Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հարթակ տեղական և միջազգային նախագծերի իրագործման համար. Գեղագիտության կենտրոնը հավակնոտ ծրագրեր ունի

Հարթակ տեղական և միջազգային նախագծերի իրագործման համար. Գեղագիտության 
կենտրոնը հավակնոտ ծրագրեր ունի

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը, որը զբաղվում է մանկական արվեստի զարգացմամբ, ցուցադրությամբ, պահպանությամբ և գեղագիտական դաստիարակությամբ, կփորձի մասնագիտական հետաքրքիր հարթակ դառնալ և՛ երեխաների, և՛ երիտասարդների, և՛ մեծահասակների համար: Կենտրոնի առաջնահերթություններից է ներառականությունը տարբեր արվեստանոցներում ներդնելը, մարդկանց արվեստի ոլորտում մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն ընձեռելը:

Այն կդառնա տարածաշրջանում առաջին ուսումնական կենտրոնը, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան պրոֆեսիոնալ կրթություն ստանալ հատկապես կատարողական արվեստների ասպարեզում:

Կենտրոնի նպատակների, առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է տնօրեն Վահան Բադալյանի հետ, որն այդ պաշտոնում իր պարտականություններն ստանձնել է 2020-ի հուլիսից:

Նա հիշեցրեց, որ կենտրոնը բազմապրոֆիլ և արվեստի տարբեր ուղղություններով զբաղվող կառույց է, ստեղծվել է մոտավորապես 50 տարի առաջ Հենրիկ Իգիթյանի կողմից: Նախորդ տարի կենտրոնի Մանկական պատկերասրահը նշել է 50-ամյակը: «Այս տարիներին առաջնահերթություն է եղել երեխաների գեղագիտական ճաշակի ձևավորումը, դաստիարակությունը: Կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, երաժշտարվեստի, կատարողական արվեստների ուղղությամբ շատ մեծ աշխատանք է տարվել»,-ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ փորձում են պահպանել բոլոր ավանդույթները և ձգտում են Հայաստանում մասնագիտական հետաքրքիր հարթակ դառնալ և՛ երեխաների, և՛ երիտասարդների, և՛ մեծահասակների համար:

Այդ նպատակն իրագործելու համար կենտրոնը մասնագիտական տարբեր ուղղություններով կարճաժամկետ վարպետության դասեր է սկսել, որոնք հնարավորություն են տալիս 18 տարեկանից բարձր մարդկանց մասնագիտություն ձեռք բերել արվեստի որևէ ոլորտում՝ ժամանակակից պար,  ժամանակակից արվեստի պատմություն և այլն:

Կենտրոնում կառուցվածքային փոփոխություններ են սկսվել. որոշ կառույցներ վերանվանվում են, փոխում են իրենց անունները: Վահան Բադալյանի պատկերացմամբ՝ կենտրոնն առաջիկա հինգ տարվա ընթացքում նոր և ժամանակակից  հարթակ է դառնալու տեղական և միջազգային նախագծերի իրագործման համար:

Բադալյանը, որը նաև Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, անդրադարձավ միջազգային համագործակցություններին՝ նշելով, որ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար իր գործունեության ընթացքում առանցքային է համարել աշխարհի համար բաց լինելը: «Մի շարք եվրոպական ընկերությունների հետ ենք տարբեր ծրագրեր իրականացնում, ներառականության հետ կապված հսկայական գործ է արել թատրոնը և հիմա կուտակված փորձը, կապերն օգտագործելու ենք ի շահ կենտրոնի: Առաջիկայում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ բացվելու է ֆոտոցուցահանդես, երեխաների իրավունքների թեմայով թատերական բնույթի մեծ նախագիծ ենք նախապատրաստում՝ համագործակցելով Շվեդիայի հետ: Մեր կենտրոնի սաները, որոնք  հիմնական կրթական ծրագրերում են ընդգրկված, կպատրաստեն ներկայացման դեկորները, կոստյումները, կխաղան բեմադրության մեջ: Ներկայացումը կցուցադրենք ոչ միայն Երևանում, այլև մարզերում»,-տեղեկացրեց Բադալյանը:

Նա կարևորեց այն փաստը, որ Փոքր թատրոնը, որը կենտրոնի կազմում է, յոթ տարուց ավել Բրիտանական խորհրդի հետ համատեղ Հայաստանում ներառականության փորձն է ներդրել: Անելու են հնարավորը, որ ներառականությունը մյուս բոլոր արվեստանոցներում լինի, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները հնարավորություն ունենան զբաղվելու արվեստի իրենց նախընտրելի ճյուղով:

«Մեր առաջիկա անելիքներից մեկն է Հայաստանում հիմնել տարածաշրջանում առաջին ուսումնական կենտրոնը, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդիկ կկարողանան պրոֆեսիոնալ կրթություն ստանալ հատկապես կատարողական արվեստների ասպարեզում: Նախատեսում ենք պարի և թատրոնի ուղղությամբ աշխատել: Հենց հիմա բանակցություններ են տարվում Մեծ Բրիտանիայից մասնագետների հետ, որոնք մեզ օգնելու են մշակել կրթական ծրագրերը, տեղայնացնել, վերապատրաստել մեր մասնագետներին: Մեծ ծրագիր է, որը կարծում եմ՝ լավ արձագանք կգտնի: Ավաղ, վերջին իրադարձությունների հետևանքով հաշմանդամություն ունեցող մարդկանց քանակը կտրուկ ավելացավ, և մեր զինվորներին, երիտասարդ տղաներին պետք է նոր գիտելիք ստանալու, նոր լուսանցք բացելու երկրորդ հնարավորություն տրվի»,-շեշտեց Բադալյանը:

Խոսելով թանգարանի մասին՝ նա հայտնեց, որ այժմ այնտեղ կոսմետիկ նորոգում է իրականացվում. հանդիսատեսին նոր, թարմ միջավայրում ընդունելու ցանկություն ունեն, պատրաստվում են առաջիկա ցուցահանդեսներին:

«2022-ին լրանում է կենտրոնի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի 90-ամյակը: 17 տարեկան էի, երբ իմ նկուղային թատրոնից նա ինձ հրավիրեց աշխատելու Փոքր թատրոնում: Իգիթյանն իմ կյանքում կարևոր դերակատարություն է ունեցել: Ուզում ենք նրան նվիրված հետաքրքիր, ինտերակտիվ, նոր մոտեցմամբ ցուցադրություն պատրաստել: Հետաքրքիր նորություն  է նաև այն, որ մեր կենտրոնում ժամանակակից արվեստի ստորաբաժանում է ստեղծվել: Իմ նպատակներից է Գեղագիտության ազգային կենտրոնը աշխարհում լավագույն համաշխարհային մակարդակի մշակութային կառույցը դարձնել: Այս ամենն արվում է այդ նպատակով»,-եզրափակեց Վահան Բադալյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am