29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը ոչնչացնում է Հայաստանի պետականությունը, և Մոսկվան սկսել է Բաքվի հետ խոսել ՀԱՊԿ թեմայով, քանի որ հիմա Ադրբեջանը շատ նպաստավոր դիրքում է. Ս. Տարասով

tarasov-634x445

Tert.am-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը անդրադառնում է սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման օրակարգին և հարցին, թե ինչո՞ւ է Մոսկվան բանակցում Բաքվի հետ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով անդամակցության մասին:

-Պարո՛ն Տարասով, սեպտեմբերի 8-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպումն է: ՀՀ և ՌԴ քաղաքագիտական շրջանակներում կա ձևավորված կարծիք, որ քննարկվելու է նաև Ղարաբաղյան հարց: Մանավանդ, որ դրան նախորդել էր Պուտին-Ալիև հանդիպումը:

-Պուտինը Սոչիում Ալիևի հետ խոսել է որպես ԵԱՀԿ ՄԽ եռանախագահող երկրի ղեկավար և Մոսկվան ղարաբաղյան հակամարտության հարցում իր ոչ մի նախագիծ չի առաջադրում: Արցախյան հարցով զբաղվում է Մինսկի խումբը և Մոսկվային ոչինչ չի խանգարում զարգացնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ:
Երկրորդ. երբ վերհիշում ես, թե ինչեր է ասել պարոն Փաշինյանն արցախյան հարցով, մարդու մազերը բիզ-բիզ է կանգնում: Նա սկզբում ասում էր, որ Ղարաբաղը հակամարտության կողմ է, ինչից հետո տեղի ունեցավ Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը՝ նախկին պայմաններով: Այսինքն՝ հին սխեմայով:

Երրորդ. պարզվում է, որ Զոհրաբ Մնացականյանի և Մամեդյարովի միջև բանակցությունները վերաբերում են տարածքային խնդիրներին… հիմա նայեք քարտեզին ու ասացեք խնդրեմ՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև տարածքային խնդիրներն ի՞նչ կապ ունեն, եթե խոսքը Ղարաբաղի մասին է: Այսինքն՝ առանց Ղարաբաղի տարածքային խնդիրնե՞ր են լուծում:

Մեկ այլ բան. գիտեք, որ սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության տոնն էր և ինչ՝ Նիկոլ Փաշինյանը նամակ է գրում ( ուղերձ) և նախանշում եռանկյունի՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք: Ինչից հետո Ալիևը, թյուրքալեզու պետությունների 6-րդ գագաթնաժողովին հանկարծ խիստ դրական է արտահայտվում Փաշինյանի դիրքորոշման վերաբերյալ՝ ասելով՝ հավատում է, որ ՀՀ իշխանությունները կցուցաբերեն կառուցողական դիրքորոշում: Հիմա հարց՝ որտեղի՞ց Ալիևին այդքան սեր ու լավատեսություն Փաշինյանի հանդեպ:

Հետևաբար, ես գտնում եմ, որ Փաշինյանն ինքը չգիտի՝ ինչ անել Ղարաբաղի հարցով, քանի որ վերջին 2-3 ամիսներին, 2-3 իրարամերժ հայտարարություն է արել և հիմա ուզում է ամեն ինչ գցել Մոսկվայի վրա: Մենք ենք ամեն ինչում մեղավոր»… Խաչատուրո՞վ, Մոսկվան է մեղավոր, Քոչարյա՞ն՝ Մոսկվան, Ղարաբա՞ղ՝ Մոսկվան: Եվ սա միայն իմ կարծիքը չէ, սա բոլոր ռուսաստանյան քաղաքագետների դիրքորոշումն է:

-Այդուհանդերձ, հանդիպումն ի՞նչ օրակարգ է ունենալու: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ քննարկվելու է նաև Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակով անդամակցության հարցը:

-Բանակցությունների օրակարգն ինձ հայտնի չէ, քանի որ ո՛չ ռուսաստանյան, ո՛չ հայկական կողմերը դրանք չեն հրապարակել: Առաջին մասով՝ հայ-ռուսական խնդիրների մեծ փունջ կա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասով Ձեր հարցին, գիտեք՝ վերջերս Սոչիում տեղի ունեցան Պուտին-Ալիև բանակցությունները, որոնք շատ արդյունավետ էին: Գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական, համագործակցության ընդլայնման մասին 16 փաստաթուղթ ստորագրվեց, ինչը ռեկորդային թիվ է: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանն ակնհայտորեն գնում է ՌԴ-ի հետ մերձեցման:

Ինչպես գիտեք՝ օրերս ելույթ ունեցավ Սերգեյ Լավրովը, որն իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ Խաչատուրովի հայտնի պատմությանը առնչվող: Ձեզ հայտնի է, որ մեր կողմից սա դիտվում է որպես ՀԱՊԿ հեղինակությանը մեծագույն հարված և գնահատվում որպես Հայաստանի կողմից ընթացակարգերի խախտում: Եվ ասեմ, որ հիմա ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղըզստանի միջև ընթանում են բանակցություններ, որպեսզի ՀԱՊԿ ղեկավարությունը փոխանցվի այբբենական կարգով հաջորդ երկրին՝ Բելառուսին: Ինչո՞ւ, քանի որ Հայաստանի կողմից մի գեներալի՝ մյուսով փոխարինելը չի երաշխավորում, որ վաղը՝ ինչ-ինչ պատճառներով այդ նոր գեներալը նույնպես քրեական հետապնդման չի ենթարկվի: Ինչպես գիտեք՝ հենց այնպես գեներալ չեն դառնում, մարդիկ իրենց պատմություններն են ունենում, իրենց մասնակցությունն են ունեցած լինում ինչ-որ իրադարձությունների: Սա մեր ինչի՞ն է պետք, և միայն նրա համար, որ հայերը գրագետ չեն վարվում: Սա շատ լուրջ խնդիր է, և անհայտ է, թե ինչու Փաշինյանն ու թիմը գնացին սրան: Մանավանդ, որ Փաշինյանն ունի Մնացականյանի նման որակավորված նախարար, որը կարող էր նրան հուշել ընթացակարգերի մասին: Եվ պարզ է՝ որ կամ Զոհրաբ Մնացականյանը չի կարողացել պաշտպանել իր դիրքորոշումը, կամ ամեն ինչ արվել է առանց նրա:

Այդ իսկ պատճառով, հետայսու, ՀԱՊԿ-ը նման հարվածներից զերծ պահելու համար ամենաողջամիտ քայլը կլիներ ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանի կողմից Բելառուսին փոխանցելը: Մանավանդ, որ այստեղ խոսքը միայն ՌԴ-ի մասին չէ, այլ մյուս երկրների նախագահների, որոնք այս ամենը նույնպես շատ վատ ընդունեցին:

-Բայց Հայաստանը համաձայն չէ և բազմիցս ասվել է, որ մինչև մեր նախագահության ժամկետ լինելու է ՀՀ ներկայացուցիչ:

-Հասկացեք՝ Հայաստանը խախտել է ընթացակարգերը, որոնք կան, ոչ մի տեղ չեն անհետացել: Եվ սա է մեր բարկության պատճառը, ոչ թե այն, որ Մոսկվան պաշտպանում է Խաչատուրովին:Սա ռազմաքաղաքական դաշինք է: Պատկերացրեք՝ եթե նման բան տեղի ունենար Ստոլտենբերգի հետ կամ վաղը ինչ-որ աղջիկ հայտարարի, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել: Թող նախքան քրեական հետապնդումը փոխեին Խաչատուրովին: Թե չէ Փաշինյանն այս ամենից հետո կանգնում, հայտարարում է, թե իր կարծիքով ճիշտ կլիներ, որ զինվորականների փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը ստանձնեին պետությունների ղեկավարները՝ հերթով: Սա «չայխանա» չէ, նման կառույցներում այդպես չեն վարվում: Մի խոսքով՝ Հայաստանը «պարտվել է» այս հարցում:

Երկրորդ. Ադրբեջանն, այ՛ո, պոտենցիալ կերպով կարող է ներգրավվել ՀԱՊԿ-ում՝ դիտորդի կարգավիճակով: Իհարկե, Հայաստանն ունի վետոյի իրավունք, բայց, եթե խոսքը լիարժեք անդամության մասին է, ոչ թե դիտորդի կարգավիճակի: Եվ իմ տպավորությամբ՝ ՀԱՊԿ-ում փաստաթղթերն այնպես են կազմված, որ Ադրբեջանի կողմից դիտորդի կարգավիճակ ստանալը կարող է անցկացվել քվեարկությամբ: Եվ պարզ է, որ ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը կողմ կլինեն: Եվ, ուզեք-չուզեք, Ադրբեջանը սրանով հնարավորություն կունենա ՀԱՊԿ ինչ-ինչ միջոցառումների ներկա լինելու դիտորդի կարգավիճակով: Հետևաբար, արդեն իսկ հնարավորություն կունենա այս կառույցի ներսում Հայաստանի դեմ ինչ-ինչ սահմանափակումներ դնել:

-Բայց չէ՞ որ Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ պաշտոնական որևէ հայտարարություն չի արվել, այլ Մեջլիսի ինչ-որ երկրորդական պաշտոնյա վերլուծություն է արել, թե ինչքան լավ կլիներ, եթե այդպես լիներ:

-Ընթանում է հրապարակային քննարկում: Եվ հարցն անգամ դա չէ, այլ միայն այն փաստը, որ Ադրբեջանը, որը մշտապես դեմ էր արտահայտվում, սկսել է այս մասով «զոնդաժ», արդեն իսկ շատ բաների մասին է խոսում: Եվ այստեղ կա նաև հարցի երկրորդ՝ սկզբունքային կողմը: Այն է՝ ինչո՞ւ է Մոսկվան, այնուամենայնիվ, Բաքվի հետ այս հարցով բանակցություններ վարում: Բանն այն է, որ հիմա Ադրբեջանի համար շատ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել՝ Հայաստանի քաղաքական իշխանությունների թուլացմամբ: Ձեր նոր իշխանությունը թույլ է, ավելին՝ լեգիտիմ չէ, քանի որ Փաշինյանը փողոցի ալիքով է եկել իշխանության, խորհրդարանում չունի մեծամասնություն: Եվ, տեսականորեն, խորհրդարանը ցանկացած պահի նրան կարող է անվստահություն հայտնել: Հետևաբար, հիմա հարց է առաջանում՝ իսկ ո՞ւմ հետ բանակցել, քանի որ Փաշինյանին, միգուցե, վաղը հեռացնեն: Կամ՝ ինչպե՞ս նրա հետ բանակցել, եթե նա ոչնչացնում է իշխանության ենթակառուցվածքները: Ավելին՝ նա Հայաստանի պետականությունն է ոչնչացնում, ինչը Մոսկվային շատ մեծ անհանգստություն է պատճառում, եթե նկատի ունենանք, որ Հայաստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է: Եվ Հայաստան-ՀԱՊԿ փոխհարաբերությունները նախկինում Հարավային Կովկասում շատ բաներ էին կանխորոշում, իսկ հիմա դա չկա: Եվ սա էլ կքննարկվի Պուտին-Փաշինյան բանակցություններում: Մեր կանխատեսումներով՝ սեպտեմբերի 8-ին Պուտին–Փաշինյան բանակցությունները ծայրաստիճան կոշտ են լինելու: Այն պարզ պատճառով, որ Փաշինյանը ՌԴ իշխանությունների քաղաքական վստահության պաշարը սպառելու եզրին է: Ասեմ, որ առաջին անգամ Սոչիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ մեր նախագահը խնդրեց, որ «դուք՝ ՀՀ նոր իշխանություննե՛ր, զբաղվե՛ք, պատրաստեք ճգնաժամից դուրս գալու ծրագիր, բարեփոխումներ, ներկայացրեք մեզ, կաջակցենք և հիմա անցյալը փորփրելու ժամանակը չէ»: Բայց պարոն Փաշինյանը հենց վերադարձավ Հայաստան, անմիջապես եղավ Քոչարյանի կալանավորումը: Եվ այստեղ էլ կար ընթացակարգի խնդիր, եթե ուզում էին Քոչարյանին «վերցնել», թող նախ փոփոխեին Սահմանադրությունը և դրանից հետո նրա նկատմամբ մեղադրանքներ առաջ քաշեին: Եվ հիմա ընկեր Փաշինյանը ուզում է տպավորություն ստեղծել, թե Մոսկվան միջամտում է Հայաստանի ներքին գործերին, պաշտպանում է Քոչարյանին, Խաչատուրովին: Սա կեղծիք է:

-Ամեն դեպքում, «եռացող» Հայաստանի մասին խոսող Լավրովի մասին հարց տված լրագրողին երեկ Նիկոլ Փաշինյանն ընդհատեց ասելով, որ շոգ է: Ամեն դեպքում, Սերգեյ Լավրովի հայտարարությունները ևս դիտարկվում են որպես միջամտություն ՀՀ ներքին գործերին:

-Ռուսաստանը չի միջամտում, մեկնաբանում է, որի իրավունքն ունի յուրաքանչյուր երկիր: Մոսկվան Հայաստանում իրավիճակի վերաբերյալ իր գնահատականն է տալիս: Նույնկերպ, Հայաստանը կարող է գնահատական տալ ռուսաստանյան ցանկացած իրադարձության և դա չի նշանակում, որ ՀՀ-ն միջամտում է Ռուսաստանի ներքին գործերին: Այլ հարց կլիներ, եթե Մոսկվան հանդես գար ինչ-ինչ պահանջներով, պայմաններ առաջ քաշեր:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ