Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
Հունվարի 1-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետը և հոգևորականաց դասն աղոթք է բարձրացրել առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության համար:
Նորին Սրբությունն ու եկեղեցականներն առանձնաբար այցելել են նաև ազգի հերոս զավակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղոթքը։