211652_close_icon
views-count11150 դիտում article-date 20:01 27-12-2022

Ծնունդդ շնորհավոր, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Լևոն Խաչատրյան. Քո ապրած ու չապրած կյանքով դու ապացուցեցիր՝ Դու կաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Լևոն Խաչատրյանի երկրային ծնունդը նշվեց Երևանում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիր վարչական շրջանի Արաբկիրի Հայորդաց տանը տեղի ունեցավ ապրած և չապրած կյանքի 35 տարիները «Ես կամ» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ։ 

Ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, հյուրեր՝ ոչ միայն մայրաքաղաքից ու Հայաստանի մարզերից, այլ նաև Արցախից։ 

Միջոցառման ժամանակ կենդանի կատարմամբ երգերով հանդես եկավ բազմաթիվ լեգենդ դարձած հերոս տղաների հուշ-ցերեկույթներին մասնակցած Մկրտիչ Ճրագ Գևորգյան Լախոն։

Հերոսի մայրն ու ընտանիքի անդամներն իրենց շնոհակալանքի խոսքն են ուղղում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ամենայն հայոց հայրապետ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին և Արաբկիրի Հայորդաց տանը՝ իրենց հյուրընկալելու և հերոս որդու հիշատակը հավերժացնելու համար հուշ-ցերեկույթին սատար լինելու համար։ 

***

Լևոն Դավիթի Խաչատրյանը ծնվել է 1987թ. դեկտեմբերի 25-ին, Երևանում։ Լևոնը ընտանիքի միակ արու զավակն էր, ունի երկու ավագ քույր։ Հաճախել է Հ. Պողոսյանի անվան 82 հիմնական դպրոցը։ Զբաղվել է սպորտով, հաճախել ֆուտբոլի և կարատեի, փոքրուց աչքի է ընկել իր աշխատասիրությամբ ու խելացիությամբ; Շատ ընկերասեր էր, բարի և կամեցող։ Սովորել է մեքենաշինություն և աշխատել։

2005 թ-ին ծառայության է անցել Իջևանի զորամասում։ Իսկ 2009 թ-ին ամուսնացել է։ Շատ հոգատար սիրող, ուշադիր ամուսին և երկու դուստրերի հայր էր Լևոնը։

Պատերազմի լուրը լսելուն պես նա ասել է. « Բալեքս, ես պիտի գնամ, կանգնեմ տղերքի կողքին, պաշտպանեմ ձեզ և բոլորին»։

Ոչ ոք և ոչինչ չկարողացավ խանգարել Լևոնին, նույնիսկ իր՝ այդքան սիրելի երեխաները։

Լևոնը կամավոր ռազմաճակատ է մեկնում սեպտեմբերի 28-ին։ Այդ ժամանակ աշխատում էր «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» գործարանում, իր իսկ աշխատանքային մեքենայով, որպես վարորդ, գնում է, զենք, սննդամթերք հասցնում տղաներին, կատարում տարբեր գործողություններ, միաժամանակ դիրք է պահում և կապ տալիս հրամանատարությանը։ 25 օր  լինում է Խոջալուի տանկային զորամասում։ Հրաման են տալիս, որ վերջին զենքը հասցնի Մաշկալաշեն և Կարմիր շուկա և հերթափոխով տուն վերադառնա։ Ճանապարհ ընկնելով՝ ընկերոջն ասում է. «Գեղ, սիրտս վատ բան ա վկայում, բայց գնում եմ»։

Լևոնը 2 անգամ հայտնվում է շրջափակման մեջ, բայց բարեհաջող դուրս գալով՝ հասնում է Կարմիր շուկա, 5 օր մնում է Կարմիր շուկայում և արդեն հրաման է ստանում տուն վերադարձի։ Տունդարձի ճանապարհին կրկին հրաման է ստանում՝ հետ գնալ և օգնել վիրավոր տղաներին հասցնելով շտապօգնության մեքենա։ Այդ օգնությունը Լևոնի համար դառնում է ճակատագրական։ Նա զոհվում է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, ԱԹՍ-ի հարվածից, բայց հասցնելով փրկել շատերի կյանքեր։  

Լևոնի մարմինը գտնվում է 37 օր անց։ Մինչ այդ, մինչ, փոքրիկ դուստրը՝ Անժելան, որը յուրահատուկ կապ ուներ հայրիկի հետ, զգացել էր հայրիկի զոհվելը. երազ տեսնելով՝ վեր էր կացել քնից և բարձր լացելով ասել. «Հայրիկին սպանեցին...»։
 
Լևոնը իր կյանքի բոլոր գույներն ու նպատակները նվիրեց հայրենիքին՝ մոռանալով իր իսկ սեփական երջանկության մասին։

Նրա աճյունը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հետմահու պարգևատրվել է «Արիության», «Մարտական ծառայության», «Ռուսալ Արմենալ», «Գթության Մայր», «Մարտական Խաչ» մեդալներով։

Հավերժ փա՛ռք Քեզ, հերոս։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 385+
385+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր