«Անկեղծ, ես չեմ հասկանում, թե ինչու է Հրայր Թովմասյանը մինչև հիմա ազատության մեջ». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Հակառակ կարծիք ունենալը դժվար է այս իրավիճակում, երբ դու ակնհայտ տեսնում ես, թե ինչ մեթոդներով է գործում քաղաքական իշխանությունը»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս է գնահատում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, կիսո՞ւմ է այն տեսակետները, թե իշխանությունն ամեն գնով փորձում է իր վերահսկողության տակ վերցնել նաև Սահմանադրական դատարանը:

Հ. Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ իշխանությունը գործի է դրել ողջ գործիքակազմը, ինչը, ըստ նրա՝ հատուկ է բռնապետություններին. «Որևէ բանի առջև կանգ չեն առնում, և արդեն տեսնելով, թե ինչքան հետևողական են ՍԴ-ն նվաճելու իրենց ցանկության մեջ, պարզ է դառնում, որ նպատակն ամենևին էլ հենց ՍԴ-ն չէ, այլ այն պրոցեսները, որոնք կարող են կասեցվել ՍԴ-ի կողմից: Օրինակ՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, եթե ՍԴ-ն դա ճանաչի հակասահմանադրական: Չի բացառվում, որ ինչ-որ պայմանավորվածություններ կամ միջազգային պայմանագրեր լինեն Արցախի հետ կապված, որոնք նույնպես կարող են կասեցվել ՍԴ-ի կողմից:

Փաստն այն է, որ Ն. Փաշինյանը, շարունակելով երկիրը զավթելու իր քաղաքականությունը, սկզբից դա արել է օրենսդիր իշխանության նկատմամբ, հետո՝ գործադիր, հիմա աշխատում է դատաիրավական համակարգի դեմ, և ես անգամ չափազանցություն չեմ համարի, եթե ասեմ, որ նա հետևողականորեն կործանում է այդ բոլոր ինստիտուտները»:

Հարցին՝ մինչև ո՞ւր կգնան իշխանությունները, հնարավո՞ր է՝ Հրայր Թովմասյանը կալանավորվի, թեպետ դրա համար պետք է ՍԴ համաձայնությունը, նա պատասխանեց.

Կարդացեք նաև

«Անկեղծ, ես չեմ հասկանում, թե ինչու է Հրայր Թովմասյանը մինչև հիմա ազատության մեջ, որովհետև մնացած իր քայլերում Նիկոլ Փաշինյանը չի հետևել օրենքին, չի առաջնորդվել իրավական պետության սկզբունքներով, այլ առաջնորդվել է բացառապես իր կամքով: Ես զարմացած եմ, թե Հրայր Թովմասյանի դեպքում ինչու մինչև հիմա իշխանությունները չեն գնացել այդ քայլին. միևնույն է՝օրինական դաշտում նրանք այդ հնարավորությունը չունեն, և իրենք օրենքը խախտել են արդեն բազմիցս: Փաշինյանն արդեն հասկանում է, որ, եթե որևէ մի օր Հայաստանում իրավունքը վերականգնի իր ուժն ու ազդեցությունը, ինքը դատվելու է՝ և՛ իշխանությունը զավթելու, և՛ դատարանները շրջափակելու, և՛ մարդկանց ապօրինի հալածելու համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ քաղաքագետի՝ ոչնչացրել է ընդդիմադիր Նիկոլին. «Թքել, անցել է այդ ամեն ինչի վրայով: Հիմա նա ամեն ինչ անում է նույն ձևով, նույն սկզբունքներով, ինչը որ քննադատում էր, շատ տեղերում էլ գերազանցել է այն մարդկանց, ում քննադատում էր: Այս տեսակետից ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան այլևս գոյություն չունի: Ի դեպ, իշխանափոխություն իրականացնող Նիկոլ Փաշինյան էլ գոյություն չունի, այսօր մենք արդեն ունենք բռնապետությունից 5 պակաս մի իրավիճակ»:

Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրանք-դիմումին, ապա քաղաքագետի մոտ տպավորություն է, թե Նաիրի Հունանյանի հետ քաղաքական պայմանավորվածության սկիզբ է դրվում. «Նաիրի Հունանյանն ինչ կարող էր ասել, անցած 20 տարիների ընթացքում բազմիցս նրանից փորձել են ստանալ, թե որն է եղել իրականությունը: Ըստ էության, տեսանք, որ այդ ամենը չբավականացրեց քաղաքական խնդիրները լուծելու համար: Հիմա Նաիրի Հունանյանին առաջարկվում է գործարք, ես չգիտեմ՝ ով ինչ կթելադրի այդ գործարքի արդյունքում, բայց ակնհայտ է մի բան, որ այդ գործով զբաղվում է Նիկոլ Փաշինյանի հիմնական բանագնացը՝ Արման Բաբաջանյանը, որը ստանձնել է ամեն կեղտոտ և անբարոյական գործ կատարելու պարտականությունը»:

«168 TV»-ի տեսանյութը դիտել 16:25 րոպեից

Տեսանյութեր

Լրահոս