211652_close_icon
views-count1357 դիտում article-date 21:24 21-11-2018

Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

Նոր ձևավորված հանձնաժողովի այսօրվա նիստում, որին մասնակցել են 80-ից ավելի անդամներ, հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ։ Մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է Վազգեն Սաֆարյանի օգտին։ Վերջինս իր ելույթի ժամանակ ներկայացրել է Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախորդ տարիների գործունեությունը, որտեղ մեծ ուշադրություն է դարձվել հատկապես արդյունաբերության ոլորտի խնդիրներին, էներգետիկ ոլորտին, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քաղավիացիայի խնդիրներին, հարկային համակարգին, պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանման անհրաժեշտությանը և այլն։ Սաֆարյանը կարևորել է ՀՀ կառավարության և պետական կառույցների հետ համագործակցության հաջողված օրինակները և հույս հայտնել, որ ապագայում այդ համագործակվությունն առավել արդյունավետ կլինի։ Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը, որը եղել է խորհրդի ամենաակտիվ և գործուն հանձնաժողովներից մեկը, իր մեջ ներառել է նեղ ոլորտային 15 ենթահանձնաժողով։ Հանձնաժողովի այսօրվա նիստը նախագահել է Վազգեն Մանուկյանը, որը նույնպես բարձր է գնահատել ՀԽ ֆինանսատնտեսական և բուջետային հարցերի հանձնաժողովի նախորդ տարիների գործունեությունը։ Մանուկյանը հանձնաժողովում ընդգրկված նոր անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հանրային խորհրդի գործունեությանը, լիազորություններին, պետության կյանքում Հանրային խորհրդի դերին ու նշանակությանը։ ՀՀ կառավարության կողմից Հանրային խորհրդի անդամ նշանակված 15 անդամներից Աշոտ Հակոբյանն ու Բաբկեն Պիպոյանը նույնպես ներկա են գտնվել և մասնակցել նիստի վարմանը։ Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների վերջնաժամկետը ս․թ․ նոյեմբերի 8-ն էր): Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով, Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը համալրվում է հաջորդ 15 անդամով, որից հետո 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում են թեկնածուներ և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ ամբողջացնելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր