Մատչելիության հղումներ

Մոսկվան ընդունեց, որ «Սիրիայում կան տուժողներ Ռուսաստանից և ԱՊՀ-ից»


Ռուսաստանցի վարձկանը Սիրիայում, 20 փետրվարի, 2018թ.
Ռուսաստանցի վարձկանը Սիրիայում, 20 փետրվարի, 2018թ.

Ռուսաստանը երկու շաբաթ շարունակ պնդել է, որ Սիրիայում մարտական գրոհի ընթացքում տասնյակ ռուսաստանցիների զոհվելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, սակայն այսօր Արտաքին գործոց նախարարությունը խոստովանել է, որ կան տասնյակ տուժողներ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից:

Արտաքին գերատեսչության այսօրվա հաղորդագրությամբ Մոսկվան առաջին անգամ է պաշտոնական մակարդակով ընդունում կորուստների փաստը:

ТАСС ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, ԱԳՆ-ն պնդում է, որ կան մի քանի տասնյակ վիրավորներ, կան նաև զոհեր, սակայն նրանց թվում ռուսական բանակի զինծառայողներ չկան:

Այդ թեմայի լուսաբանումը ռուսական մամուլում ուշագրավ զարգացում ունի: Նախ՝ բուն փաստի ժխտում, ապա խոստովանում, որ «այո, գուցե մի քանի զոհ կա, թերևս, մի 5 հոգի», հիմա երրորդ փուլն է, Մոսկվան ընդունում է, որ տասնյակ մարդիկ են տուժել, նկատել է տալիս, որ տուժել են ոչ միայն ռուսաստանցիներ, այլև ԱՊՀ երկրների քաղաքացիներ, բայց ոչ մի զինծառայող չի մասնակցել փետրվարի 7-ի գործողությանը:

Սա Մոսկվայի դասական դիրքորոշումն է, որն արտահայտվում է մեկ տողով՝ «их там нет»: Մինչդեռ, փետրվարի 7-ին Դեր էլ-Զորի գավառի Հաշամ բնակավայրի մոտ իսկական մսաղաց էր:

Սիրիայի բանակի ստորաբաժանումը և իշխանամետ ջոկատները փորձել են հարձակվել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» անվամբ միավորման կենտրոնակայանի վրա: Միավորումն ամերիկացիների աջակցությունն է վայելում: Նրանք էլ կապ են հաստատել ռուսների հետ և զգուշացրել, որ գրոհին պատասխան կտրվի ու տեղեկանալով, որ «այնտեղ չկան ռուսներ»՝ անմիջապես գործի են անցել: Հրետանային և հրթիռային հուժկու հարվածներով ջախջախել են առաջ շարժվող ջոկատը և ուղղաթիռներով ավարտին հասցրել հակահարվածը: Ընդ որում ամերիկացիները գերադասել են չկենտրոնանալ հենց ռուսական գործոնի վրա, ասելով, որ ոչնչացրել են հարձակման փորձ կատարած հակառակորդին:

Ռուսների առաջին հաղորդագրությունում ասվել է, թե սիրիացի աշխարհազորայինները հարվածի տակ են հայտնվել ռուսական բանակի հետ գործողությունը չհամակարգելու հետևանքով, և տուժել է 25 մարդ:

Փետրվարի 14-ին Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե պետք չէ առաջնորդվել աղավաղված տեղեկություններով և խոսել Սիրիայում բազմաթիվ զոհերի մասին, իսկ հաջորդ օրը պնդել է, որ նախագահը բնավ չի արգելում միջադեպի լուսաբանումը կամ զոհերի թվի հրապարակումը:

«Այն, ինչ կարող էինք ասել՝ ասել ենք, ավելացնելու բան չունենք»,- հայտարարել է Պեսկովը և հավելել.- «Չի կարելի բացառել, որ Սիրիայի տարածքում կարող են լինել Ռուսաստանի քաղաքացիներ, բայց նրանք զինված ուժերի հետ կապ չունեն, սակայն, իհարկե, նրանք բոլոր դեպքերում մեր քաղաքացիներն են մնում»:

Երեկ արտգործնախարար Սերգեյ Լավրովն է անդրադարձել Հաշամի մոտ տեղի ունեցած բախմանը:

«Մենք կարդում ենք լուրեր հարյուրավոր և նույնիսկ հազարավոր ռուսաստանցի վարձկանների զոհերի մասին, այդպես փորձ է արվում շահարկել Սիրիայի պատերազմի թեման, պատերազմ, որը, դժբախտաբար, շարունակվում է, դա անպարկեշտ փորձ է»,- ասել է Լավրովը «Վալդայ» բանավեճի ակումբի նիստում:

Եվ ահա այսօր Մոսկվան խոստովանել է, որ կան կորուստներ: Պաշտոնական թվեր չեն հրապարակվել: Ընդգծվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի ծառայողները մարտին չեն մասնակցել:

Խոսքն այսպես կոչված «ՉՎԿ Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հետ պայմանագիր կնքած քաղաքացիների մասին է: Այդ ընկերությունն ի պաշտոնե կապ չունի Ռուսաստանի պետական կառույցների հետ, սակայն ենթադրվում է, որ մասնավոր խողովակներով ֆինանսավորում է ստանում Կրեմլին մոտ կանգնած գործարարներից:

«Վագներ» ընկերությունն անցյալ տարվա ամռանը ներառվել է ամերիկյան պատժամիջոցների ենթարկված ընկերությունների ցանկում:

Ռուսաստանի արտգործնախարարությունը նշում է, որ չունի անհատական կարգով Սիրիա մեկնած մարդկանց գործողություններին իրավական գնահատական տալու լիազորություն: Վիրավորների մեծ մասը հիմա բուժում է ստանում Ռուսաստանի հոսպիտալներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG