«Ես Չարենցավանը վարակի օջախ չէի անվանի։ Երկու դեպք է գրանցվել, որոնց հետ կոնտակտ ունեցած բոլոր անձինք մի քանի ժամվա մեջ մեկուսացվել են։ Չարենցավան քաղաքում լայնածավալ ախտահանման աշխատանքներ են իրականացվում, ախտահանվում են փողոցները, հրապարակները, վարչական շենքերը, տարածքներ, որտեղ մարդկային մեծ հոսքեր կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է։
Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ մարզային բուժհաստատությունները լիարժեք պատրաստ են այս ռեժիմին աշխատելուն և պատվով կատարում են իրենց աշխատանքը։
Մարզպետն ընդունեց, որ այս ճգնաժամով պայմանավորված՝ տնտեսական կորուստներ կկրեն, բայց այս պահին դեռ վաղ է հաշվարկներ կատարել հնարավոր վնասների մասով։ «Բայց համաշխարհային տենդենցներից ելնելով՝ կարող ենք ասել, որ մենք չենք կարող համաշխարհային կոնտեքստից կտրվել և առանձին ռազմավարություններ իրականացնել»,- ասաց մարզպետը։
Անդրադառնալով հարցին՝ ճգնաժամային իրավիճակում մարզում ձեռնարկված «քաղաքական ախտահանման» աշխատանքները կշարունակվե՞ն, թե՞ ոչ, Պետրոսյանը պատասխանեց. «Քաղաքական ախտահանումը դեռևս խիստ անհրաժեշտ է մեր մարզում, բայց երբ ազգային անվտանգության մակարդակի հարց կա, հայտարարված է արտակարգ դրություն, ապա քաղաքական գործընթացները սառեցվում են, դրվում են մի կողմ, և համախմբում է հարկավոր։ Այս պահին քաղաքական ախտահանման մասին խոսք լինել չի կարող, այս պահին կարող ենք խոսել միայն կենսաբանական ախտահանման մասին։ Պատվով երկիրը դուրս բերենք այս վիճակից, ապա նոր քաղաքական ախտահանման ուղղությամբ աշխատանքները կշարունակենք»։