ԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպանը «Ադրբեջանական լվացքատան» հետ կապված սկանդալային հայտարարություն է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը Ադրբեջանի մասնակցությամբ «Ադրբեջանական լվացքատուն» կոչված կոռուպցիոն սխեմայի վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արիֆ Մամեդովը հայտարարությունը տարածել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

Նախկին դեսպանը գրում է, որ «Ադրբեջանական լվացքատան» ուսումնասիրությունների արդյունքում պարզված հաջորդ հանգամանքները կապված են լինելու Ադրբեջանի և եվրապատգամավորների մասնակցությամբ սեքս- սկանդալի հետ: «Ես արդեն գրել եմ, որ Ֆրանսիայում Ադրբեջանի իշխանությունների գլխավոր լոբբիստը հանդիսացող «Ֆրանսիայում Ադրբեջանի ընկերներ» ասոցիացիայի նախագահ Ժան Ֆրանցիս Մանսելը և նրա կինը այլասերվածներ են և, կներեք մանրամասնելուս, համար նրանք խմբակային սեքսի սիրահարներ են: Գրեթե բոլոր լոբբիստները ունեն սեռական շեղումներ և տարօրինակ սեռական նախասիրություններ: Բաքուն եղել է տարբեր սենատորների և եվրապատգամավորների զվարճանքի սիրելի վայրերից մեկը:

Նրանք աշխատանքային գործուղման պատրվակով գալիս են Ադրբեջան, բայց իրականում գալիս են Բաքվում սիրային հանդիպումներ ունենալու համար և, իհարկե, այս ամենի համար վճարում է Ադրբեջանը: Հյուրանոցային սենյակները, որտեղ եղել են այդ հանդիպումները, նախապես կահավորված են եղել նկարահանող սարքերով և իշխանություններն ամեն բան տեսագրել են: Կարծում եմ, որ մեր իշխանությունները, կարդալով այս ամենը, հասկանում են, որ ես գիտեմ նաև շատ այլ բաներ»,- նշված է Մամեդովի գրառման մեջ: Նախկին դեսպանը ենթադրում է, որ վերջին աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներից հետո կարող են ջրի երես դուրս գալ նաև այդ տեսանյութերը:




Լրահոս