×


«Սեւակը լողանալու ժամանակ չունեցավ, որ ծխի հոտն անցներ:)». Անդրե Սիմոնյան

Չեղարկված համերգներ, հետաձգված ծրագրեր, փոխարենը՝ մեկուսացում եւ նոր ստեղծագործություններ՝ ահա այսպես են անցնում «The Beautified Project» ռոք-խմբի վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանի կարանտինային օրերը Լոնդոնում: Խմբի երկրպագուներն արդեն երեք տարի է՝ սպասում էին մենահամերգի, եւ ապրիլի 6-ին կարծես իրականանալու էր թե՛ նրանց, եւ թե՛ խմբի անդամների ցանկությունը: Սակայն կորոնավիրուսի տարածումը պատճառ դարձավ համերգի չեղարկման, եւ բոլոր նրանք, ովքեր արդեն տոմսեր էին գնել, ստիպված էին դրանք վերադարձնել: Արդյո՞ք նոր համերգ կկազմակերպվի, այլ ի՞նչ ծրագրեր են հետաձգվել այս ընթացքում, եւ թե ինչպես են Սեւակ Ամրոյանի հետ որոշել տեսահոլովակ նկարահանել, Անդրեն պատմել է BRAVO.am-ին:

«Ապրիլը բավական բուռն էր լինելու մեզ համար, քանի որ մենք պատրաստվում էինք մեր խմբի 15-ամյակին նվիրված համերգ ունենալ երեք տարվա դադարից հետո: Երեք տարբեր երկրներից հավաքվելու էինք «The Beautified Project»-ի բոլոր անդամներով: Երկար ժամանակ է՝ պատրաստվում էինք, քանի որ երեք տարի չնվագելուց հետո ես վերհիշում էի երգերի բառերը, երաժիշտներն՝ ամեն մեկն իր անելիքը: Մեր համերգից մոտ տասն օր առաջ էլ տեղի էր ունենալու «Adana Project» խմբի ալբոմի համերգ-շնորհանդեսը, որը նույնպես չեղարկվեց: Եվ այդպես ամեն ինչ հետաձգվել է անորոշ ժամանակով, քանի որ հստակ չգիտենք, թե երբ կնահանջի Covid-19-ը, բացի այդ էլ, «The Beautified Project»-ի դեպքում մի քիչ բարդ է նորից համերգի օրը հարմարեցնել խմբի բոլոր անդամների հետ: Բայց համերգն անպայման լինելու է, ուղղակի չեմ կարող ասել՝ երբ»,- հստակեցրեց Անդրեն:


Նա նշեց, որ այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում, քանի որ մինչ կպատրաստվեր Հայաստան գալ, թռիչքները չեղարկվել են, եւ ինքը մնացել է ծնողների հետ: Ասաց՝ նույնիսկ ուրախ է այդ առիթով, քանի որ վերջապես հնարավորություն ունի երկար ժամանակ անցկացնել հարազատների հետ: Ինչ վերաբերում է ազատ ժամանակ ստեղծագործելուն, ապա երաժիշտը պատմեց, որ «The Beautified Project»-ի գործունեության դադարից հետո որոշ ժամանակ ինքն էլ էր դադար առել ու երգեր չէր գրում, զբաղված էր իր զուգերգերի ալբոմով: Բայց այժմ նորից սկսել է ստեղծագործել. «Այս պահին միայն երգեր գրելով եմ զբաղված, դեռ տրամադրված չեմ ստուդիա մտնել, համբերատար աշխատել, ձայնագրել, գործիքավորել այդ երգերը: Այնպես որ, առայժմ միայն ինքս եմ վայելում իմ նոր գրած երգերը, մինչեւ տեսնենք՝ ինչ կլինի ապագայում»:

Ապրիլի 26-ին Անդրե Սիմոնյանն ու Սեւակ Ամրոյանը միասին նոր տեսահոլովակ ներկայացրին՝ «Իմ խաղաղ երեկոն է հիմա» երգի հիման վրա: Ինչպես պարզվում է, Անդրեն ու Սեւակը տասը տարուց ավելի է՝ միմյանց ճանաչում են. ծանոթացել են 2009 թվականին՝ «Հայ Սուպեր Սթար 4» նախագծի շրջանակում, այդ ժամանակվանից մտերիմ ընկերներ են: Անդրեն պատմեց, որ միշտ ցանկացել են միասին մի որեւէ ժողովրդական-ռոք գործ թողարկել, բայց մինչ այդ որոշել են Վահան Տերյանի բանաստեղծություններից մեկի հիման վրա գրված երգի իրենց տարբերակը ներկայացնել: «Իմ խաղաղ երեկոն է հիմա» երգի երաժշտության հեղինակը Լեւոն Բարսեղյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գեւորգյանը: Հոլովակում արտիստներին նվագակցում է կիթառահար Պատրիկ Ավետիսյանը:



«Վահան Տերյանն իմ ամենասիրելի պոետներից է, շատ եմ սիրում նրա արվեստը, այն թախծոտ ոճը, որով նա գրում էր: Միշտ պատկերացնում էի, որ այս երգը կարելի է կատարել տղերքով՝ խարույկի մոտ նստած: Սեւակին առաջարկեցի այդ միտքը, նա էլ համաձայնեց, եւ այդպես նկարեցինք՝ որպես պաշտոնական հոլովակ: Այդ ընթացքում ես ընդամենը մեկ օր ժամանակ ունեի Հայաստանում, Սեւակն էլ առավոտյան նկարահանումներից հետո երեկոյան պիտի մեկներ Լոս Անջելես: Մինչ նրա մեկնելը մենք հասցրինք գնալ անտառ, երկու ժամում նկարահանել այս տեսահոլովակը, որից հետո Սեւակն անմիջապես գնաց օդանավակայան: Նույնիսկ ժամանակ չուներ տուն գնալ, լողանալ, որպեսզի այդ ծխի հոտն անցներ (ժպտում է,- հեղ.): Բայց շատ հաճելի է, որ այդքան տաքուկ, մտերմիկ ու պարզ տեսահոլովակ է ստացվել, ինչի համար շնորհակալ եմ Մարիամ Գեւորգյանին, հպարտ եմ, որ Հայաստանում առաջին անգամ հենց ես եմ աշխատել նրա հետ շատ տարիներ առաջ ու դեռ շարունակում եմ մինչ օրս»,- անկեղծացավ Անդրեն:



Ի դեպ, օրերս «The Beautified Project»-ի յութուբյան ալիքում թողարկվեց «Երկու տուն ունիմ» երգի տեսահոլովակի նոր տարբերակը, որը նկարահանված է ուղղահայաց ձեւաչափով: Անդրեի խոսքով՝ շատ ավելի հարմար է հենց այդ ձեւաչափով դիտել տեսանյութերը, երբ օգտվում ենք «YouTube»-ի բջջային հավելվածից. հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց 70 տոկոսը սմարթֆոնով է մուտք գործում յութուբյան հարթակ: Երգիչն ասաց նաեւ, որ իրենք առաջինն են Հայաստանում, որ ուղղահայաց ձեւաչափով հոլովակ են թողարկել: Այդ գաղափարի հեղինակը ռեժիսոր Մարիամ Գեւորգյանն է, հենց նա է առաջարկել երկու տարբերակով նկարահանել տեսահոլովակը: Առաջին տարբերակը շատ ավելի վաղ էր հրապարակվել, այդ մասին BRAVO.am-ն արդեն պատմել է իր ընթերցողներին: Իսկ դուք մեկնաբանություններում կարող եք կիսվել տպավորություններով ու նշել, թե որ ձեւաչափը ձեզ ավելի դուր եկավ:):

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անդրե Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին