասնագիտական գործունեությանս իրականացմանը:
Ինձ համար ընդունելի կլիներ, որ հանդիսանալով ֆուտբոլի մասնագետ Աշոտ Բարսեղյանը հիմնավոր փաստարկներով հակադարձեր այս հրապարակմանը: Լիխտենշտեյնի հետ մրցավեճում Տիգրան Բարսեղյանը փոխարինման դուրս գալով դարձավ հաղթանակ գոլի հեղինակ մեծ ուրախություն պարգևելով բոլորիս: Սա կարծում են Աշոտ Բարսեղյանի համար լրացուցիչ առիթ էր մասնագիտորեն ապացուցելու, որ իր որդին հիանալի ֆուտբոլիստ է և արժանի է խաղալու ոչ միայն Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում, այլև «Վարդարից» մի քանի անգամ ավելի բարձր կարգ ունեցող թիմերում:
Անթույլատրելի համարելով և չցանկանալով որևէ կերպ մեկնաբանել Աշոտ Բարսեղյանի կողմից արված վիրավորական արտահայտությունները ես պատրաստվում եմ պատվի, արժանապատվության, բարի համբավի վերականգնման վերաբերյալ հայց ներկայացնել Երևանի ընդհանուր իրավասությունների դատարան:
Հայաստանում տեղի են ունեցել դրական փոփոխություններ, բայց ցավով պետք է արձանագրենք, որ նախկին համակարգի ղեկավարման օրոք առկա արատավոր երևույթները կարծես չեն վերացել: Դրական փոփոխություններ են տեղի ունեցել նաև հայկական ֆուտբոլում և հույս ունեմ, որ Դուք տեղի ունեցածը անուշադրության չեք մատնի: Ակնկալում ենք, որ Ձեր հորդորով ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն ուսումնասիրելով նաև մեր հրապարակումը համապատասխան միջոցներ կձեռնարկի Բարսեղյանի արարքի վերաբերյալ: Մասնագիտական 15 տարիների ընթացքում սուր քննադատության ենք ենթարկել բազմաթիվ մարզիկների, մարզիչների, ղեկավարների, բայց նման արձագանք երբևէ չի եղել: Կարծիքների և դիտարկումների հետ կարելի է համաձայն չլինել: Դա չի նշանակում սակայն, որ գործը պետք է հասնի անձնական վիրավորանքների:
Իմ հրապարակումներում անձին ուղղված շեշտադրումներ երբևէ չեմ արել: Աշոտ Բարսեղյանը մամուլում արտահայտված կարծիքին ի պատասխան անձնական, անընդունելի վիրավորանքներ է հնչեցրել, ինչը համարում եմ անթույլատրելի: Ցանկացած համակարգում նմամանատիպ արարքները համապատասխան և տրամաբանական հետևանքներ են ստանում:
Համոզված ենք, որ Ձեր ղեկավարած ֆուտբոլային կառույցը կատարվածին համապատասխան՝ տրամաբանական արձագանք կտա»:
Հարգանքներով՝ Դ․ Ջալալյան