Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆուտբոլի ազգային ընտրանու ձախողումը կամ հերթական կորսված ընտրական փուլը

Ֆուտբոլի ազգային ընտրանու ձախողումը կամ հերթական կորսված ընտրական փուլը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պարտվեց… կարծես ընտելանում ենք այս արտահայտությանը: Հերթական պարտությունները «մեր հին ընկեր» Դանիայից և Ռումինիայից, և վերջնականապես հօդս ցնդեց Մունդիալ-2018-ի երազանքը:

Մրցաշրջանի սկիզբը…

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշրջանը սկսեց արտագնա պարտությամբ: Դանիայում կայացած առաջին խաղը ընտրանին տանուլ տվեց 0:1 հաշվով: Այդ ժամանակ թիմը գլխավորում էր Վարուժան Սուքիասյանը:

Չկային հավաքականի մի շարք առաջատարներ, և Սուքիասյանը պարզապես խաղում էր պաշտպանության վրա: Հաջորդը Ռումինիան էր. Երևանում կայացած խաղը, որի հիմնական մասը մենք խաղում էինք 10 ֆուտբոլիստով, ավարտվեց 0:5 հաշվով՝ հօգուտ ռումինացիների: Անհաջող խաղի «մեղավորները», ըստ Սուքիասյանի, նաև... լրագրողներն էին:

Նրա համար վերջակետ եղավ Լեհաստանից կրած պարտությունը: Արտագնա խաղ՝ Լեհաստան-Հայաստան, 2:1: Խաղից ընդամենը երկու օր անց Սուքիասյանը հեռացավ՝ թողնելով ընտրանին զրո միավորով: Եվ անդունդի եզրին հայտնված հավաքականի ղեկը ստանձնեց Արթուր Պետրոսյանը: Նա եկավ, և ակնհայտ մի բան փոխվեց հավաքականի, երկրպագուների և մեր՝ լրագրողներիս մեջ: Այդ պահի համար Պետրոսյանի թեկնածությունը լավագույն լուծումն էր: Պետրոսյանին լավ գիտեինք հավաքականից դեռ այն ժամանակ, երբ խաղում էր, և նա ընդունվեց իր համեստությամբ: Առաջին խաղում հյուրընկալել էինք Չեռնոգորիային, և Գևորգ Ղազարյանի գոլը անհավանական խաղում հաղթանակ բերեց մեր թիմին (3:2):

Արդեն նոր տարում՝ 2017 թվականին, հավաքականը մեկնարկեց հաղթանակով՝ Երևանում կայացած խաղում ընտրանին 2:0 հաշվով հաղթեց Ղազախստանին: Ահա այս երկու հաղթանակներից հետո վաստակած 6 միավորն է, որ մնաց անփոփոխ մրցաշարային աղյուսակում մինչ այժմ: Հետո Պետրոսյանի թիմը պարտվեց Չեռնոգորիային, Ռումինիային և Դանիային՝ այս կերպ վերջնականապես փակելով դեպի Ռուսաստան տանող ճանապարհը: 

Արթուր Պետրոսյան. Մնալ, թե գնալ, այս է խնդիրը:

Թիմային մարզաձևերում կա չգրված մի օրենք. հաղթում են մարզիկները, պարտվում՝ մարզիչները: Պետրոսյանը հավաքականը գլխավորեց այն ժամանակ, երբ գլորվում էինք անդունդը: Բայց մի բան փոխվեց նրա գալուց հետո: Գիտեինք, որ անասելի դժվար կլինի Մունդիալի ուղեգիր նվաճելը, բայց հավաքականում մթնոլոտն այլ էր:  Մրցակիցները թույլերից չէին, բայց մենք  այն հավաքականների շարքն ենք դասվում, որոնք կարող են խառնել առաջատարների խաղաքարտերը: Բայց հիմա, երբ արդեն ավարտում ենք հերթական մրցափուլը, Պետրոսյանի հեռանալը հերթական անգամ կթուլացնի հավաքականին: Կգա մի նոր մարզիչ, ով ամեն ինչ կսկսի զրոյից: Իսկ արդյո՞ք ճիշտ կլինի նորից այդ ամենի մեջ թաթախվելը: Ինքը՝ Պետրոսյանը, պատրաստ է մնալ, պետք է նրան տալ այդ հնարավորությունը: Պետրոսյանը գաղափարներ  ունի, ըստ իրեն, որոնք հավաքականին պետք են: Պետք է նորից հավատանք մեր հավաքականին՝ անկախ ամեն ինչից:

Տապալվա՞ծ…

Մենք առջևում դեռ երկու հանդիպում ունենք՝ Լեհաստանի դեմ տնային և Ղազախստանի դեմ արտագնա խաղերում: Այս հանդիպումները մեզ ոչինչ չեն տա՝ ոչ հույս, ոչ էլ հնարավորություն: Վերջին խաղից հետո, երբ ֆուտբոլիստները հեռացան առանց որևէ մեկնաբանություն տալու լրագրողներին, ակնհայտ էր մի բան՝ հանդերձարանում ինչ-որ բան, ինչ-որ պահի այն չի եղել: Ընտրանու ֆուտբոլիստների խաղամակարդակները տարբեր են, և այդ մասին մենք գիտենք: Հայաստանի առաջնության մակարդակը մինչ օրս մնում է ցածր, և թիմերի քանակն էլ է խոսում այդ մասին: Բայց նվիրվածությունը, համառությունը, անսպառ հավատը երբեմն բավարար չեն լինում: Այդուհանդերձ, մենք հավաքականում ունենք Մխիթարյան, ով իր խաղով միշտ վտանգ է ներկայացնում մրցակցի համար: Բայց հասկանալի պիտի լինի մի բան. հակառակորդները շատ ուժեղ են հսկում Մխիթարյանին:


Խնդիրները, որոնք ունեինք մինչև Պետրոսյանի գալը, և խնդիրները, որոնք կան այսօր՝ այլ բևեռներից չեն:Բերեզովսկուց հետո դարպասապահի խնդիրը մնում է բաց: Պաշտպանական խնդիրներ կային, հիմա էլ կան: Այս երկու խաղերում չկար նա, ում հետևից կգնար հավաքականը:

Խավար օրերին միշտ էլ հաջորդում են լուսավորները… հայկական ֆուտբոլի համար այդ օրեր թվում են սարերի ետևում, բայց ոչ անասելի բարձր թվացող սարերի:

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները՝ Արմենպրեսի և Ֆուտբոլի ֆեդերացիայի արխիվից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]