Վարդանյան. Արցախը 10 մլն հայի հիմնախնդիրն է

Վարդանյան. Արցախը 10 մլն հայի հիմնախնդիրն է

PanARMENIAN.Net - ԱՀ նախկին պետնախարար, «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ Արցախը ոչ միայն արցախցիների, ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլև 10 միլիոն հայերի հիմնախնդիրն է։

«Անցյալ շաբաթ Երևանում կայացավ Համահայկական առաջին քաղաքացիական համաժողովը։ Համաժողովի 200 մասնակիցներն ընտրվել էին թափանցիկ վիճակահանությամբ և ներկայացուցչական ընտրանքի մեթոդով ՀՀ-ից, Արցախից ու Սփյուռքից նախապես գրանցված հազարավոր հայրենակիցներից՝ պայմանավորված սեռատարիքային, կրթական և բնակության վայրի ցուցանիշներով: Այդ մասին հայտնում է ։

Ցավոք, ընտրված մասնակիցներից մի քանիսը, Արցախում տիրող ճգնաժամի պատճառով, հնարավորություն չունեցան մասնակցելու դեմ առ դեմ ձևաչափով։ Նրանք հնարավորություն ունեցան քննարկելու «Ապագա հայկականը» նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստանի և Սփյուռքի միասնություն», «Բնակչության աճ»։

Եռօրյա քննարկումների ընթացքում վեհաժողովի մասնակիցները կիսվել են ավելի քան 2 000 դիտարկումներով ու մտահոգություններով, ներկայացրել տասնյակ ծրագրային առաջարկներ և քվեարկությամբ սահմանել դրանց իրականացման առաջնահերթությունները։

Այսպիսով, «Ապագա հայկականը» ձևավորել էր մի հարթակ, որտեղ աշխարհասփյուռ հայության ամենատարբեր ներկայացուցիչներն ուսումնասիրեցին, քննարկեցին և ընտրեցին փորձագիտական գնահատում անցած սցենարներն ու ծրագրերը՝ միահամուռ ուժերով սահմանելով ապագայի իրենց տեսլականը: Համաժողովի յուրաքանչյուր օր ավարտվում էր առաջարկների և նախաձեռնությունների վերաբերյալ քվեարկություններով:

Առաջին օրվա քվեարկության արդյունքներով՝ Արցախը ոչ միայն արցախցիների, ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ ամբողջ 10 միլիոն հայերի հիմնախնդիրն է: Այսպես է կարծում «Ապագա հայկականը» համաժողովի մասնակիցների, փորձագետների մեծ մասը: Հարցն այն է՝ արդյո՞ք Արցախի մեր հայրենակիցները զգում են այդ ուժն ու աջակցությունը, տեսնում են, որ չնայած շրջափակմանը՝ իրենց հետ են Հայաստանը և Սփյուռքում գտնվող հայերը»,-նշել է նա:

Վարդանյանը նշել է նաև, որ շրջափակման ավելի քան 90 օրը պարզ ցույց տվեց, որ Արցախում ստեղծված իրավիճակը միայն հայերին չէ, որ մտահոգում է, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրող, տարբեր ազգություններ ներկայացնող բազմաթիվ մարդիկ փորձում են աջակցել Արցախին: Նա կարևորել է, որ այդ աջակցությունը միս ու արյուն ստանա՝ դառնալով առարկայական քայլեր ու նախագծեր։

«Տարանջատել, ասել՝ սա արցախցի է, սա՝ հայաստանցի, սա լիբանանահայ է, ճիշտ չէ։ Այս իրավիճակում մենք բոլորս արցախցի ենք, որովհետև շրջափակումը վերաբերում է ոչ միայն 120 հազար մարդու, այլև մեր հայկական ոգուն, մեր լինել չլինելուն, մեր ազգային արժանապատվությանը։ Հայկական ԴՆԹ-ն պահպանելու ամենակարևոր հարցերից մեկն է կանգնած մեր առաջ: Սա մեզ համար պատմական ու ճակատարգրական պահ է:

Ուրախալի է, որ այդ կարծիքը գերիշխել է քննարկման ժամանակ, բայց մյուս կողմից ամենօրյա գործնական քայլեր են պետք։ Սփյուռքում, Հայաստանում, Արցախում պետք է ամեն ինչ արվի, որ մենք կարողանանք համագործակցության այդ մոդելն իրականացնել ոչ միայն խոսքով, այլև գործով»,-նշել է Վարդանյանը։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---