211652_close_icon
views-count3433 դիտում article-date 22:34 26-01-2019

Նիկոլ Փաշինյան. Մեր երկրի շուրջ քաղաքական առումով ձևավորված է պոզիտիվ մթնոլորտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Վարչապետը նախ ներկայացրել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքները, այնուհետև անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացքին: Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է քննարկել, թե ինչ ընթացիկ ներդրումային ծրագրեր կան և ինչ վիճակում են դրանք, ինչ ունենք անելու ծրագրերը կյանքի կոչելու համար: Այս թեման կարևոր է Դավոսի համաժողովին մեր պատվիրակության մասնակցության ֆոնին: Ուզում եմ ասել, որ Դավոսում մենք մի շարք միջազգային գործընկերների, կորպորացիաների և ընկերությունների ներկայացոցիչների հետ ունեցանք հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ: Կարևոր է, որ այդ պայմանավորվածություններն ընթացք ստանան: Մասնավորապես, «Մարիոթ» ընկերության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հաստատվեց, որ 2019 թվականի ընթացքում Երևանում «Մարիոթ»-ի կառավարման ներքո գտնվող ևս մեկ հյուրանոց կբացվի: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարի հետ պայմանավորվեցինք, որ նրանք առաքելություն կուղարկեն ՀՀ՝ քննարկելու, թե ինչ ոլորտներում նրանք կարող են ներդրումներ իրականացնել և Հայաստանին ցուցաբերել աջակցություն: eBay ընկերության ներկայացուցիչների հետ քննարկեցինք այն խնդիրները, որոնք ՀՀ քաղաքացիներն ունենում են eBay-ից գնումներ կատարելիս: Պայմանավորվեցինք, որ այդ հարցը նրանք կքննարկեն և լուծումներ կգտնենք: ՎՏԲ բանկի հետ, ինչպես գիտեք, աշխատում ենք Թեղուտի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը հասնելու համար: Լեհաստանի վարչապետի հետ ունենք պայմանավորվածություն, որ մեր երկրների էկոնոմիկայի նախարարները կաշխատեն և կփորձեն դուրս բերել այն կոնկրետ ոլորտները, որտեղ լեհական ներդրումները կարող են օգտակար լինել: Սինգապուրի փոխվարչապետի հետ ունեցանք խոսակցություն, որը կապված է, մասնավորապես, ավիափոխադրումների հետ: Նախնական պայմանավորվածություն կա, որ Սինգապուրի կառավարությունն աջակցություն ցուցաբերի Երևանի բուսաբանական այգու վերականգնման ուղղությամբ, որովհետև գիտեք, որ Սինգապուրում աշխարհահռչակ բուսաբանական այգի կա: Սինգապուրի փոխվարչապետն, ըստ էության, տեղում հաստատեց, որ կարող ենք այդ հարցը լուծված համարել, մնում է, որ Երևանի քաղաքապետարանը Բնապահպանության նախարարության հետ կոնկրետ նախագիծ ներկայացնի: Շվեյացրիայի նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց, ըստ որի՝ շվեյցարական կողմը ջրային ռեսուրսների կառավարման առումով աջակցություն կցուցաբերի մեր երկրին, որովհետև այդ առումով Շվեյցարիան գտնվում է բարձր մակարդակի վրա»: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ղեկավարի հետ քննարկել է Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների հետ կապված հարցերը: «Գյումրիի օդանավակայանի հետ կապված իրենք սպասում են մեր որոշումներին, որպեսզի ամբողջ թափով շարունակեն ներդրումային ծրագիրը: Գյումրիի օդանավակայանի շուրջ շեշտը դրվելու է բյուջետային ավիաընկերությունների վրա: ՎԶԵԲ-ի հետ խոսակցությունը վերաբերում էր փոքր և միջին բիզնեսի համար մատչելի վարկային միջոցներ ներգրավելու գործընթացին: «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նրանք առաջարկեցին, որպեսզի Հայաստանում նույնպես նմանատիպ հիմնադրամ ստեղծվի՝ հետագա արդյունավետ համագործակցության համար, որը հետաքրքիր առաջարկ է և պետք է քննարկենք: Մենք հանդիպումների ընթացքում բոլոր գործընկերներին հրավիրել ենք մասնակցելու բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր երկրի շուրջ քաղաքական առումով ձևավորված է պոզիտիվ մթնոլորտ, ինչը պետք է կարողանանք օգտագործել տնտեսական առումով կոնկրետ արդյունքներ ունենալու համար»,- ասել է վարչապետը: Այնուհետև քննարկվել են էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, առողջապահության, գյուղատնտեսության, դեղագործության, շինարարության, ենթակառուցվածքների ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերը: Անդրադարձ է կատարվել ներդրումային տարբեր հայտերի շրջանակում պետական գույքի տրամադրման պայմաններին, պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր