Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Փարիզ, Սինգապուր, Լոնդոն. Հայաստանը ցուցահանդեսներում կներկայացնի զբոսաշրջային հնարավորությունները

Փարիզ, Սինգապուր, Լոնդոն. Հայաստանը ցուցահանդեսներում կներկայացնի 
զբոսաշրջային հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս տարի միջազգային երեք խոշոր զբոսաշրջային ցուցահանդեսում կներկայացնի մեր երկրի զբոսաշրջային հնարավորությունները, տուրփաթեթներն ու զարգացման ուղղությունները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանը,  առաջիկայում նախատեսում են մասնակցություն Փարիզի, Սինգապուրի, Լոնդոնի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին, որտեղ մեր պետությունը կներկայանա առանձին տաղավարներով: Անահիտ Ոսկանյանը նշեց, որ սովորաբար մասնակցության համար միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների ընտրությունը կատարվում է տուրօպերատորների հետ համատեղ աշխատանքով՝ առանձնացնելով առավել հետաքրքիր շուկաները:

«Միջազգային ցուցահանդեսներին հիմնականում ներկայացնում ենք տվյալ ժամանակաշրջանի համար ավելի ակտուալ տուրիստական արտադրանքը, ուղղությունները: Օրինակ ներկայացվում է Հայաստանի ամբողջական կերպարը, տուրիզմի ոլորտի նորարարությունները: Մեզ մոտ վերջին շրջանում արկածային տուրիզմն է ակտիվանում և որքան այլընտրանքային, հետաքրքիր տուրպրոդուկտ կա, փորձում ենք տուրօպերատորների միջոցով ներկայացնել: Ցույց տալ, որ Հայաստանը միայն պատմամշակութային ուղղվածության երկիր չէ»,-ասաց Անահիտ Ոսկանյանը:

Անահիտ Ոսկանյանը նշեց, որ միջազգային զբոսաշրջային զարգացման միտումների համաձայն, օրինակ, եվրոպական տարածաշրջանի տուրիստների 65 տոկոսը նախընտրում են էկոմիջավայրում հանգիստն անցկացնելը: Այսինքն՝ էկոզբոսաշրջությունն իր բոլոր ճյուղերով, լինի արշավային, թե ճամբարային, լեռնագնացություն, թե ժայռամագլցում, դրանք այսօր թրենդային են:

«Մեր երկիրն անսահման հնարավորություններ ունի դրանց հետ կապված, թեպետ, պետք է նշեմ, որ ենթակառուցվածքները մի քիչ թույլ են: Ամեն դեպքում, տարեցտարի բարելավում նկատվում է: Այդ ուղղություններով ավելանում են և՛ ներդրումները, և՛ հետաքրքրությունները»,-ասաց նա:

Վերջին տարվա արդյունքները դիտարկելով՝ Անահիտ Ոսկանյանը նշեց, որ ամենից շատ զբոսաշրջիկներ Հայաստան գալիս են Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, եվրոպական երկրներից: Անահիտ Ոսկանյանի խոսքով, տարեցտարի Հայաստան եկող զբոսաշրջիկների աշխարհագրությունն է ընդլայնվում: Վերջին շրջանում զբոսաշրջային ակտիվություն նկատվում է Չինաստանից, Սինգապուրից:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]