211652_close_icon
views-count3856 դիտում article-date 23:02 29-01-2021

Անցկացվել են միջոցառումներ՝ նվիրված սիրված բանաստեղծին ու երիտասարդությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս տարի մեր երկրի մշակույթի համար հոբելյանական է: Ազգովի նշում ենք մի շարք շնորհալիների ու սիրված արվեստագետների հոբելյարներ: Հասկանալի պատճառներով մեծ ու բազմամարդ միջոցառումներ նախատեսված չեն լինելու: Խոսենք մի շատ հետաքրքիր ու շատ հետաքրքիր միջոցառման մասին, որը տեղի ունեցավ հայ արվեստասեր ու գրքասեր հասարակության սիրված օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ գրականագետներ, արվեստագետներ ու ընթերցասեր հասարակություն՝ մասնակցելու մի հայրենանվեր միջոցառման՝ նվիրված արևմտահայ բանաստեղծ Միսաք Մեծարենցի 135 ամյա հոբելյանին: Միջոցառումը կրում էր «Սիրտըս՝ բոց մը՝ մըթնշաղին մեջ անհետ... » գեղեցիկ խորագիրը:Այստեղ անդրադարձ կատարվեց նաև երիտասարդների կողմից սիրված տոներից մեկին՝ Սուրբ Սարգիս Զորավարի հիշատակին ու նրանց օրհնությանը:«Սիրեցեք զիրար, շատ սիրեցեք, որպեսզի ապրեք». Կոմիտաս վարդապետի խոսքերով միջոցառումը բացեց ու վարում էր գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Լիլիթ Խալաթյանը: Ընթացքում նա ներկայացնում էր սիրված բանաստեղծի կենսագրությունից ու ստեղծագործություններից հետաքրքիր տվյալներ: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտորների միության անդամ, ականավոր կոմպոզիտոր Էդվարդ Հայրապետյանը: Նշենք,որ նա գրել է մի շարք վոկալ ստեղծագործություններ՝ ներկայացնելով «Առտուն» ստեղծագործությունն երաժիշտի տեսանկյունից։ Այնուհետև ցուցադրվեց «Առտուն» երգի երաժշտության հնչյունների ներքո Ազգային գրադարանի կողմից պատրաստված տեսանյութը: Սրա միջոցով մարդիկ հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուում առկա մեծարենցյան թեմայով գրականությանը, ինչպես նաև Մեծարենցի, նրա ընտանիքի, տան եզակի լուսանկարներին, մասունքներին, որոնք պահվում են Գրականության և արվեստի թանգարանում։Սիրված բանաստեղծի հատկապես սիրային բանաստեղծություններին ու դրանց ռուսերեն լեզվով թարգմանություններն ասմունքեցին, ինչպես նաև նրա նամակներից հատվածներ ընթերցեցին և նրա կյանքից հետաքրքիր մանրամասներ ներկայացրեցին Երևանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցի աշակերտները։ Նշենք այն հանգամանքն, որ մամուլում տպագրվելիս Միսաք Մեծարենցը հանդես է եկել մի շարք գրական կեղծանուններով: Մեծարենցի խոսքերի հիման վրա գրված երգով ու դաշնամուրային կատարումներով հանդես եկան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներ դաշնակահար Վահե Մկոյանն, երգիչներ Անահիտ Գաբրիելյանը և Ցոլակ Հարությունյանը։ Միջոցառումն ամփոփվեց բանաստեղծի ճանաչված <<Կարմիր ծաղիկ մը գարունի>> երգի կատարմամբ,որը ներկայացրեցին երգիչներ Անահիտ Գաբրիելյանը և Ցոլակ Հարությունյանը: Երգի հեղինակն է սիրված մտավորական հայ կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության կոմպոզիտորների միության նախկին նախագահ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանը: Ցերեկույթի վերջում մասնակիցներին ու կազմակերպիչներին ուղղված շնորհակալական ելույթով հանդես եկավ Էդվարդ Հայրապետյանը: Մի քանի խոսքով ներկայացնեմ օրվա միջոցառման ու Սուրբ Սարգսի տոնի մասին:Սկզբում նշեմ այն հանգամանքն, որ այս տարի Սուրբ Սարգսի հետ կապված տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են, փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը։ Սրա մասին հայտնել են Արարատյան Հայրապետական թեմից,որտեղից ներկայացրել են երկու կարճ հոլովակ` Սուրբ Սարգսի բարեխոսական աղոթքներով։ Ինչպես նշում են թեմից «Այսօր շատերն աղոթքի ու մխիթարության կարիք ունեն»։ Մի քանի խոսքով ներկայացնենք տոնի խորհուրդը: Սա Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տոներից։ Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։ Շատ հավատացյալներ այցելում են սբ. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Այսպիսով՝ այս գեղեցիկ ու յուրօրինակ միջոցառման կազմակերպիչներն էին գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժինը: Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին, Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան (Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատ գետի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, իսկ մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892 թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկնում ուսման մեջ։1895 թվականին Մեծատուրյանների ընտանիքը տեղափոխվում է Սեբաստիա (Սվազ) քաղաքը, որտեղ Միսաքը սկզբնապես սովորում է Արամյան վարժարանում, իսկ 1896 թվականից տեղափոխվում է Մարզվանի՝ ամերիկյան միսիոներների «Անատոլիա» կոչվող գիշերօթիկ քոլեջ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերում ընկերներ, դառնում ավելի շփվող, մասնակցում աշակերտների կազմակերպած թատերական ներկայացումներին։ Մեծարենցը քոլեջում հետաքրքրություն է ցուցաբերում գեղարվեստական գրականության հանդեպ, կարդում է գրականություն հայերենով, անգլերենով, թուրքերենով։ Հենց այս շրջանում է, որ ի հայտ է գալիս նրա ստեղծագործելու ունակությունը. նա սկսում է իր գրական առաջին փորձերը։ Ինչպես և հայտնում են հուշագիրները, նա բանաստեղծություններ է գրում իր ննջարանի պատերին, եղբոր առևտրական թերթերի հակառակ կողմում։ 1901 թվականին Սվազում Միսաքի հետ կատարվում է մի դեպք, որը ճակատագրական է դառնում նրա համար։ Թուրք մսագործ տղաները նրան շփոթում են իրենց հակառակորդի հետ, նրան ծեծի են ենթարկում և դանակահարում, ինչն էլ դառնում է բանաստեղծի՝ թոքախտով հիվանդանալու պատճառը։ Նա մի քանի ամիս բուժվում է Սուրբ Հակոբի վանքում։ 1901-1902 թվականներին Մեծարենցը աշխատել է եղբոր և հորեղբորորդու առևտրական տանը՝ իբրև հսկիչ։ 1902 թվականին նա գնում է հոր մոտ՝ Պոլիս, և սկսում է սովորել Կեդրոնական վարժարանում, սակայն հիվանդության պատճառով 1905 թվականին կիսատ է թողնում ուսումը։ Այդ ընթացքում նա արդեն աշխատում էր պարբերական մամուլում։ Միսաք Մեծարենցը վախճանվեց 1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը: Բանաստեղծի կենսագիր Թ. Ազատյանը այսպես է նկարագրում նրա մահը. «Մեծարենցի վերջին հրաժեշտը հուզիչ է ու եղերական: Կերթա մահվան անվրդով ու գիտակցությամբ...Հոգեվարքը կըսկսի աքաղաղներու կանչեն պահ մը առաջ, շաբթեն կիրակի լուսանալու գիշերը, երբ Միսաք կը խնդրե մորմեն առանձին թողուլ զինքը. «Մա՛յր, մյուս սենյակը... հանգստացիր...կը հատնե սիրտս... կը կանչեմ եկուր..»: Ու մայրը մինչ արցունք կը թափեր դուրսը հողին վրա, դրան բացվածքեն կիմանա մահամերձին երեք անգամ հազալը. ու «Մա՜յր...» հոգին տված է արդեն»: Հայ մեծանուն բանաստեղծը թաղված է Պոլսի Պալիքլի գերեզմանատանը: Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական-քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Նրա առաջին բանաստեղծությունը, որը գրվել է 1901թվականին և մտնում է «Բաբախումներ» խորագրով տետրի մեջ, ունի «Մարմնի վերք, սրտի վերք» վերնագիրը: Բանաստեղծական այդ շարքը լույս չի տեսել: 1903 թվականից Մեծարենցի բանաստեղծություններն սկսում են տպագրվել Պոլսի հայ պարբերական մամուլում («Հանրագիտակ», «Ծաղիկ», «Մասիս» և այլն): Իր առաջին ոտանավորները Մեծարենցը տպագրում է Սիրանույշ Պերպերյան ստորագրությամբ: 1904 թվականին հանդես է գալիս Շավասպ Ծիածան կեղծանունով՝«Ծաղիկ» հանդեսում տպագրելով «Սիրո թափառումներ» և «Գիրկընդխառնում» բանաստեղծությունները: 1905 թվականին «Մասիսում» տպագրում է «Նոպաները» և «Իրիկվան դեմ» քերթվածները՝ վերջնականապես ընտրելով Միսաք Մեծարենց գրական անունը: 1906 թվականին Մեծարենցը կազմում և հրատարակության է հանձնում բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը պետք է լույս տեսներ «Ոսկի արիշին տակ» վերնագրով: Գրաքննությունն արգելում է այդ վերնագրով գիրք հրատարակել, և Մեծարենցը այն վերանվանում է «Ծիածան»: 1907 թվականին լույս են տեսնում «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։Գրական գործունեության հենց առաջին քայլերից Մեծարենցը կատարել է թարգմանություններ ու փոխադրություններ («հայացումներ»), որոնք տպագրության է հանձնել 1905-1907թվականներին, իսկ մի քանիսը տպագրվել են ետմահու: Հայտնի չէ, թե քանի գործ է թարգմանել կամ հայացրել Մեծարենցը: Թ. Ազատյանը պնդում է, որ անտիպ են մնում «քանի մը անգլերեն թարգմանություններ», բայց չի կոնկրետացրել, թե ինչ նյութեր են դրանք: Հետագայում նա ձեռք է բերում թարգմանական մի հատված («Երկարաձիգ խավային գիշեր»): Հ. Սիրունին հայտնել է, որ Մեծարենցը «հայացումները ըրած է անգլիացի հեղինակներե, ինչպես Էմրսենեն»: Սակայն վերջինից որևէ փոխադրություն կամ թարգմանություն մեզ չի հասել: Մեծարենցի հրատարակած առաջին թարգմանությունը Ջեֆրի Չոսերի (1340-1400) ռոնդոներից («Եռանգ») մեկն է: Մի համառոտ ծանոթագրությամբ նա բացատրում է, թե ինչու հատկապես այդ բանաստեղծությունն է գրավել իր ուշադրությունը: «Եռանգը ինծի կհիշեցնե գրեթե իր ժամանակակից մեր սիրերգակներուն բանաստեղծությունները՝ սիրային զգացումի միևնույն կրակովը վառված»: Սա խոսում է այն մասին, որ Մեծարենցը թարգմանությունների հարցում ուներ որոշակի նախասիրություններ: Այս դեպքում նա տեսել է հոգեհարազատություն անգլիացի գրողի ռոնդոյի և միջնադարի հայ բանաստեղծների սիրային տաղերի միջև: Կ. Պոլիս տեղափոխվելուց հետո Մեծարենցն ուսումնասիրել է ֆրանսերենը և այդ լեզվին հմտանալու նպատակով էլ Փարիզի «Ռեվյու դե ռեվյու» հանդեսից փոխադրել ռուս գրող Մամին Սիբիրյակի (1786- 1912) «Խոստովանություն» ստեղծագործությունը՝ «Ձյունին տակ (ճամփու պատմվածք)» վերնագրով: Նա թարգմանել է անգլիացի գրող Թոմաս Լըվ Փիքոքի (1785-1866) «Սիրո թաղումը» բանաստեղծությունը, որի եղերերգական տրամադրությունը սրտամոտ ու հարազատ էր իրեն: Դասընկերներից մեկի վկայությամբ Մեծարենցը «թարգմանություններ կըներ Քիպլինկեն, որ 1907-ի Նոպելյան պսակավորն էր»: Նա Քիփլինգից (1865-1936) թարգմանեց «կենդանագրական» (անիմալիստական) գործերից մեկը՝ «Պիմի (Կապիկի մը պատմությունը)»: 1906 թվականին բանաստեղծը հրատարակեց ամերիկյան մանկագիր Էոժեն Ֆիլդի (1850-1895) երկու բանաստեղծությունները՝ «Հոլանտական օրոր» և «Փոքրիկ կապույտ տղան»: Նա թարգմանել է նաև անգլիացի գրող Օսկար Ուայլդի (1854-1900) «Դատաստանատունը» և «Իմաստություն սորվեցնողը» արձակ ստեղծագործությունները:Մկրտիչ Պեշիկթաշլյանից և Պետրոս Դուրյանից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ [b]Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր