HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դավիթ Հարությունյան․ «Անվտանգությունը ունի թե՛ արտաքին, թե՛ ներքին կոմպոնենտ, և այդ առումով բանակի օգտագործումը թույլատրելի է»

Արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը չի ցանկանում խոսել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին՝ քանի որ «մեղադրանք առաջադրելու որոշմանը գնահատական տալու համար պետք է ծանոթ լինել որոշմանը»։

«Այդ որոշմանը ես ծանոթ չեմ, բայց իմ արձագանքը տվել եմ այն հաղորդագրությանը, որը օրեր առաջ Միքայել Հարությունյանի (Պաշտպանության նախկին նախարար) հետ կապված հրապարակվել է, գրեթե անփոփոխ նույնը հնչել է Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, այնտեղ ես իրավական հատված չեմ տեսնում։ Ի՞նչ է առկա մեղադրանքում, չեմ կարող պատասխանել, դրա համար ձեռնպահ կմնամ իրավական գնահատականից»,- խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը վկայի կարգավիճակով հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, և տեղում քննիչը նրան հայտնել էր, որ իր կարգավիճակը փոխվում է և նրան մեղադրանք էր առաջադրվել։ Այժմ դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանք ընտրելու միջնորդությունը։

Հարցին, թե արդյոք իր համար մտահոգի՞չ է այն փաստը, որ նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել, Հարությունյանն արձագանքեց՝ ծայրաստիճան մտահոգիչ է, ինչի համար բազմաթիվ պատճառներ կան։

«Կարծում եմ՝ եթե լուրջ իրավական փաստարկներ լինեին, ապա դրանք պետք է ներկայացված լինեին նաև հաղորդագրության մեջ, ինչը չէր պարունակում իրավական տարրեր։ Օրենքի սխալ մեկնաբանություններ եմ տեսնում, մի պարզ օրինակ՝ խոսում են, որ բանակը կարող է օգտագործվել անվտանգության հարցերով, գոնե ինձ մոտ այն տպավորություն է ստեղծվել, որ նյութի հեղինակները ենթադրում են, թե անվտանգությունը միայն արտաքին սպառնալիքներին է վերաբերում։ Իրականում դա այդպես չէ՝ բավական է խորանալ իրավունքի մեջ և պարզ կդառնա, որ անվտանգությունը ունի թե՛ արտաքին, թե՛ ներքին կոմպոնենտ, և այդ առումով բանակի օգտագործումը թույլատրելի է»,- ասում է նախկին նախարարը։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ցանկացած իրավաբան կարող է կարդալ արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքը, որն ընդունվել է 2012 թվականին, և վերջինս հնարավորություն նախատեսում է ԶՈՒ-ի օգտագործում արտակարգ դրության ժամանակ։ Դավիթ Հարությունյանը հիշեցնում է, որ այդ օրենքի նախագիծը Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունն է անցել, և որևէ առարկություն չի եղել։

Հարցին՝ նախկին նախագահին մեղադրանք առաջադրելով խախտվո՞ւմ է արդյոք Սահմանադրությունը և ո՞ր դեպքում կարող է պաշտոնաթող նախագահը պատասխանատվության ենթարկվել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց․

«Սահմանադրությունը հստակ նախատեսել է, թե հանրապետության նախագահը ինչպիսի լիազորություններ ունի, նաև թե ինչ գործիքակազմ ունի, որպեսզի իր լիազորությունները պատշաճ կատարի, արտակարգ դրություն հայտարարելը դա գործիքակազմ է, իսկ ինչի՞ համար է այդ գործիքակազմը տրված նախագահին, որովհետև նախագահի խնդիրների մեջ ամրագրված էր, որ նա պարտավոր է ապահովել  երկրի անվտանգությունը, և հենց այդ լիազորություններից բխող  ցանկացած գործողություն, այո, չի կարող հետագայում ենթադրել պատասխանատվություն այդ քայլերի համար։ Եթե դրանք չեն բխում նախագահի լիազորություններից, իհարկե կարող է պատասխանատվության ենթարկվել նախագահը, բայց դարձյալ իր պարտականությունները դադարեցնելուց հետո, իսկ այն ինչ բխում է նախագահի լիազորություններից, չի կարող պատասխանատվության ենթարկվել»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից արտակարգ դրություն հայտարարելուն՝  Դավիթ Հարությունյանն ասաց, որ ըստ իրեն իրավիճակն այնպիսին էր, որ արտակարդ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի։

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Իր ասած Վենետիկի թղթերով, սահմանադիր դատարանով, իրենց գրոտած «օրենքի» տառերով ու բառերով, իրենց «արհեստաշարժ» խելքով, իհարկե, քոչին փրկելու հազար ու մի պատճառ կարելի է գտնել: Սակայն խնդիրն այլ է: Տվյալ անձը ժողովրդի 99% - ի ընկալմամբ մարդասպան է, հայասպան: Նա պիտի իր արժանի համարվող պատիժն ստանա, դա ժողովրդի սպասելիքն ու պահանջն է, իսկ հարկավոր տառեր ու բառեր կգտնվեն, ինքը թող այդքան միամիտ չձեւանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter