×


«5 պատմություն սիրո մասին»՝ Էվա Խաչատրյանից ու Մխիթար Ավետիսյանից

Երեւանի կամերային թատրոնում պրեմիերաների ակտիվ շրջան է, ընդ որում՝ խաղացանկում են հայտնվում ինչպես նոր ներկայացումներ, այնպես էլ հայտնի ու սիրված ներկայացումների վերաբեմադրություններ։ Ստեղծագործելու եւ ներկայանալու հնարավորությունից օգտվում են նաեւ սկսնակ դերասաններն ու ռեժիսորները։ Այդպիսով արդեն երկրորդ բեմադրությամբ թատրոնում հանդես է գալիս երիտասարդ դերասան, ռեժիսոր Դավիթ Աբրահամյանը, որի «5 պատմություն սիրո մասին» ներկայացման պրեմիերային ներկա է եղել նաեւ BRAVO.am-ը։

Թատրոնի դերասաններ Էվա Խաչատրյանի եւ Մխիթար Ավետիսյանի մասնակցությամբ նոր բազմաժանր ներկայացումը մեկ բեմադրության շրջանակում հինգ տարբեր պատմություններ է ներկայացնում կնոջ ու տղամարդու փոխհարաբերությունների մասին։ Դերակատարներն այդ ընթացքում հասցնում են հայտնվել մե՛կ շատ զավեշտալի, մե՛կ դրամատիկ, երբեմն նաեւ աբսուրդի հասնող իրավիճակներում, ընդ որում՝ փորձելով շատ արագ՝ վայրկյանների ընթացքում, զգեստափոխվել հաջորդ պատմության ու կերպարների համար։ Ինչպես Մխիթարն ու Էվան խոստովանեցին, նման բազմաժանր ներկայացման մեջ խաղալն իսկապես բարդ է դերասանական աշխատանքի տեսանկյունից, բայց միաժամանակ հնարավորություն է տալիս ներկայանալ մասնագիտական հմտությունների ողջ գունապնակով։


Դավիթ Աբրահամյանը, որ Կամերային թատրոնում արդեն հասցրել է հանդես գալ «Հայն ու hայը» ներկայացումով, խոսելով իր նոր բեմադրության մասին, ասաց, որ առաջարկը թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանն է արել՝ մտածելով փորձել իրեն նաեւ որպես ռեժիսոր. «Իհարկե, ես շատ դժվար ընդունեցի այդ առաջարկը, որովհետեւ հոգեբանությամբ ու էությամբ ես դերասան եմ։ Մեր ներկայացումն էլ եթե նայեք, կտեսնեք, որ շատ դերասանակենտրոն է, որովհետեւ ինձ համար լավագույն ռեժիսուրան այն է, երբ դերասանն առավելագույնս երեւում է, կարողանում է լիարժեք դրսեւորվել»։

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ ստեղծագործությունների հիման վրա է բեմադրել ներկայացումը։ Դավիթն ասաց, որ տարբեր հեղինակների ստեղծագործություններ են, որոնցից միայն երկուսն է պիես, իսկ մյուսները պատմվածքներ են, որոնք ինքն է վերածել պիեսի.«Դրա համար ավելի շատ ստացվում է, որ մտահղացման հեղինակը ես եմ։ Եվ թեկուզ հենց այդքանով հետաքրքիր է ներկայացումը, որ իրարից շատ տարբեր հեղինակների այս գործերը մի վայրում են, ու նրանց համախմբող մի ընդհանուր բան կա՝ կին-տղամարդ փոխհարաբերություններն ու սերը։ Հետաքրքիրն էլ այն է, որ այս ներկայացման մեջ որեւէ հատվածում մենք ուղիղ սիրո դրսեւորում չենք տեսնելու, այսինքն՝ այն կարծրացած պատկերացումները սիրո մասին այստեղ չկան։ Սերը միշտ ավելի երկրորդ պլանում կտեսնենք, որովհետեւ գործերն առաջին տպավորությունից լրիվ ուրիշ բաների մասին են»։


Ինչ վերաբերում է դերասանների ընտրությանը, ապա ռեժիսորը նկատեց, որ երբեմն գործն ինքն է ընտրում դերասաններին, եւ ոչ թե ռեժիսորը.«Մխիթարին շատ երկար ժամանակ ճանաչում եմ ե՛ւ բեմում, ե՛ւ բեմից դուրս։ Նրա բեմական փորձառությունը եւ տարբեր կերպարների հետ խաղալու ունակությունն ինձ ստիպեցին, որ տղամարդու կերպարում միանշանակ իրեն ընկալեմ։ Նաեւ ինձ պետք էր դերասանուհի, որը հուզական մեծ աշխարհ ունի, եւ որը շատ օրգանական, հավաստի լինելով հանդերձ՝ կարողանում է մեծ էմոցիաներ փոխանցել հանդիսատեսին։ Իսկ դա միանշանակ Էվան է։ Սա է հիմնական պատճառը, որ իրենց եմ ընտրել։ Իհարկե, միշտ անձնական համակրանքն էլ կա, դա ոչ ոք չի կարող հերքել, բայց այս դեպքում ավելի շուտ գործն իրենց ընտրեց»։

Դերասանները, խոսելով ներկայացման եւ ռեժիսորի հետ համագործակցության մասին, վստահեցնում են, որ մեծագույն հաճույքով են աշխատել միմյանց հետ, քանի որ Դավիթն իրենց է հավատացել ու վստահել, իրենք էլ՝ Դավիթին․«Հետաքրքիր մոտեցում է, ես Հայաստանում դեռեւս չեմ տեսել այսպիսի ներկայացում։ Իր 22 տարեկանում Դավիթը բավական խոր հոգի եւ միտք ունի։ Եվ ես շատ եմ սիրում հատկապես նրա ձեռագիրը, գրելու ունակությունը։ Շատ մեծ սիրտ ենք դրել այս ամենի մեջ, մեր եռանկյունին՝ Մխիթար Ավետիսյան, Էվա Խաչատրյան եւ Դավիթ Աբրահամյան, շատ մեծ սեր է ներդրել այս ողջ ընթացքում։ Անհանգիստ եմ, ինչ խոսք, բայց վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Վստահ եմ՝ հանդիսատեսն էլ շատ բան կհասկանա այս ներկայացումից»,- մեր զրույցում նշեց Էվան։

Դավիթ Աբրահամյանը եւ Մխիթար Ավետիսյանը


Մխիթար Ավետիսյանն էլ պատմեց, որ Դավիթին ճանաչում է շատ վաղուց, երբ նա դեռ դպրոցական էր.«Երբ մարդուն հավանում ես այդ տարիքից, հետո, երբ նա աչքիդ առաջ աճում է, ոչ թե հետընթաց է ունենում, դու սկսում ես հասկանալ, որ այդ մարդն ապագա ունի։ Ու կարեւորում ես նրա անցած այդ կարճ, փոքրիկ ճանապարհը եւ առաջարկին միանգամից դրական ես արձագանքում։ Լավ էր, որ ես համաձայնեցի․ Դավիթն ազնիվ է մոտենում այս ամեն ինչին, իր գործերը լավն են, ուրեմն պետք է քայլել նրա հետ»,- նկատեց դերասանը։


«5 պատմություն սիրո մասին» ներկայացման առաջնախաղի հանդիսատեսը ծափերով ընդունեց Դավիթ-Էվա-Մխիթար եռյակի աշխատանքը։ Ընթացքում էլ դերասանների կերպարանափոխության ու նոր պատմության մեկնարկի հետ ներկաները հետաքրքիր փորձության միջով էին անցնում՝ փորձելով մի հոգեվիճակից արագ անցնել մյուսին, վերցնել դերակատարների փոխանցած նոր էմոցիաները։ Այնպես որ, բազմաժանր այս ներկայացումն արդեն թատրոնի խաղացանկում է եւ սպասում է իր նոր հանդիսատեսին։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին