Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԱՄՆ դեսպան․ Իշխանության այսպիսի չարաշահումը մնում է Հայաստանի ամենամեծ մարտահրավերը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

ԴԵՍՊԱՆ ՄԻԼՍԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

– Բարև Ձեզ, Ձերդ գերազանցություն: Շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար: Նախ՝ խնդրում եմ պատմել Հայաստանում Ձեր երեք տարվա դիվանագիտական գործունեության մասին՝ որպես դեսպանի: Ի՞նչ տպավորություններ եք ստացել մեր երկրից, հայաստանցիներից: Փոխե՞լ եք արդյոք ինչ-որ բան Ամերիկայի, ամերիկյան կյանքի և քաղաքականության մասին հայերի պատկերացումներում:

– Նախ՝ շնորհակալ եմ, Արամ, այս հնարավորության համար: Ինձ համար ուրախալի է առիթ ունենալ խոսելու և հաղորդակցվելու ձեր լսարանի հետ, որն իմ կարծիքով՝ ամենատեղեկացված և ակտիվ լսարաններից է Հայաստանում: Հետադարձ հայացք նետելով Հայաստանում իմ պաշտոնավարման երեք տարիներին՝ ես տեսնում եմ բազմաթիվ ձեռքբերումներ, որոնց հասել ենք ես և իմ թիմը: Հավանաբար գիտեք, որ այս երեք տարիների ընթացքում մենք չորս գերակա ուղղությունների շուրջ ենք կենտրոնացրել մեր աշխատանքները, և այդ շարքում առավել մեծ կարևորություն ունեցող գործոնը, որը կարևորվել է Հայաստանի կառավարության և գործարար համայնքի կողմից, Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային և գործարար կապերի խորացումն ու ամրապնդումն է: Եվ ես ուրախ եմ, որ այս երեք տարիների ընթացքում մենք տեսել ենք, որ Հայաստանում ավելացել են ամերիկյան ներդրումները, ավելացել է երկկողմ առևտուրը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, որը 2009թ. անկում էր ունեցել, և միայն անցած տարվա ընթացքում ավելի քան 35 տոկոս առևտրաշրջանառության աճ է գրանցվել մեր երկու երկրների միջև:

Մյուս առաջնահերթությունը՝ աջակցել այն մարդկանց, այն «ձայներին» քաղաքացիական հասարակության մեջ, գործարար շրջանակներում և կառավարությունում, որոնք ուզում են պայքարել կոռուպցիայի դեմ, որը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում՝ բոլոր երկրներում, և կարծում եմ, որ հիմա այս խնդիրն ավելի շատ է քննարկվում, և քաղաքացիական հասարակությունն ու կառավարությունը ավելի մեծ ուշադրություն են դարձնում կոռուպցիայի դեմ պայքարին: Եվ սա շատ դրական երևույթ է: Բայց ընդհանուր առմամբ ես և իմ թիմը ամենաշատը հպարտ ենք նրանով, որ վերջին երեք տարիներին երկկողմ հարաբերությունները խորացել են նաև ժողովրդական (people to people) մակարդակում: Ավելի շատ ամերիկացիներ են այցելում Հայաստան: Ավելացել է Միացյալ Նահանգներում ուսանող Հայաստանի քաղաքացիների թիվը մեր ծրագրերի և մասնավորապես FLEX ծրագրի շրջանակում, երբ ավագ դպրոցի աշակերտներն են մասնակցում: Այնտեղ նրանք սովորում են, ծանոթանում Միացյալ Նահանգներին, բայց նաև ամերիկացիներն են ծանոթանում Հայաստանին և ավելի շատ բան իմանում այն արժեքների մասին, որոնք մենք կիսում ենք:

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

– Ի՞նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար: Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը, որն արդեն բարձր պաշտոն էր զբաղեցնում պետքարտուղարությունում, մի անգամ ասաց, որ Միացյալ Նահանգները ցանկանում է օգնության տրամադրման վրա հիմնված երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ զարգացնել՝ հասնելով առևտրային համագործակցության վրա հիմնված հարաբերությունների:

Այո, նախկին դեսպան Հեֆերնը շատ դիպուկ է նկարագրել մեր նպատակը: Մենք ցանկանում ենք փոխակերպել հիմնականում օգնության տրամադրման վրա հիմնված հարաբերությունները՝ դրանք վերածելով հարաբերությունների, որոնց հիմքում երկկողմ առևտրային կապերն են: Ինչպես արդեն նշեցի՝ մենք ունենք առաջընթաց այս հարցում: Երբ նայում ենք վիճակագրությանը, տեսնում ենք առևտրաշրջանառության, օտարերկրյա ներդրումների ավելացում, և Միացյալ Նահանգների կողմից կատարված երեք խոշորագույն ներդրումներից երկուսը կատարվել են վերջին երկու տարիների ընթացքում: Բայց դուք ճիշտ եք, որ անելիք դեռևս շատ կա: Թե՛ մենք և թե՛ Հայաստանի կառավարությունը դեռևս անելու շատ բան ունենք, որպեսզի մեր հարաբերությունները առևտրային, տնտեսական ոլորտներում առավել խորանան:

Եվ ես ուզում եմ նշել՝ կարևոր է, որ կառավարությունը Հայաստանում խաղի հավասար կանոններ ապահովի բոլոր գործարարների համար՝ լինեն նրանք ամերիկացի, եվրոպացի, ռուս, թե չինացի: Ես անկեղծ կլինեմ՝ մինչ օրս, երբ ամերիկացի ներդրողը կամ գործարարը գալիս է դեսպանատուն՝ քննարկելու հնարավոր ներդրումը կամ առևտրային գործարքը Հայաստանում, առաջին հարցը, որ նա տալիս է ինձ, հետևյալն է՝ կարո՞ղ եմ համոզված լինել, որ իմ հանդեպ կլինի արդարացի և հավասար մոտեցում: Եվ կարծում եմ՝ սրա գաղտնիքն այն է, որ Հայաստանն ունենա ազատ, արդար և անկախ դատական համակարգ, անկախ դատավորներ, որոնք կարող են արդար վճիռներ կայացնել: Եվ ես շատ ուրախ եմ, որ վարչապետի կողմից, ինչպես նշվել է մեր զրույցներում, այս հանգամանքը ևս կարևորվում է, և նա գիտակցում է անկախ դատարանի կարևորությունը ամերիկյան գործարարների և ներդրողների համար: Եվ դա նրա կողմից իրականացվող բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկն է: Այդ բարեփոխումները միտված են մրցունակության բարձրացմանը և Հայաստանում ազատ, արդար, մրցակցային միջավայր ձևավորելուն:

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՑԱՎՈՏ ՏԵՂԸ»

Եվ կրկին գալիս ենք զսպման և հակակշիռների մեխանիզմի ստեղծման խնդրին, մի համակարգ, որն իմ կարծիքով՝ ամերիկյան ժողովրդավարության մեծագույն ձեռքբերումներից է և շատ լավ օրինակ այլ երկրներին: Հայաստանն ունի պետական ինստիտուտներ, բայց դրանք լավ չեն գործում, անկախ չեն, իշխանության ճյուղերն, ըստ էության, տարանջատված չեն: Ինչպե՞ս կարելի է լուծել այս խնդիրը, որպեսզի խորհրդարանը, դատական համակարգը և մյուս հաստատությունները կախված չլինեն կառավարությունից, պետության ղեկավարից:

– Համամիտ եմ ձեզ հետ, որ ամերիկյան ժողովրդավարության կարևորագույն ձեռքբերումներից մեկը զսպումների և հակակշիռների մեխանիզմի ձևավորումն է: Կոնգրեսը գործում և զսպում է նախագահի իշխանությունը, նախագահը գործում և զսպում է դատարանների իշխանությունը, դատարանները զսպում և հակակշռում են թե՛ Կոնգրեսին և թե՛ նախագահին: Սակայն մեր ժամանակներում՝ 21-րդ դարում, ժողովրդավարության կարևորագույն բաղադրիչն ու զսպման մեխանիզմը ազատ, ակտիվ քաղաքացիական հասարակությունն է, ինչպես նաև ազատ և անկախ մամուլը: Իսկապես սա հայկական ժողովրդավարության ցավոտ տեղերից մեկն է՝ զսպումների և հակակշիռների սեփական համակարգը ձևավորելու և իշխանության թևերը տարանջատելու առումով: Աշխատանքն այս ուղղությամբ դեռևս շարունակվում է: Բայց հուսադրող է այն փաստը, որ Հայաստանն ունի շատ ակտիվ և կենսունակ քաղաքացիական հասարակություն և ազատ մամուլ: Նաև տեսնում եմ, որ ավելի շատ քաղաքացիներ են մասնակցում քաղաքական գործընթացներին իրենց գյուղերում, մարզերում, և սա ևս շատ կարևոր գործոն է ժողովրդավարության համար:

ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

– Կոռուպցիան հիմնական խնդիրներից մեկն է, որի մասին Դուք բարձրաձայնել եք Հայաստանում Ձեր դիվանագիտական առաքելությունը սկսելուց անմիջապես հետո: Օրինակ, իմ կարծիքով՝ հնարավոր չէ հասնել լուրջ հաջողության կոռուպցիայի դեմ պայքարում՝ առանց ունենալու իսկապես ժողովրդավարական իշխանություն, առանց իշխանության փոփոխության ընտրությունների միջոցով և իշխանության լեգիտիմության շատ ամուր պաշարի: Ինչպե՞ս Դուք կբնութագրեք կոռուպցիան և դրա դեմ պայքարը: Այս տարիների ընթացքում որևէ առաջընթաց գրանցվե՞լ է:

Դուք ճիշտ եք՝ հիմնական առաջնահերթություններից մեկը, որ ես հռչակեցի Հայաստան ժամանելուց հետո, աջակցելն էր Հայաստանում այն մարդկանց, ովքեր փորձում են պայքարել կոռուպցիայի դեմ: Դեսպանատունը տարբեր մեխանիզմներ ունի այդ աշխատանքների իրականացման համար: Դրանցից են, այո, ֆինանսավորել քաղաքացիական հասարակության այն խմբերին, որոնք աշխատում են այս խնդրի վրա: Մենք նաև մարզում, սովորեցնում ենք լրագրողներին հետաքննել կոռուպցիոն գործարքները, կարդալ բանկային հաշիվները և հետևել դրամական հոսքերին: Մեր գործունեության մյուս ուղղությունը աշխատանքն էր կառավարության, այն պաշտոնյաների հետ, ովքեր լծված էին կոռուպցիայի դեմ պայքարի գործին և ցանկանում էին փոփոխություններ իրականացնել համակարգում: Այդ պատճառով մենք որոշեցինք աջակցել հակակոռուպցիոն խորհրդին, որը ձևավորվեց նախորդ վարչապետի ղեկավարության ներքո, և մենք ուզում էինք տեսնել, թե այդ խորհուրդը կլինի՞ արդյունավետ: Մենք ի սկզբանե ասել էինք, որ եթե խորհրդի աշխատանքներն արդյունք չտան, մենք կդադարեցնենք մեր աջակցությունը: Եվ պիտի ասեմ, որ առաջին հարցերից մեկը, որ մենք քննարկել ենք վարչապետ Կարեն Կարապետյանի հետ իր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, վերաբերում էր հակակոռուպցիոն խորհրդի աշխատանքին, և երկուսս էլ համաձայնեցինք, որ խորհուրդն այնքան արդյունավետ չէ, որքան ուզում էինք, ուստի հակակոռուպցիոն խորհրդի համար նախատեսված միջոցները վերաուղղորդեցինք այլ նպատակների:

Բայց ինձ թվում է, որ անհրաժեշտ է նախևառաջ հստակեցնել, սահմանել, թե ինչի մասին ենք խոսում, երբ անդրադառնում ենք կոռուպցիայի խնդրին: Կարծում եմ՝ մենք հասել ենք էական առաջընթացի մի ոլորտում, և դուք կարող եք ուղղել ինձ, եթե սխալվում եմ: Դա այսպես կոչված՝ պետական, առօրյա մատուցվող ծառայությունների ասպարեզում կոռուպցիայի կրճատումն է: Սրանք այն ծառայություններն են, երբ մարդիկ դիմում են, օրինակ, վարորդական վկայական ստանալու, կենսաթոշակի, դպրոցի հետ կապված հարցերով: Կարծում եմ՝ այս ուղղությամբ քաղաքացիական հասարակության, կառավարության ջանքերով, Միացյալ Նահանգների և միջազգային հանրության այլ անդամների աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել դրական տեղաշարժեր արձանագրել:

Կոռուպցիայի այն տեսակը, որն առավել մտահոգիչ է, և որը հետ է պահում ամերիկյան ներդրողներին, այն կոռուպցիան է, որի հետևանքով փակվում են շուկաները, ձևավորվում է անարդար մրցակցություն: Դա այն է, երբ տնտեսական, քաղաքական կապեր ունեցող ազդեցիկ մարդիկ ծառայեցնում են իրենց հնարավորություններն ու լծակները իրենց շահերին, և արդյունքում ստեղծվում է անարդար միջավայր, չեն հաստատվում խաղի հավասար պայմաններ: Կարծում եմ՝ կոռուպցիայի այս դրսևորումն ու իշխանության այս տեսակ չարաշահումը շարունակում են մնալ Հայաստանի ամենամեծ մարտահրավերը և ամենամեծ խոչընդոտը բացելու երկիրը առևտրի և ներդրումների համար:

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌՋԵՎ ՉԻ ԿԱՆԳՆԵՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

– Եկեք անցնենք մեկ այլ կարևոր թեմայի՝ միջազգային իրադրությանը և հնարավոր ազդեցությանը մեր տարածաշրջանի և Հայաստանի վրա: Ի՞նչ վիճակում են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունները: Ամերիկյան պատժամիջոցներ, «կրեմլյան ցուցակ», որոշ հայ օլիգարխներ այդ ցուցակում: Այս պատժամիջոցները կարո՞ղ են բացասաբար ազդել Հայաստանի վրա:

Նախ՝ շնորհակալ եմ այս հարցը բարձրացնելու համար, որովհետև կարծում եմ՝ Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունները միջազգային ամենակարևոր հարցերից են, և դրանք իսկապես ազդում են Հայաստանի վրա: Նախագահ Թրամփը դեկտեմբերին հրապարակված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ շատ հստակ գնահատական է տվել Ռուսաստանին՝ նշելով, որ մենք դիտում ենք Ռուսաստանը որպես մարտահրավեր նետող պետություն, որը փորձում է հետ մղել ամերիկյան ազդեցությունը աշխարհում: Այս երկիրը ագրեսիվ, ապակայունացնող գործողություններ է իրականացրել ոչ միայն Սիրիայում, այլև Եվրոպայում: Ռուսաստանի ներխուժումը Վրաստանի տարածք, Ուկրաինայի հողերի բռնազավթումը թերևս ամենավտանգավոր սպառնալիքներն են եվրոպական անվտանգության համար Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Միաժամանակ, սակայն, նախագահ Թրամփը հստակեցրել է, որ մենք կարող ենք աշխատել և կաշխատենք Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որտեղ ունենք ընդհանուր շահեր և նպատակներ: Նման ոլորտներից մեկը Մինսկի խմբի գործընթացն է՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մինսկի խմբի համանախագահները շարունակում են շատ լավ աշխատել միմյանց հետ, և երկու երկրները կարողանում են համագործակցել այս խնդրի շուրջ:

Ուզում եմ նաև շեշտել այն հանգամանքը, որ չնայած ներկայիս խնդիրներին և դժվարություններին Միացյալ Նահանգներ-Ռուսաստան հարաբերություններում՝ Միացյալ Նահանգների կառավարությունը հասկանում է, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա Ռուսաստանի հետ տնտեսական, դիվանագիտական, մշակութային և այլ ոլորտներում: Մենք երկընտրանք չենք առաջադրում Հայաստանին, չենք ասում, թե պետք է ընտրություն կատարել մեր և Ռուսաստանի միջև: Մենք ասում ենք, որ հարաբերությունները Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Եվրամիության հետ չեն հակասում միմյանց: Միացյալ Նահանգների նպատակն այն է, որ Հայաստանը կարողանա ինքնիշխան որոշումներ կայացնել այն մասին, թե ինչպես պիտի զարգանա հետագայում քաղաքականապես, ինչպես պիտի զարգացնի իր տնտեսությունը, ում հետ պիտի ունենա ռազմական հարաբերություններ: Մենք ուզում ենք օգնել ձեզ լինելու այնքան անկախ, որպեսզի ինքնուրույն կայացնեք ձեր որոշումները:

Ավարտելով միտքս՝ ուզում եմ ասել, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից սահմանված պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի վատ պահվածքի դեմ՝ Ուկրաինայում նրա ագրեսիայի, Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին և Եվրոպայում մեր դաշնակիցների ընտրություններին միջամտելու պատճառով: Ձեր կողմից նշված ցուցակում, որը պատրաստվել է Կոնգրեսի պահանջով, ներառված են այն անհատները, օլիգարխները, պաշտոնյաները, որոնք ներկայացնում են պարոն Պուտինի մերձավոր շրջապատը: Եվ սա զգուշացում է բոլոր նրանց համար, ովքեր երբևէ կարող են գործ ունենալ Ռուսաստանի կառավարության, ռուսական կազմակերպությունների հետ: Ես, իհարկե, չեմ կարող երաշխիքներ տալ ապագայի համար, բայց եթե հետագայում այդ կառույցներից որևէ մեկի հետ գործարքներ լինեն, հնարավոր է նաև պատժամիջոցների կիրառում:

ԶԵՆՔ ՄԻ՛ ՎԱՃԱՌԵՔ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻՆ

– Հայ, ռուսաստանցի և ամերիկացի փորձագետները վերջին շրջանում քննարկում էին այն հարցը, թե Ռուսաստանի ռազմարդյունաբերական ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները կազդե՞ն այլ երկրներին և մասնավորապես մեր տարածաշրջանի երկրներին ռուսական զենքի մատակարարումների վրա: Միացյալ Նահանգներն ունի՞ նման կոնկրետ նպատակ՝ սահմանափակելու Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումները Հայաստանին և Ադրբեջանին և այդպիսով խթանելու խաղաղության գործընթացը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ:

Դուք ճիշտ եք: Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պարունակում են նման դրույթ, որ դրանք կարող են տարածվել այն կառավարությունների կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք զգալի քանակությամբ  զենք և զինամթերք ձեռք կբերեն ռուսական աղբյուրներից: Այս դրույթների պահանջները, թե կոնկրետ ի՞նչ է նշանակում «զգալի» կամ «էական քանակություն» (significant amount), դեռևս շարունակում է քննարկվել և գնահատվել ԱՄՆ պետքարտուղարության և գանձապետարանի իրավաբանների կողմից, ուստի կարծում եմ՝ դեռ շատ վաղ է ենթադրություններ անել այն մասին, թե այս դրույթն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանից զենք գնող կառավարությունների կամ կազմակերպությունների համար: Ավարտելով պատասխանս՝ պիտի ասեմ, որ ճիշտ եք՝ Ռուսաստանը զենք է վաճառում թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրներին, օրինակ՝ Թուրքիային:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությանը, ապա Միացյալ Նահանգների քաղաքականությունն ու ուղերձը բոլորին (ներառյալ Ռուսաստանը) այն է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը նպաստելու լավագույն մոտեցումը հակամարտության կողմերին զենք չվաճառելն է: Տարածաշրջանի երկրներին զենք մատակարարելը չի նպաստում լարվածության թուլացմանը: Պատժամիջոցներով թե առանց պատժամիջոցների, մեր դիրքորոշումը մնում է նույնը՝ զենք մի՛ վաճառեք որևէ կողմին:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ

– ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018թ. զեկույցում նշել է, թե լարվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2018 թվականին կարող է վերաճել լայնածավալ պատերազմի: Ինչպե՞ս կգնահատեք բանակցային գործընթացը ներկա պահին: Տեսնո՞ւմ եք արդյոք պատերազմի վերսկսման վտանգ:

Նախևառաջ պիտի նշեմ, որ աշխատանքները Մինսկի խմբի շրջանակներում շարունակվում են ինտենսիվ կերպով, և Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին: Նախորդ ամսվա սկզբին համանախագահները տարածաշրջանում էին: Նրանք հանդիպումներ ունեցան Երևանում, Ստեփանակերտում, Բաքվում: Ավելի վաղ հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, այնպես որ՝ ուշադրությունը բանակցությունների նկատմամբ պահպանվում է:

Հետախուզական ծառայության հաշվետվությունը, որը դուք հիշատակեցիք, քաղաքականություն մշակողների համար նախատեսված փաստաթուղթ է, որտեղ ներկայացված է, թե որ տարածաշրջաններում կարող է լինել հակամարտության բռնկում, ինչպիսի զարգացումներ կարող են լինել աշխարհում, որոնք կարող են ազդել ամերիկյան ազգային անվտանգության և միջազգային խաղաղության վրա: Ցավոք, վերջին երկու տասնամյակների ընթացքում Լեռնային Ղարաբաղը մշտապես հիշատակվում է որպես բռնության և պատերազմի բռնկման հնարավոր աղբյուր: Ուստի զեկույցում տեղ գտած այս գնահատականի ուղերձը Վաշինգտոնի քաղաքականություն մշակողներին, որոշում կայացնողներին, Միացյալ Նահանգների համանախագահին և ինձ այն չէ, թե կան պատերազմի վերսկսման նոր գործոններ: Պարզապես ևս մեկ անգամ վերահաստատվում է այն փաստը, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է մնալ շատ կարևոր հարց, որը պետք է ուշադրության կենտրոնում լինի:

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԽՐԱԽՈՒՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

– Եվ վերջին հարցը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Հայաստանի նախագահն ամիսներ առաջ հայտարարել էր, որ մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց հայ-թուրքական արձանագրությունների: Մոտ ապագայում Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման, հաշտեցման նոր գործընթաց սկսելու ինչ-որ հեռանկարներ կա՞ն:

– Մենք ծանոթ ենք նախագահ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը կարող է դուրս գալ 2009թ. ստորագրված արձանագրությունների գործընթացից: Բայց Հայաստանի նախագահը հրապարակային ելույթների ընթացքում և մեզ հետ մասնավոր հանդիպումների ժամանակ հստակ նշել է, որ Հայաստանը շարունակում է բաց մնալ հաշտեցման հետագա հնարավորությունները դիտարկելու հարցում՝ առանց նախապայմանների, եթե այդպիսի կամք դրսևորվի Թուրքիայի կողմից: Մենք կշարունակենք խրախուսել երկու կողմերին, որպեսզի հաշտեցման եզրեր գտնեն միմյանց հետ: Դա բխում է ինչպես Հայաստանի և Թուրքիայի, այնպես էլ ամբողջ կովկասյան տարածաշրջանի շահերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում