211652_close_icon
views-count769 դիտում article-date 19:37 07-12-2022

Երևանը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելությունը շարունակելու ԵՄ երկրների պատրաստակամությունը

Հայաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային կառույցների դիտորդական առաքելության ներկայությամբ և ողջունում է ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը՝ շարունակել առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Կառավարության անդամների հետ  ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը խնդրեց, որպեսզի ԱԳ նախարարը իր գնահատականը տա ԵՄ դիտորդական առաքելության գործունեության և դերի մասին՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը խոսել է դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին։

«Մենք այս հարցով, եթե կհիշեք, դիմել էինք տարբեր կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին։ Այս ընթացքում նաև ԵԱՀԿ-ից առաքելություն եկավ և այն արդեն ավարտվել է։ Այս պահին դեռ ընթանում է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը, ժամկետը չի ավարտվել։ Այն կավարտվի դեկտեմբերի 19-20-ին։ Ես ողջունում եմ ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը՝ շարունակել առաքելությունը և շարունակել պահպանել ներկայությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարի կարծիքով՝ միայն չեզոք դիտորդների և մոնիթորինգային առաքելության ներկայությունը կունենա Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի հետագա սրման կանխարգելիչ նշանակություն։

Նմանատիպ նյութեր