211652_close_icon
views-count3554 դիտում article-date 16:53 29-06-2020

Մինչև տարեվերջ գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նպաստի իրավունքից կօգտվի մոտ 7 հազար շահառու

Գյուղական բնակավայրերում բնակվող անձանց համար մինչև երեխայի 2 տարին լրանալը խնամքի նպաստի իրավունք սահմանելն ուղղված է ժողովրդագրական իրավիճակի բացասական միտումները մեղմելուն: «[url=https://armenpress.am/arm/news/1019949.html]Արմենպրես[/url]»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ նպաստը հատկացվելու է անկախ ծնողի աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից: «Նպաստը լինելու է 26 հազար 500 դրամի չափով: Ասեմ, որ աշխատող ծնողի պարագայում երեխայի խնամքի նպաստի չափը ևս ավելանում է հուլիսի 1-ից՝ դառնալով 26 հազար 500 դրամ: Ստացվում է, որ եթե գյուղական բնակավայրում ապրող ծնողը նաև աշխատում է, ապա նա երեխայի նպաստ կստանա կրկնակի չափով, այն է՝ և՛ որպես աշխատող ծնող, և՛ որպես գյուղական բնակավայրում ապրող»,- ասաց Սմբատ Սաիյանը: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում հուլիսի 1-ից: Մինչև տերեվերջ երեխաների նպաստի համար նախատեսված է 450 մլն դրամ: Խիստ նախնական հաշվարկներով մոտ 7 հազար շահառու կօգտվի այս իրավունքից: 2021 թվականին ամբողջ տարվա համար այս ծրագրով անհրաժեշտ կլինի 4 մլրդ դրամ: «Ասեմ, որ օրենքով սահմանված պարտադիր պահանջ է, որպեսզի ծնողը և երեխան հաշառված լինեն գյուղական բնակավայրերում և երեխան փաստացի բնակվի գյուղական բնակավայրում»,- ասաց նախարարի տեղակալը: Փոփոխություն է կատարվել խնամքի նպաստի համար դիմելու ժամկետի հետ կապված: Մասնավորապես, գործող կարգով, եթե ծնողը դիմում է նպաստի համար, և այն փոխանցվում է բանկ, ապա մեկ տարվա ընթացքում պետք է մոտենա և ստանա: Եթե մեկ տարվա ընթացքում չի ստանում, ապա կորցնում է նպաստի իր իրավունքը: Փոփոխության համաձայն, երեխայի նպաստը կվճարվի, եթե ծնողը կրկին դիմում ներկայացնի: Այս փոոխությունն ունի հետադարձ ուժ: Նախկինում նման խնդրի առաջ կանգնած անձինք ևս կարող են դիմել: Մեկ այլ փոփոխության համաձայն, խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանվել է 12 ամիս: Վերանայվել է նաև չվճարված խնամքի նպաստի վճարման պայմաններն ու կարգը: «Գործող օրենսդրության համաձայն, եթե խնամքի նպաստը նշանակվել է և չի վճարվել, ապա դա վճարվում է դիմելու օրվանից նախորդող վեցամսյա ժամանակահատվածի համար: Այսինքն, եթե խնամքի նպաստի իրավունքը տրվել է, սակայն վճարը ստանալու համար ինչ-ինչ պատճառներով դիմել է մեկ տարի անց, ապա, միևնույն է, վճարվում էր վեց ամսվա համար: Այս փոփոխությամբ կվճարվի դիմելուն նախորդող ամբողջ ժամանակահատվածի համար: Եթե, իհարկե, դիմումը ներկայացվել է մինչև երեխայի 3 տարին լրանալը»,- ասաց Սմբատ Սաիյանը:

Նմանատիպ նյութեր