Խաբարովսկում ձերբակալել են բողոքի ցույցերը լուսաբանող բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին
Խաբարովսկում այսօր՝ հուլիսի 31-ի առավոտյան, կալանավորվել է բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որը YouTube-ի իր ալիքով լուսաբանում էր նահանգի բնակիչների բողոքի ցույցերը, որոնք սկսվեցին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալությամբ։ Այս մասին գրում է Настоящее Время-ն։
Նշվում է, որ մի քանի ժամ անց նա ձերբակալվել է յոթ օրով և մեղավոր ճանաչվել զանգվածային ակցիայի ընթացքում երթևեկությանը խոչընդոտելու համար:
Ինչպես գրել է Ռոմանովն իր ֆեյսբուքյան էջում, իրեն ձերբակալել են «չարտոնված հավաքներին մասնակցելու, նրանց նկարահանելու, հեռարձակելու համար: Ռոմանովը գրել է, որ ձերբակալել են բնակարանի մուտքի մոտ, որի հասցեն ինքը ոչ մեկին չի տվել։
Ասվում է, որ Ռոմանովը Խաբարովսկի նախկին հեռուստահաղորդավար և լրագրող է: 2016-ին նա ստիպված է եղել լքել Ռուսաստանը և ընտանիքի հետ տեղափոխվել Վրաստան։ 2019-ին նա վերադարձել է երկիր:
Նշենք, որ Ռոմանովն ակտիվորեն լուսաբանում էր նաև 2018-ին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Դատարանում էլ Ռոմանովը ներկայացել էր «Դուխով» շապիկով։