Մատչելիության հղումներ

Պարզվել են «Հայապակի» ընկերության գույքը առերևույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքները


Գլխավոր դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել «Հայապակի» ՓԲ ընկերության օտարման, սնանկության գործընթացը հանցավոր սխեմաների և մեքենայությունների միջոցով իրականացնելու, խաբեությամբ ընկերության գույքը հափշտակելու վերաբերյալ:

«Հայապակի» ընկերության գույքը խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակելու, սնանկության ընթացքում անօրինական գործողություններ կատարելու, խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելուն օժանդակելու, կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Դատախազության կողմից քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննութուն կատարելու հանձնարարությամբ:

Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված համակարգված հսկայածավալ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի թիվ 90 որոշմամբ 717 մլն դրամ արժողությամբ կանոնադրական կապիտալ ունեցող «Հայապակի» ՓԲԸ-ի՝ մոտ 574 մլն դրամ արժողությամբ 80 տոկոս պետական սեփականության բաժնետոմսերն ուղղակի վաճառքով, ընդամենը 145մլն դրամով, օտարվել են Ն.Ա.-ին՝ 3 տարվա ընթացքում 250 մլն դրամի ներդրումներ կատարելու և որպես սոցիալական երաշխիք՝ 700 աշխատատեղ ապահովելու պարտադիր պայմանով:

Սակայն Ն. Ա.-ն, ընկերության գույքին առերևույթ խաբեությամբ տիրանալու նախնական դիտավորությամբ, չի կատարել պայմանագրային պարտավորությունները: Ավելին՝ իր կողմից նշանակված տնօրենի միջոցով «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի վերածված ընկերությունը կառավարվել է անարդյունավետ, դիտավորյալ չեն կատարվել հարկային և այլ պարտավորությունները, ինչի հետևանքով դատարանի թվականի դեկտեմբերի 29-ի վճռով ընկերությունը սնանկ է ճանաչվել:

Ապա դատարանի կողմից նշանակված սնանկության գործով կառավարիչը լուծարային
գործընթացում, առանց ընկերությունն առողջացնելուն ուղղված միջոցառումների
ձեռնարկման, անօրինական գործողություններով, ակնհայտ անշահավետ պայմանագիր կնքելու դիտավորությամբ, ընկերության տնօրենի կողմից երաշխավորած անձի հետ, իբրև անկախ գնահատողի, կնքել է գնահատման պայմանագիր: Դրանով, անտեսելով գույքի հաշվեկշռային արժեքները և պատշաճ կերպով չձեռնարկելով գույքի շուկայական գինը որոշելու համար անհրաժեշտ միջոցներ, առանց որևէ հիմնավորման ԲԲԸ-ի ամբողջ գույքը գնահատվել է անհամեմատ ցածր՝ 121,3 մլն դրամ և կազմվել ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվություն։

Արդյունքում, սնանկության կառավարիչը, հիմք ընդունելով նշված կեղծ փաստաթուղթը, սկսել է ընկերության գույքի աճուրդային օտարման գործընթացը: Այդ ընթացքում Ն. Ա.-ն իր մտերիմի անվամբ հիմնադրել է մի ՍՊԸ և գործարար Ա. Ք.-ի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել ընկերության ողջ գույքը 1,5մլն դոլարով վերջինիս վաճառելու մասին։

Թվականի մայիսի 15-ին, լուծարային կառավարիչի կողմից կազմակերպված ձևական աճուրդով, «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի ամբողջ գույքը՝ 121,3 մլն դրամով ձեռք է բերել աճուրդի միակ մասնակից՝ այդ նորաստեղծ ՍՊԸ-ն, որը 2004 թվականի մայիսին արդեն ընդգրկվել է վերոնշյալ գործարարին պատկանող ընկերության կանոնադրական
կապիտալում:

Դատախազությունը տեղեկացնում է, որ Ն. Ա.-ն վերը նշված մեքենայությունների արդյունքում, լուծարային կառավարիչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի՝ առանձնապես խոշոր չափերով՝ 571 միլիոն 166 հազար ՀՀ դրամ արժողությամբ պետական գույքը: Այս ամենի արդյունքում փաստացի անտեսվել և խախտվել են նաև ՓԲԸ-ի բաժնետոմսերի մյուս 20 տոկոսի սեփականատերերի իրավունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG