Մատչելիության հղումներ

Ոսկեհասկի բնակիչները սպասում են Ռուսաստան մուտքի արգելքի վերացմանը՝ արտագնա աշխատանքի մեկնելու համար


Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչները ոգևորությամբ են ընդունել լուրերը, որ փետրվարի 1-ից դեպի Ռուսաստան մուտքի արգելքը կարող է հանվել հայաստանցիների համար։ 2000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղի հիմնական մասն իր ապրուստը վաստակում է Ռուսաստանի Սամարա քաղաքում արտագնա աշխատանքով։

Անցած տարի համավարակով պայմանավորված խոպանչիների մի մասը չհասցրեց մեկնել, մի մասն էլ մնաց Ռուսաստանում՝ չկարողանալով վերադառնալ: Վարդան Մինասյանը ստաժավոր խոպանչի է՝ 30 տարի դրսում է աշխատել, ասում է՝ անցած տարի չհասցրեց մեկնել, և հենց սահմանները բացվեն՝ առաջին մեկնողներից կլինի:

«Կարդացել եմ Facebook-ում, աշխատանքի առաջարկ կա, բացվի, գնալու ենք: Առանց խոպան հնարավոր չէ, շատ դժվար է», - ասաց Մինասյանը:

Արտագնա աշխատանքի չմեկնած գյուղացին նախորդ տարի հողագործությամբ ու անասնապահությամբ է զբաղվել, բայց ասում է՝ հաջորդ տարվա վար ու ցանքի համար գումար չի մնացել. «Աստծուն փառք, բանկերը յալվար են գումար դնելու տոկոսով բարձր, մտնում ես բան ուղղակի էլ չես կարող դուրս գալ, սաղ կյանքդ տոկոսները փակես»:

Զրույցին միացած 67-ամյա Սաշա Սարգսյանի որդիներն են դրսում արդեն մի քանի տարի: Դժգոհում է՝ Սախալինում աշխատող որդիները չեն կարողանում Հայաստանից աշխատողներ տանեն. «Շատ դժվար է: Հիմա իմ երեխաները այնտեղ են, ուզում են մարդ տանեն, աշխատացնեն, չեն կարողանում»:

Նաիրի Ավդալյանը մեկ անգամ է արտագնա աշխատանքի մեկնել: Թեև իր տան դիմաց էլ կարողանում է աշխատել ու տունը պահել, բայց որոշել է` ճանապարհները բացվելու դեպքում արտագնա աշխատանքի կմեկնի: Նաիրին ասում է՝ առանց խոպան մեկնելու գյուղի մեծ մասը չի կարողանում ապրել: Հարազատների օրինակն է բերում. «Անցած տարի փակ էր, ախպերս մնացել էր այստեղ, սաղ ախպերներս, լիքը մարդկանց կարամ ասեմ, որ վնաս են կրել: Գնացեք բանկերը հաշվեք, քանի հազար, միլիոնավոր մարդիկ վարկ ու պարտք ունեն»:

Արտագնա աշխատանքով վարկ ու պարտք են հիմնականում փակում: Նշում է, թե գյուղում չկա մի ընտանիք, որ բանկում վարկ չունենա, ինքը ևս ունի. «Վարկն ինչ է, որ մարդ չունենա, 2,5 միլիոն ունենք»:

Հայաստանի ամենաաղքատ մարզը համարվող Շիրակում ընտանիքների մեծ մասի համար որպես տուն պահելու միակ միջոց, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա արտագնա աշխատանքն է դիտարկվում:

Հայաստանի և Ռուսաստանի ելքի և մուտքի փոխադարձ արգելքների վերացման մասին օրերս խոսել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա նշել էր, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած այդ խնդիրը փորձել են ԵԱՏՄ շրջանակում լուծել, սակայն չի հաջողվել, որից հետո ռուսական կողմի հետ նախաձեռնել են հարցի մեկ այլ լուծում, որը Գրիգորյանի փոխանցմամբ՝ հնարավորություն է տալիս երկկողմ ազատ սահմանի սկզբունքը կիրառել այն քաղաքացիների համար, ովքեր ունեն քովիդի բացասական թեստ. «Կառավարության որոշումը այդ կարգը հաստատող դեկտեմբերի 27-ին, եթե չեմ սխալվում, արդեն ընդունել ենք, հաստատել ենք, հիմա սպասում ենք հայելանման կառավարության որոշման Ռուսաստանի Դաշնության, որը կարծում եմ` մոտ օրերս ուժի մեջ կմտնի, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG