News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւան–Բրյուսել համաձայնագրի նրբությունների եւ թերությունների, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես այն կանդրադառնա հայ–ռուսական հարաբերությունների վրա, NEWS.am–ի հետ զրույցում պատմել է գիտությունների թեկնածու, քաղաքագետ Արեգ Գալստյանը։

«Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ու ԵՄ–ն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել։ Իսկ ի՞նչ է դա նշանակում Հայաստանի համար, եւ ի՞նչ հետեւանքներ ու արդյունքներ այն կունենա։

Ինչպիսին կլինեն արդյունքները՝ դեռ շատ դժվար է ասել։ Այդքան էլ շատ ժամանակ չի անցել, որպեսզի մենք կարողանանք խոսել ինչ–որ արդյունքների մասին անգամ կարճաժամկետ հեռանկարում, էլ չենք խոսում որեւէ միջնաժամկետ արդյունքների, առավել եւս երկարաժամկետի մասին։ Քաղաքական իմաստով նշանակությունը շատ ծանրակշիռ է, թեկուզ միայն այն պատճառով, որ Հայաստանը կարողացել է ամեն դեպքում 2 աթոռի նստել ՝ մնալով ԵՏՄ անդամ, ուր նա մտնում է առաջին հերթին քաղաքական, քան տնտեսական պատճառներով, քանի որ հասկանալի է, որ Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի ԵՏՄ որեւէ երկրի հետ։

Միաժամանակ ԵՏՄ–ի  հետ համաձայնագիրը նույնպես քաղաքական բնույթ է կրում, եւ այդ առումով դա «եւ–եւ» քաղաքականության պահպանման ձեռքբերումն է եւ Հայաստանի համար «կամ–կամ» ձեւաչափի պահպանման պայմանի բացարձակ անընդունելիությունը՝ հաշվի առնելով բարդ քաղաքական պայմանները։ Այդ իմաստով Հայաստանն, իհարկե, քաղաքական առումով շահել է, բայց կարծում եմ,  որ այս իրավիճակում շահել են բոլորը, քանի որ ԵՏՄ–ում վերազգային կառույցներում Հայաստանի պահով որեւէ լուրջ հակասություններ չկան։ Ավելին՝ շատ հարցեր, որոնք կապված են Հայաստանի հետ, մնում են միակը, որոնց շուրջ առաջատար ուժերը կարող են ընդհանուր լեզու գտնել։

Այդ պատճառով Երեւանը կարողացավ օգտագործել այդ իրավիճակը եւ դրանից լուրջ քաղաքական դիվիդենտներ քաղել։ Թե ինչի կհանգեցնեն դրանք ապագայում, դա ցույց կտա այն կետերի կոնկրետ կատարումը, որոնք անհրաժեշտ է լինելու կիրառել։ Դա արդեն զուտ տեխնիկական պահ է, բյուրոկրատիա, ռեալպոլիտիկ։ Դրանից է կախված այն, թե ինչպես ՀՀ կառավարությունը, եվրոպացի պաշտոնյաները կտրամադրվեն այդ հարցերի իրականացմանը, բայց դատելով առկա տրամադրություններից՝ այդ հարցում առաջընթաց կա, արդեն խոսակցություններ են գնում վիզային ռեժիմի պարզեցման մասին, այսինքն՝ սկզբունքորեն հարցերի կոմպլեքըս բարձրացվում է, եւ ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց մենք կտեսնենք որոշակի արդյունքներ։

Նախքան համաձայնագրի ստորագրումը որոշ հայ վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, որ այդ համաձայնագիրը երբեք չի ստորագրվի, որ Մոսկվան դա թույլ չի տա։ Ի՞նչ եք կարծում, եղել է նման խնդիր, եւ եթե այո, ապա ինչպես է լուծվել։

Երբեք մի ասա երբեք, հատկապես, երբ խոսքը քաղաքականության մասին է, քանի որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ամեն բան կախված է կոնկրետ իրավիճակից։ Այս դեպքում իրավիճակը որեւէ լուրջ մտավախություններ չէր կանխատեսում այն բանի շուրջ, որ Մոսկվայի կողմից ճնշում կգործադրվի, քանի որ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, արդեն արել է իր ռազմավարական ընտրությունը, եւ Մոսկվայում դա հիանալի հասկանում են։ Եվ լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը չէր կարող ԵՄ–ի հետ որեւէ լուրջ ռազմավարական երկխոսության հույս ունենալ։ Ստորագրվածը ոչ թե ռազմավարական քայլ է, այլ ավելի շուտ մարտավարական, քանի որ հասկանալի է, որ ԵՏՄ–ին՝ ռուսամետ դաշինքին անդամակցությունը ավտոմատ կերպով սահմանափակում է այլ ռազմավարական հնարքները։

Այսինքն՝ այս իմաստով ես կարծում եմ, որ Մոսկվան ոչ մի լուրջ մտահոգության առարկա չուներ։ Օրինակ, այն հարցերը, որոնք դրված էին 2013-ին, երբ Հայաստանը ստիպված էր ընտրություն կատարել, այդ հարցերն այլեւս չկային։  Մասնավորապես, ԵՄ–ի հետ նոր համաձայնագիրը չի ենթադրում եվրոպական կառույցներին Հայաստանի տնտեսության լուրջ ինտեգրում, բացակայում է նաեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին կետը, քանի որ դա հիմնական առաջնայնություններից էր եւ առանցքային կետերից մեկը, որոնք կարող էին առաջ բերել Մոսկվայի մտահոգությունը։ Եթե այդ կետերը չկան, ապա փորձագետների պնդումները, թե Մոսկվայի կողմից ճնշում կլինի, ավելի շուտ 2013 թվականից մնացած իներցիոն արձագանքներ էին։ Անխոս, եղել են խորհրդատվություններ, քանի որ Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, զուտ տեխնիկապես չէր կարող նման որոշում կայացնել, առանց այլ երկրների հետ խորհրդակցելու, քանի որ այդպիսին են տեխնիկական կանոնակարգերը։ Ես մտածում եմ, որ այդ մտահոգություններն ավելի շուտ զգայական էին, քան ինչ–որ լուրջ հիմք ունեին։

Այժմ հայ վերլուծաբանները ենթադրում են, որ Հայաստան–ԵՄ համաձայնագիրը շահավետ է Մոսկվայի համար, այդ պատճառով էլ Մոսկվան չի խանգարել դրա ստորագրմանը։ Դուք կիսու՞մ եք այդ կարծիքը, եւ բխում է արդյոք այդ համաձայնագիրը Մոսկվայի շահերից։

Առնվազն, չի հակասում նրա շահերին։ Բխում է արդյոք նրա շահերից՝ այլ հարց է. սկզբունքորեն, այո։ Կա մի քանի պատճառ։

Առաջին  հերթին Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ հայտնի ներդրող է, սակայն Եվրոպայի, ԱՄՆ–ի կողմից պատժամիջոցային պատերազմը եւ ճգնաժամը, որը վրա է հասել Մոսկվայի եւ Վաշինգթոնի, ինչպես նաեւ Բրյուսելի եւ Վաշինգթոնի հարաբերություններում, ինչ–որ առումով լուրջ տնտեսական հարված է հասցրել Ռուսաստանին։ Վերջին 2-3 տարիներին Ռուսաստանը գրեթե ոչինչ չի ներդնում Հայաստանում։ Իսկ Հայաստանը հիմա լուրջ արտաքին ներդրումների կարիք ունի, քանի որ անհրաժեշտ է լուծել լուրջ տնտեսական խնդիրներ։

Բացի այդ, Հայաստանից կապիտալի արտահոսք է սկսվել, եւ հայկական կապիտալի զգալի մասն արդեն Ռուսաստան է գնում։ Այդ իմաստով, երբ Մոսկվան, կոպիտ ասած, չի կարող Հայաստանին փող տալ, համապատասխանաբար պետք է ըմբռնումով մոտենա նրան, որ Հայաստանը փորձում է գոնե դիվերսիֆիկացնել քաղաքականության այդ տարրը։ Ռուսաստանում ուկրաինական ճգնաժամից հետո սկսել են հասկանալ, որ կա քաղաքական եւ տնտեսական պատասխանատվության տարանջատման անհրաժեշտություն։

Նույն Ուկրաինայում նրանք սատարում էին իշխանությանը, վարկեր էին տրամադրում, եւ ինչո՞վ դա ավարտվեց։ Այս առումով, Մոսկվան որոշ դասեր քաղել է, եւ այդ պատճառով հիմա խորհրդակցում են, փորձելով որոշել վտանգներն ու այն տեղերը, որտեղ նա չի կարող լցնել վակուումը։ Եթե իր ռազմավարական դաշնակիցները կարող են  այդ վակուումը լցնելու միջոցներ գտնել, օգտագործելով եվրոպական կամ ամերիկյան ռեսուրսները, ապա Մոսկվան կսկսի դրան ըմբռնումով մոտենալ։ Մյուս կողմից Հայաստանը՝ որպես ԵՏՄ անդամ, ստորագրելով ԵՄ-ի հետ քաղաքական համաձայնագիրը, մերձենում է ոչ միայն Եվրոպայի հետ՝ պահպանելով այդ երկխոսությունը պաշտոնական մակարդակով, բայց նաեւ հաստատում է երկխոսություն ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ։ Ամեն դեպքում, Հայաստանը Մաքսային միության եւ ՀԱՊԿ անդամ է, եւ Ռուսաստանը կարող է սրան նայել որպես ԵՏՄ հաղթանակի, քանի որ սա դառնում է ԵՏՄ-ին ու ԵՄ-ին կապող շղթա։

Քաղաքական առումով Հայաստանը մնում է այն դռներից մեկը, որը դեռ բաց է ԵՏՄ–ի եւ ԵՄ–ի միջեւ հաղորդագրությունների համար: Այսինքն՝ Հայաստանը կարող է հանդիսանալ որպես հարթակ՝ եվրոպական կառույցների ներկայացուցիչների միջեւ բանակցությունների համար՝ շրջանցելով պատժամիջոցային քաղաքականությունը: Այսինքն, եթե երկկողմ հարաբերությունների մակարդակով, օրինակի համար, Բեռլինն ու Փարիզը որոշակի սահմանափակող պատճառներով չեն կարողանում փոխգործակցել Մոսկվայի հետ, ապա ավելի հեշտ է դառնում դա անել Երեւանի միջոցով: Այսպես, թե այնպես ԵՏՄ եւ ԵՄ բանակցությունների համար Մոսկվային ձեռնտու է որոշակի հարթակների պահպանումը: Իհարկե, հարկ չկա ամենը կատարյալ համարել եւ այնպիսի նշաձող բարձրացնել, որին հետագայում դժվար լինի համապատասխանել, բայց, ամեն դեպքում, Մոսկվային ձեռնտու է բանակցությունների համար որոշակի հարթակի պահպանումը: Մոսկվան ԵՄ-ի խոշորագույն առեւտրային գործընկերն է, նրա տնտեսությունը սերտորեն կապված է Եվրոպայի հետ եւ այդ պատճառով  Մոսկվայում հասկանում են, որ փակել բոլոր դռներն ու լուրջ առճակատման գնալ չարժի:

Բացի այդ, 2018-ին Ռուսաստանում նախագահական ընտրություններ են եւ Կրեմլի համար անպայման կարեւոր է, որ Եվրոպայում չմտածեն, որ Մոսկվան ճնշում է գործադրում իր գործընկերների վրա, թույլ չի տալիս նրանց ստորագրել ինչ-որ համաձայնագրեր:

Չէ որ անհրաժեշտ է ոչ միայն ներքին օրինականություն, այլ նաեւ արտաքին, որպեսզի արտաքին խաղացողները նույնպես ընդունեն ընտրությունները, այդպիսին են խաղի կանոնները: Եվ եթե Կրեմլը ճնշում գործադրեր Հայաստանի վրա եւ թույլ չտար ստորագրել այդ համաձայնագիրը, ապա դա հերթական հակառուսական ալիքը կբարձրացներ Արեւմուտքում: Կբարձրանար 2018-ի ընտրություններն ընդունելու կամ չընդունելու հարցը: Այդ պատճառով նման սուբյեկտիվ եւ օբյեկտիվ գործոնները արձակեցին Հայաստանի ձեռքերը եւ թույլ տվեցին նրան գործնականում իրականացնել այդ համաձայնագիրը:

Հաշվի առնելով ժամանակակից Եվրոպայում առկա բազում խնդիրները՝ ի՞նչ քաղաքական եւ տնտեսական աջակցություն կարող է Հայաստանը ստանալ այս համաձայնագրի շրջանակներում։

Քաղաքական առումով, իհարկե, Հայաստանը չի կարող անտարբեր մնալ ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության նկատմամբ, թեկուզ միայն այն պատճառով, որ եթե Հայաստանը պասիվ լինի այս ուղղությամբ, ապա ակտիվ կլինի Ադրբեջանը: Մենք չենք ուզում, որ Ադրբեջանը օգտագործի այդ բոլոր գործիքները, որոնք, ի վերջո, մեր դեմ դուրս կբերվի:

Չպետք է մոռանալ, որ ԵՄ-ում կա մեծ հայկական սփյուռք, որից 600 հազարը ապրում է Ֆրանսիայում: Սա եւս կարեւոր գործոն է, որը կապում է մեզ ԵՄ-ի հետ: Սրան հետ մեկտեղ ԵՄ-ն Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն է: Հայաստանի արտահանման զգալի մասը, այսինքն` ընդհանուր արտահանման 26 տոկոսը բաժին է հասնում եվրոպական շուկային, այսինքն` մեզ օբյեկտիվորեն անհրաժեշտ է քաղաքական եւ տնտեսական երկխոսության գնալ Եվրոպայի հետ: Ավելին, մեզ անհրաժեշտ են եվրոպական արժեքները մեր պետության ժողովրդավարացման, ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերման, աշխատանքի վրա հիմնված տնտեսությունից գիտելիքի վրա հիմնված տնտեսության անցնելու համար։ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը այլընտրանք չունի։  Եթե մենք չենք ուզում պատմությունից դուրս հայտնվել, մեզ պետք է նրանց հետ համագործակցել՝ իհարկե, ելնելով մեր ազգային շահերից։  Այսինքն՝ մենք չպետք է հարցնենք, թե ում հետ ենք մենք՝ Ռուսաստանի, Եվրոպայի, թե՞ Ամերիկայի։ Մենք պետք է հարցնենք, թե ով է մեզ հետ։

Մենք ունենք որոշակի ազգային շահեր, որոշակի խնդիրներ, եւ մենք հարցնում ենք, թե ով է մեզ հետ, եւ ինչ միջոցներ կարող ենք օգտագործել, որպեսզի լուծենք այդ խնդիրները։ Եթե այսօր մեզ պետք է Եվրամիությունը այս խնդիրների լուծման համար, ապա մենք համապատասխանաբար կօգտագործենք այս ձեւաչափը:

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կարո՞ղ է խոչընդոտել ԵՄ–ի հետ համաձայնագրի իրականացմանը, եւ Երեւանը ստիպված լինի կրկին ընտրել մեկ ուղղություն

Ես կարծում եմ, որ ոչ: Նույնիսկ զուտ տեխնիկապես անհնարին է, քանի որ եթե նման խոչընդոտներ լինեին, ապա համաձայնագիրը չէր ստորագրվի: Եթե ինչ-որ լուրջ տեխնիկական տարաձայնություններ լինեին, ապա այդ համաձայնագիրը պարզապես չէր ստորագրվի: Այդ համաձայնագրի մեջ ներառված բոլոր դրույթների համար ոչ մի խոչընդոտ, ամեն դեպքում,  իրավաբանական ու տեխնիկական չկա: Եթե ի հայտ գան որոշ քաղաքական նախապայմաններ, իսկ դրանք միշտ կարող են ի հայտ գալ, բայց դա մենք հիմա իմանալ չենք կարող…Հնարավոր է, որ Մոսկվայի հարաբերությունները Բրյուսելի ու Վաշինգթոնի միջեւ այնքան սրվեն, որ Ռուսաստանն սկսի իր ռազմավարական գործընկերներին ճնշել եւ ստիպել այս կամ այն որոշումն ընդունել: Իրադարձությունների զարգացման այդպիսի սցենար ես դեռ չեմ տեսնում, բայց նաեւ չեմ կարող այն բացառել: Սակայն այս պահին դրան հանգեցնող ոչ մի նախապայման չկա:

Զրուցեց Մարիա Հովսեփյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ